HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թ. Մանասերյան. «Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է` հասնելով 3 մլրդ դոլարի»

t_manaseryan-250509«Տարբեր կանախատեսումներ կան ֆինանստատնտեսական ճգնաժամի հետ կապված, բայց Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մի մասնիկ, այնուամենայնիվ, կարող է տնտեսության զարգացման իր ինքնուրույն ճանապարհն ունենալ` հաշվի առնելով համաշխարհային փորձը»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանը: Նա ճգնաժամն անվանեց ֆինանսական համաճարակ, որը տարբեր իմունային համակարգ ունեցող ազգային տնտեսություններին տարբեր հարվածներ է հասցնում: Սակայն, նրա կարծիքով` մենք մեր ճանապարհն ունենք անցնելու և լրիվ պատկերացում չենք կազմել մեր ամբողջ տնտեսական կարողության մասին: «Ես չեմ բացառում, որ անշարժ գույքի գները շարունակելու են անկում ապրել` գոնե Արևմուտքում: Մեզ մոտ լճացում կա, բայց բոլորին հայտնի է, որ մենք ունենք նաև մեր պարադոքսները, և ճգնաժամի փուլում անգամ գները կարող են լրիվ այլ լինել: Բայց Արևմուտքում տնտեսական օրինաչափությունները շարունակվում են, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս անկումը կշարունակվի: Բնակչության կողմից էլ իրարամերժ կարծիքներ կան այս առնչությամբ: Կարծում եմ` պետք է ռեալիստ լինենք. ճգնաժամը նույն օրինաչափություններով շարունակվում է: Որպես տնտեսագետ` կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, ճգնաժամի վատագույն շրջանը կլինի 2010 թ. կեսերին կամ  ավարտին, և այնուամենայնիվ պայմանավորելով Արևմուտքի ընդհանուր վիճակի բարելավման հետ` ես կասեի, որ մեր տնտեսությունը կարող է և պետք է զարգանա իր օրինաչափություններով»,-ասաց նա: Որքանո՞վ են վարկային միջոցներն իբրև ճգնաժամերի կանխման միջոց հանդիսանում: Թ. Մանասերյանն առավել կարևորում է ներքին ներդրումները, որովհետև արտաքին ներդումները քաղաքականացված բնույթ են կրում: Իսկ վարկային ռեսուրսների հարցում շատ կարևորում է մինչվարկային ռեսուրսներ ստանալը, ունենալ հստակ պատկերացում` ո՞ր ուղղություններով են ծախսվելու այդ ռեսուրսները: «Թե ի՞նչ արդյունք ենք ակնկալում դրանից, և արդյո՞ք տոկոսները, որոնք մենք պետք է վճարենք հաջորդ տարիներից, չեն հակակշռում այն պարտավորություններին, որոնք մենք պետք է կատարենք: Վարկային ռեսուրսները շատ կարևոր են, թող կարծիք չստեղծվի, թե մենք պետք է դրանցից հրաժարվենք: Բայց մենք պետք է հստակ իմանանք դրա արդյունավետ օգտագործման եղանակները»,- ասաց նա: Հայաստանն իր աճող տնտեսությամբ, Թ. Մանասերյանի համոզմամբ, կարող է հաղթահարել ճգնաժամը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ծրագիր մշակում, ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, ինչ թափանցիկությամբ են որոշումներ կայացվում: Տնտեսագետն այս հարցում լավատես է: Հայաստանի արտաքին պարտքը, տնտեսագետի պնդմամբ, եթե նախկինում 1,5 մլրդ դոլար էր, ապա ներկայումս այդ թիվը կրկնապատկվել է` կազմելով 3 մլրդ դոլար: «Այն համաձայնագրերը, որոնք պաշտոնապես արդեն կնքվել են Հայաստանի պետության և  Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Ռուսաստանի կառավարության հետ, արդեն կրկնապատկվել է, 3 միլիարդի է հասել պարտքը: 1,5 միլիարդից ավելի են արդեն նոր վարկերի պայմանագրերը, մեր արտաքին պարտքը թույլատրելի սահմանը տնտեսական անվտանգության աղյուսակով արդեն անցել է, բայց ես անձամբ այդ հարցում մտահոգություն չունեմ, դա որպես սպառնալիք չեմ դիտում, եթե, իհարկե, ճիշտ օգտագործվի: Մենք այս պահին  ունենք 10 միլիարդից ավելիի կարիք` Հայաստանն առողջացնելու ու առաջ տանելու համար: Ճգնաժամը ոչ միայն աղետ է, այլև շանս է: Հայության համար տնտեսական ճգնաժամը շատ լուրջ շանս է առաջ գնալու համար»,- ասաց նա: Կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագրի դրույթները, տնտեսագետի խոսքով, շատ են տարբերվում արվող քայլերից: «Արվածը շատ հեռու է իմ սպասելիքներից: Ես մնում եմ այն համոզման, որ մասնագիտական թիմ պետք է ձևավորվի, որը լավ պատկերացնում է` ինչ բեռ է վերցնում իր ուսերին, լավ ճանաչում է Հայաստանը, նաև լավ պատկերացում ունի համաշխարհային տնտեսության մասին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter