
35-ամյա Անժելա Պետրոսյանը հավաքարար է աշխատում Շուշիի «Բարեկարգում» ՓԲԸ-ում: Նրա օրը սկսվում է Շուշիի փողոցներից մեկի որոշակի հատվածն ավլելով: Ամուսինը՝ Միքայել Օգանովը նույն հիմնարկում ջրամատակարար-պահակ է: Երեք երեխա ունեն: Կինն ամսական ստանում է 27 հազար, իսկ ամուսինը` 30 հազար դրամ: Երիտասարդ ընտանիքի եկամուտին ամեն ամիս գումարվում է նաեւ 11 տարեկան Ադրինեի նպաստը` 15 հազար դրամ:
Արդեն երրորդ ամիսն է այս ընտանիքը ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ Միքայելն աշխատավարձ չի ստանում: «Այո, նույն ընկերությունում ենք աշխատում, բայց աշխատողների մի մասն աշխատավարձն ավելի ուշ է ստանում, ասում են` «խոզրաշյոտ» է»,-ասում է Անժելան: Նա պատմում է, որ գիշերները չի կարողանում քնել, անընդհատ մտածում է, թե որ մեկի պարտքը փակի, կամ ինչպես անի, որ երեխաները սոված չմնան:

Բնիկ շուշեցի Անժելան ծնողների եւ հարազատների հետ 1988-ի մայիսին 24-ամյա եղբոր` Վիտալիկի մահից հետո (նրան, ինչպես քույրն է պատմում, ծեծելով սպանել են ադրբեջանցիները) ստիպված է եղել թողնել իրենց տունը եւ տեղափոխվել Ստեփանակերտ:
«Վիճակս շատ ծանր է, պարտքերի մեջ խրված, տան պայմանները` վատ, չգիտեմ թե ինչպես եմ դուրս գալու այս վիճակից»,-ասում է նա` նշելով, որ մոտ 400 հազար դրամի պարտք ունեն, որը նման ընտանիքի համար շատ մեծ գումար է:
Երիտասարդ ընտանիքի տան պատուհանների մի մասը պոլիէթիլենով է ծածկված, սենյակների պատերը սեւացած: Կենցաղային տեխնիկայից միայն վերջերս ապառիկով գնած կիսաավտոմատ լվացքի մեքենան է: Անժելան ասում է, որ ամսական 3400 դրամ է ապառիկի գումարը, որ դեռ մեկ տարի էլ պետք է մուծեն: Հեռուստացույց, սառնարան ունենալը ընտանիքի համար դեռ երազանք է:
«Նույնիսկ պահարան չունենք, որ երեխաների շորերը տեղավորեմ»,-ասում է երեք երեխայի մայրը` ցույց տալով տուփերի մեջ դասավորված մանկական շորերը: Գազ էլ չունեն` 64 հազար դրամ պարտքի պատճառով անջատել են:
Բայց տան տիկնոջն այնքան չեն մտահոգում պահարանը, կենցաղային տեխնիկան եւ մյուս հարցերը, որքան պարտքերը. պարտք են ոչ միայն ծանոթներին, այլ որոշ խանութների, որտեղից ուտելիք են գնել:
«Ինչ անենք, երեխաներին ոնց բացատրենք, որ փող չունենք, հո սոված չենք թողնելու, բայց արդեն հնարավոր չէ: Էնօրը գնացել եմ, որ հաց առնեմ պարտքով` խանութի աշխատողն ասել է, որ պարտքդ մինչեւ չբերես ապրանք չենք տալու: Որ ամուսինս աշխատավարձը ստացած լիներ, գոնե մի կերպ խանութի պարտքերը կփակեինք ու էլի կվերցնեինք պարտքով, բայց չի ստացել: Ես որ բողոքում եմ` ինձ պատասխանում են, որ քո աշխատավարձը տվել ենք ու դու գործ չունես, իսկ ամուսինս էլ` չի բողոքում, ընդհանրապես բնավորությամբ բողոքող չի»,-ասում է Անժելան:
Իսկ ինչու Միքայելին եւ նրա որոշ գործընկերներին աշխատավարձ չեն տալիս: «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը հաստատեց, որ նման բան կա եւ հավաստիացրեց, որ այդ հարցը ներկայումս քննարկվում է:

Երեխաների մորը մտագոհում էր նաեւ այն, որ մեծ աղջիկը` Աստղիկը, այս տարի պետք է դպրոց հաճախի, ու նրա համար հագուստ, պայուսակ եւ գրենական պիտույքներ գնելու համար էլ ստիպված կլինեն պարտք անել: Երբ ասացի, որ պետությունը յուրաքանչյուր առաջին դասարան հաճախողի 20 հազարական դրամ է տրամադրում`Անժելան շատ ուրախացավ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել