Բողոքարկումները՝ հօգուտ դիմորդի
Հանրապետությունում ձևավորված 22 քննակենտրոնում այսօր կայացած «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը մասնակցում էր 4723 շրջանավարտ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետևում էր Արմավիրի թիվ 1 և թիվ 6 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում։
Մինչ քննությունների մեկնարկը, քննակենտրոնների ղեկավարները շրջանավարտներին բացատրեցին քննության ընթացակարգը, ծանոթացրին ձևաթղթերի լրացման կարգին, ապա ծնողների ներկայությամբ բացվեցին թեստերի ծրարները, և քննությունները մեկնարկեցին։
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, պատասխանելով բակում հավաքված ծնողների հարցերին, ներկայացրեց մայրենիի և մաթեմատիկայի քննությունների բողոքարկման հանձնաժողովների որոշումները։ Մաթեմատիկայի քննական թեստում 1 միավոր հօգուտ դիմորդի հաշվարկելով՝ անբավարար ստացած շրջանավարտների թիվը էապես նվազում է՝ 27%-ից հասնելով շուրջ 20-ի։ Միջին միավորի շեմը «Մաթեմատիկայից» 10,8 է, առավելագույն՝ 17.5-20 միավոր ստացել է շրջանավարտների 5.18%-ը։ 20 միավոր վաստակել է երկու դիմորդ։
Ծնողներից մեկի հարցին, թե որքանով է պահպանվել հավասարության սկզբունքը, եթե մեկ լրացուցիչ միավոր տրվել է միայն այն դիմորդներին, որոնք առաջադրանքը չեն լուծել կամ սխալ են լուծել, այն դեպքում, երբ իր երեխան ճիշտ է պատասխանել բոլոր չորս առաջադրանքներին, նախարարը պատասխանեց, որ խիստ ողջունելի է, որ կան նման գիտելիքներ ունեցող երիտասարդներ, բայց տվյալ դեպքում որոշում կայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նշված առաջադրանքները եղել են ծրագրային նյութի շեմին և խոչընդոտ են հանդիսացել դիմորդի համար: Ուստի, որոշում է կայացվել հօգուտ դիմորդի և նրանց թույլատրվել է շարունակել քննական մարաթոնը:
Ծնողներին առավելապես հուզող հարցերից էր նաև քննությունների համար սահմանված ժամանակը։ Ի պատասխան նրանց պնդումներին, թե այն այս տարի շատ է կրճատվել, նախարարը պարզաբանեց, որ քննությունների տևողությունը սահմանվել է՝ հաշվի առնելով ինչպես նախորդ տարիների փորձը, այնպես էլ ուսումնական տարվա ընթացքում իրականացված փորձնական քննությունները։
«Որքանո՞վ կարող ենք վստահ լինել բանավոր քննությունների օբյեկտիվությանը» ծնողների հարցին` Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ամեն ինչ արվելու է դրանց օբյեկտիվությունն ու թափանցիկությունը ևս ապահովելու համար։ Ինչպես ամեն տարի, բանավոր քննություններին դուք դարձյալ կարող եք հետևել տեսախցիկների միջոցով։ Իսկ հաջորդ տարի կաշխատենք, որ այդ ձայնագրությունները տեղադրվեն նաև ինտերնետում»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել