
Սյունիքի մարզում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւները զգալի վնաս են հասցրել մարզի համայնքներին ու ենթակառուցվածքներին: Մասնավորապես, հունիսի 15-ի տեղումներից վնասվել է Իրան-Հայաստան նորակառույց այլընտրանքային ճանապարհի Կապան-Ճակատեն հատվածը: Մոտ 12 կմ ճանապարհ բանուկ չէ, քարերն ու հողաշերտերը լցվել են մայրուղին:
Ճանապարհը սպասարկող «Կապանճանշին» ընկերության աշխատակիցները վաղ առավոտվանից ձեռնամուխ են եղել մաքրման աշխատանքներին:
«Մեր միջոցները սուղ են, բայց եղածով աշխատում ենք հնարավորինս անել, որպեսզի ճանապարհը չփակվի»,-ասաց աշխղեկ Սերյոժա Օրբելյանը:
Ճանապարհի 8-րդ կմ հատվածն ընդհանրապես դժվարերթևեկելի է դարձել: Մեքենաները հազիվ էին անցնում այդ հատվածով: Ըստ աշխղեկի` ժամանակին, երբ կառուցվում էր ճանապարհը, ձեռնարկության մասնագետներն առաջարկել էին, որ ճանապարհը չանցնի սողանքային գոտում գտնվող այդ հատվածով: «Նախագծողները հաշվի չառան մեր առաջարկը, ու հիմա այս վիճակն է»,- ասա Սեյոժա Օրբելյանը:
Միջպետական մայրուղու այս հատվածի սողանքի ակտիվացոմից ճանապարհի մի մասը փլվել է:
Ճակատենցի Վիգման Աղայանի 6 հոգանոց ընտանիքը երկուշաբթի սարսափի մեջ էր: Անձրևաջրերը երեք ժամ շարունակ լցվել են նրանց տուն:

«Սարսափելի էր, մտանք տուն փակվեցինք, որպեսզի գոնե երեխեքը չտուժեն, բայց վախենում էինք, որ տունն էլ կքշի: Ամբողջը, ինչ ունեինք, ավերակ է դարձել»,- ասում է տանտիրուհին` Գրետա Ավետիսյանը: Նրանց 34 հավը մնացել է հավանոցում, նույնսիկ դուռը չեն կարողացել բացել դրսից: Հեղեղը լցվել է ավտոտնակը, որտեղ 300 լ դիզվառելիք կար ու 40 լ բենզին: Խոտհնձի համար էին պահեստավորել: «Լրիվ քշել` բոչկաներով տարել ա, բան չի մնացել»,- ասում է տիկին Գրետան: Վնասվել է նաեւ ջերմոցը:
«Ձմեռ, թե ամառ` մեր ապրուստի միջոցն էր, մոտ 1մլն դրամի եկամուտ էինք ունենում, դա էլ չի փրկվել, ինչ ենք անելու, ում ենք դիմելու»,- ասում է տանտիրուհին` սրբելով արցունքները:

Վիգման Աղայանը չի հիշում նման աղետ իրենց գյուղում: Բայց փառք է տալիս Աստծուն, որ զոհեր չունեցան: Դեպքի մասին ահազանգել է համապատասխան կառույցներին: «Բելառուս տրակտորն ա քշել տարել, էլ չեմ խոսում բերքի մասին, սաղ ավերվել է»,- ասում է Վ. Աղայանը:
Այստեղ էր տուժած ընտանիքի բարեկամուհին` Ջուլիետա Աղայանը: Չնայած անձրևներից նրա տունն էլ է վնասվել, բայց տիկին Ջուլիետան ավելի շատ մտածում է Վիգման Աղայանի ընտանիքի մասին:
«Կոպեկ-կոպեկ հավաքել են, վարկով-պարտքով գործ դրել, ջերմոց սարքել, ու հիմա ձեռնունայն են: Խնդրում եմ իշխանություններին օգնեն, ուրիշ ելք չի կարող լինել: Միայն աջակցության դեպքում կարող է մի բան ստացվել»,-ասում է տիկին Ջուլիետան:
«Մարզպետարանի հանձնաժողովը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը, կկազմվեն համապատասխան արձանագրությունները ու կներկայացվեն կառավարություն: Նշեմ, որ բավականին տուժել են միջպետական, ներհամայնքային ճանապարհները, վնասներ են հասցվել ցանքսերին»,- ասաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Անցած տարի մարզի համայնքները նույնպես տուժել էին բնական աղետից` երաշտից: Սակայն կառավարությունը ոչ մի փոխհատուցում չի տվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել