
Շաբաթ օրը` հունիսի 13-ին, մեծ մասշտաբի ռազբորկա է տեղի ունեցել հանրապետականներ, «Մաքս գրուպի» նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի միջև:
Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան Գյումրի-Երևան ճանապարհահատվածում գտնող «Նարեկ» հյուրանոցային համալիրում: Ըստ նախնական վարկածի` պատգամավորի և նորանշանակ մարզպետի միջև ընդհարման պատճառը եղել է «արա» արտահայտությունը, որով մի քանի անգամ Մանուկյանը Պանթեոնում դիմել է Սահակյանին հունիսի 12-ին` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը: Այդ արտահայտությունը դուր չի եկել Սահակյանին, որը վերոհիշյալ ռազբորկայի պատճառ է հանդիսացել:
Սակայն «ընտրյալների» միջև անհեթեթությունը սկիզբ է առել շատ ավելի վաղ և այլ աղբյուրից: Այդ մասին բարձրաձայն չեն խոսում: Իսկ մինչ այդ շրջանառվում են խոսակցություններ, թե «Նարեկ» համալիրում մարզպետի եղբայրը` Նաիրի Սահակյանը (ով, ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի ընկերն է եղել և իր եղբայր Սաքոյին ինքն է հասցրել նման դիրքի), միջադեպի ընթացքում ապտակել է Խաչիկ Մանուկյանին:
Սակայն պատգամավորը ոչ միայն տեղյակ չէր ապտակից, այլև առհասարակ միջադեպից, կրակոցներից և հավաքված պաշտոնատար-գործարար-կրիմինալ մասսայից: Նա այն աստիճանի է կորցրել հիշողությունը, որ ասել է, թե չի հիշում, որ ինքը ոչ պատշաճ արտահայտություն է թույլ տվել Սահակյանի վերաբերյալ և կարծիք է հայտնել, թե միգուցե մարզպետը երա՞զ է տեսել:
Հետաքրքիր մի հանգամանք ևս. դեպքի վայրում բավականին մեծ թվով մարդիկ են եղել, որոնցից մի քանիսը հրաժարվում են դրանից: Եթե տարածաշրջանի ԱԱԾ պետ Միհրան Դանիելյանը կարող էր ներկա գտնվել ի պաշտոնե, և դա չեն ժխտում համապատասխան մարմինները, ապա ոստիկաններն այս հարցում ևս զարմանալիորեն խուլ ու համր են գտնվել:
Որպես օրինական կրիմինալ երկրի ծառայողներ` նրանք ոչ միայն բախման վայրում չեն եղել (թեպետ ինֆորմացիա կա, որ այնտեղ են եղել թե' Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը, թե' նրա օպեր գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը), այլև առհասարակ ժխտում են նման միջադեպի գոյությունը: Մինչդեռ ի պաշտոնե ցանկացած դեպքի վայրում հենց ոստիկանների ներկայությունն է պարտադիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել