
Իշխանության հանրապետական վերնախավը հետևանողականորեն աշխատում է ԱԺ մի քանի դեռևս անկախ պատգամավորների ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմում ընդգրկելու ուղղությամբ, ինչի համար վերջիններիս արդեն բաժանվել են «պատրաստի դիմումներ»: Այս գործընթացը, սակայն, ՀՀԿ-ի համար դեռևս հաջողությամբ չի պսակվում, և Հրանտ Վարդանյանի որդուց` Կարեն Վարդանյանից բացի, այլ ստորագրողներ առայժմ չկան:
Անկախ պատգամավորների ՀՀԿ-ացումն այնքան էլ հարթ չի ընթանում, ինչը կանախելու համար ՀՀԿ-ն սկսել է այս գործընթացը: Բանն այն է, որ ՀՀԿ-ին զուգահեռ` անկախ, հիմնականում գործարար պատգամավորներին «վերբովկա անելու» ուղղությամբ աշխատում է նաև «Բարգավաճ Հայաստանը»:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանի հանդիպումների ժամանակ նշված պատգամավորներին և նրանց վրա ազդեցություններ ունեցող գործիչներին հարևանցիորեն փորձում է համոզել, որ այսպես շարունակվելու դեպքում կզրկվեն իրենց բիզնեսներից: Այս ուղղությամբ աշխատում են նաև ԲՀԿ մյուս անդամները, և այս կուսակցության «իդիոլոգները» և որպես վախեցնելու հիմնավորում` բերվում է հարկային վերջին փոփոխությունների օրինակը, որի ժամանակավոր կասեցումը այս «պրոյեկտի» հեղինակները կապում են Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերի հետ:
Մի խոսքով, այս ամբողջ խաղի իմաստն իշխանություններից դժգոհ, բայց դեռևս լծակներ ունեցող ուժերին ԲՀԿ-ի շուրջ հավաքելն է` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ծրագրի շրջանակներում:
Դրա «հրապարակայնացումը» նախատեսվում է առաջիկա աշնանը: ԲՀԿ-ամերձ աղբյուրները չեն բացառում անգամ, որ հնարավոր է`դա կատարվի Քոչարյանին ԲՀԿ պատվավոր նախագահ դարձնելու ճանապարհով, ինչը մի քանի ամիս առաջ նախատեված էր, բայց վերջին պահին տեղի չունեցավ:
Այսպիսով, ընդդիմադիր դաշտում միասնական պլատֆորմի շուրջ միավորվելու հեռանկարների մասին քննարկումներին զուգահեռ որոշակի գործընթացներ են տեղի ունենում նաև իշխանության վերնախավում: Եվ, ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ում վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, որոնց առանցքում կուսակցության հետագա դիրքորոշման հստակեցման հարցն է:
Բանն այն է, որ ՀՅԴ վերնախավում կան գործիչներ, ովքեր պնդում են, թե պետք է առժամանակ ընդդիմադիր կեցվածք ընդունած` սպասել ԲՀԿ-ի շուրջ ընթացող գործընթացներին և Վարդան Օսկանյանի հետ հարմար պահի միանալ «Քոչարյանի վերադարձը» օպերացիային: Որոշ ՀՅԴ-ականներ էլ գտնում են, որ վերջապես հնարավորություն են ստացել իրական ընդդիմության հետ միավորվելու միջոցով փրկել իրենց հեղինակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել