Սեփական արժանապատվության զգացումից դրդված
Արամ Մաթևոսյան
Կապիտալիզմն ու աղքատությունը անբաժանելի են իրարից: Եթե կա սեփականատեր, ապա, անշուշտ, կա դրա կողքին կա նաև սեփականազուրկ: Զարգացած երկրի ունևորի խնդիրն աղքատությունը վերացնելն է: Քաղաքակիրթ ունևորը վաղուց հասկացել է, որ աղքատ միջավայրում հարուստ ապրելը վտանգավոր ու անցանկալի է: Նա, ելնելով սեփական անվտանգությունից, անում է ամեն ինչ, որ իր միջավայրն աղքատ չլինի:
Իհարկե, կարելի է զենք ու զորք պահել և վերահսկել ճնշած չունևորին: Բայց տևականության մեջ խմորվում է անտեսանելի մի ուժ, առաջ է գալիս անհասկանալի մի պահ, ու ամբոխներն անկառավարելի ավերում ու քանդում են հարուստի ստեղծած ժառանգությունը:
Ավերում են նյութականը, ավերում են հոգևորը: Պատմականորեն վտանգների միջով անցնելով` քաղաքակիրթ ունևորը հասկացել է, որ պիտի ձևավորի բարեկեցիկ, առողջ միջավայր: Հետխորհրդային կապիտալիզմը պարունակում է նույն վտանգը, ինչ առհասարակ կապիտալիզմը: Հայկական կապիտալիզմի վտանգավորությունն էլ առավել ևս սաստկանում է այն ներքին յուրօրինակությամբ, որ հայ ունևորը ժառանգական չտես է:
Բնականոն ֆորմացիաների միջով անցած ժողովուրդները, ճիշտ է` զարգանում են ցնցումներով: Բայց վերնախավը մի ֆորմացիայից մյուսին անցում կատարելու ժամանակ պահպանում է ավանդական բարձրորակ տեսակը: Արիստոկրատը մնում է արիստոկրատ աղքատության մեջ էլ, ահավասիկ: Մենք` հայերս, պատմականորեն չենք անցել զարգացման ֆորմացիաների միջով:
Լինելով պետականությունից զուրկ` վեր ենք ածվել էթնիկ կցորդի: Եթե մեր ապրած տեղում եղել է ֆեոդալիզմ, ապա մենք ապրել ենք ստրկատիրության մեջ, եթե եղել է կապիտալիզմ` ապա մենք ապրել ենք ֆեոդալիզմի մեջ: Այդպիսին է էթնիկ կցորդի կարգավիճակը. ապրել հեգեմոն էթնոսից մի աստիճան ցածր ֆորմացիայի մեջ: Ասվածը հանրային կյանքի զարգացման ցածր աստիճանների վրա գտնվող ժամանակների մասին է ավելի շատ թերևս: Բայց հիմա էլ հետխորհրդային Ռուսաստանում կա այդ երևույթը թաքնված: Թերի զարգացած երկրներում կարելի է հանդիպել իրար հետ զուգահեռ գոյատևող զանազան ֆորմացիաների:
Որքան էլ տարօրինակ է, պետականություն ձեռք բերելով` մենք նոր ժամանակներ մուտք չգործեցինք: Հայկական նոր պետական միտքը այսօր էլ թափառում է Ռուսաստան- Թուրքիա կայսերական հին քառուղիներում: Իհարկե, թուրքական տարբերակը պատմականորեն ջնջվեց թուրք էթնոսի գործած արարքի պատճառով: Հիմա արվում են իմիտացիոն քայլեր Թուրքիայի հետ մերձեցման ուղղությամբ, ինչը ոչ մի, նույնիսկ միջակ վերալուծաբանի չի կարող գցել թյուրիմացության մեջ: Հայաստանը Թուրքիայի հետ էլ ճանապարհ չունի գնալու: Հայ թուրքական հարաբերությունները հեռանկար չունեն:
Ունևորի մակարդակով մի գուցե ստացվի մի բան տալ ու առնել, բայց չունևորներին կապող բան դժվար թե գտնվի իրար նկատմամբ վստահությունը կորցրած էթնոսների միջև: Անվստահությունը խորն է, ժառանգական: Սպեկուլյատիվ, կեղծ հումանիստական զրույցներ են անում որոշ թուրք մտավորականներ, նոբելյան մի նոր մրցանակի ակնկալիքով: Վերջին հանրահավաքում համաժողովրդական շարժման առաջնորդը բավական հստակ շրջադարձ կատարեց դեպի Հյուսիս, ինչը կուժեղացնի դեպի Կոնգրես առողջ ուժերի հոսքը: Արևմտականության կեղծ քողը տեղին ու ժամանակին պատռեց նա, ընդսմին, դրանով հավաքականության համար տեսանելի դարձնելով այլ հենարանների ընտրության հեռանկարային դաշտը:
Լինելով հայ մշակութային ժառանգության ուղղակի կրողը` նա ճշգրիտ է գնահատում մեր մշակույթի տեղը եվրոպականում` արդարացիորեն առաջնությունը տալով պատմականորեն ավելի վաղ ձևավորվածին: Մի դիտողություն, մի շատ կարևոր հանգամանք ես փորձում եմ առաջ տանել իմ գրվածքներում, երևի ոչ այնքան հաջողված: Կոնգրեսականությունը բազմաշերտ է, բազմատարր: Կոնգրեսի առաջնորդակազմն իր կացութակերպով կտրված է այդ բազմատարր բուրգի հատակում հանգրվանած ծայրահեղ աղքատ հանրային խմբից:
Ուստի և Կոնգրեսի ամենակարևոր նպատակը պիտի լինի աղքատության վերացումը: Աղքատության դեմ պայքարում մեծ անելիք ունի փոքր ու միջին գործարարը: Կոնգրեսի առաջնորդակազմը պիտի փոքր ու միջին գործարարներով լցնի կոնգրեսականության մեջ առկա վակուումը: Բյուրգերական դասը պիտի ակտիվանա մի կարևր համազգային խնդրի շուրջ; Պիտի հասկանա միջին կենցաղով ապրող քաղքենին, որ ամոթ է իր համար այս մակարդակի աղքատ միջավայրում ապրելը: Իր փոքր եկամուտն ունեցող հայ մարդը պիտի հասկանա, որ կա այդ նվազագույնը կորցնելու մեծ վտանգ: Երեր բարեկեցությունը պիտի դնի հայ մարդը մի կողմ ու անվախ պիտի լծվի իր հայրենակցին քաղցի ձեռքից փրկելու մարդկային գործին:
Հայաստանը Երևանի կենտրոնը չէ միայն, հարգելիներս Այս խնդիրը պիտի դնի կոնգերասական ակտիվիստը: Կոնգրեսական միջին դասը իր վրա պիտի վերցնի շարժման հեգեմոնիան: Այդ դասը պիտի ազդի ինչպես վերևի, այնպես էլ ներքևի վրա:
Այդ դասը պիտի վերևի կենցաղակերպը իջեցնի ցած, ներքևի կենցաղակերպը` բարձրացնի ու հասցնի իր միջին կենսամակարդակին: Դա պիտի արվի արտադրության ու ֆինանսական միջոցների արդարացի ու թափանցիկ վերաբաշխման մեխանիզմների միջոցով: Կոնգրեսականությունը` որպես պետության մեջ պետություն, պիտի կարողանա իր տեսակով, իր նկարագրով տարբերվել ու դառնալ օրինակ ապագա կառույցի մարդու համար:
Շատ բան պետք չէ նոր կյանք ու կարգ հաստատելու համար: Ինքն իրեն աշխատանքով ապահոված հայ մարդուց պահանջվում են մի փոքր ջանք, ներքին ինքնադաստիարակություն, ու նա կունենա նորմալ, մարդավայել հանրային կյանք:
Պետության ղեկի առաջ կանգնածները հեռացել են ժողովրդից ու մինչև վերջ անհուսալիորեն թաթախվել են արատի մեջ: Ես համամիտ եմ հիմնադրի այն գնահատականի հետ, որ ժամանակը գործում է ի շահ շարքային մարդու:
Սա ճշմարիտ բացահայտում է այն առումով, որ գնալով ավելի շատ մարդ է համոզվում իշխանությունների անելանելի արատավորության մեջ: Եվ գնալով ավելի շատ կարգին մարդ կամավոր կընդգրկվի Կոնգրեսի կազմում, թեկուզ սեփական արժանապատվության զգացումից դրդված:
«Հետք»-ի ֆորումի մասնակից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել