Պաշտպանում են ղարաբաղցիներին
Օրերս Ղարաբաղում էին գտնվում «REGNUM-Նովստի» ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը և «Քվորում» ժողովրդավարական գործընթացների դիտարկման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Կոչետկովը: ԼՂՀ արտգործնախարարության շենքում հրավիրված կլոր սեղանին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, հանրապետության արտաքին գերատեչության դիվանագիտական կորպուսի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մոդեստ Կոլերովը նշեց, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդրում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, սակայն ռուսների մեծամասնությունը համակիր է Լեռնային Ղարաբաղի պայքարին: Նրա խոսքերով, հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքներով, ռուսների մոտավորապես 65 տոկոսը պաշտպանում է ղարաբաղցիներին:
Ինչ վերաբերում է իրեն, ապա, իր խոսքերով, ինքը մշտապես հանդես է եկել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության օգտին: Միաժամանակ նա դեմ է արտահայտվում հակամարտության կարգավորման գործընթացի տեմպերի արհեստական արագացմանը, հատկապես այն համատեքստում, երբ կարգավորումը մատուցվում է որպես նախնական պայման տարածաշրջանային այլ գործընթացների, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացման համար: Կոլերովի կարծիքով, դա որոշակի սպառնալիքներ է պարունակում:
«Բոլոր ազգերը հավասար են, բայց յուրաքանչյուր ազգի ճակատագիրը յուրահատուկ է, և չի կարելի մի ագի ճակատագիրը փոխել մեկ այլ ազգի ճակատագրի հաշվին»,- նշել է նա` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղն անկասկած կայացած պետություն է, սակայն նրան անհրաժեշտ է ակտիվացնել իր գործունեությունն արտաքին ոլորտում, մասնավորապես` փորձագիտական մակարդակով ապահովել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային միջոցառումներին:
«Քվորում» կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Կուչետկովը նշեց, որ աշխարհում քիչ գիտեն ղարաբաղյան հակամարտության էության մասին: Նրա խոսքերով` Ադրբեջանը հսկայական միջոցներ է հատկացնում քարոզչական նպատակների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել