HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյան-Կորյուն գետնանցումի տնտեսվարողների վերջին հույսը Սերժ Սարգսյանն է

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,
Ձեզ են դիմում Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն գետնանցումում գործող թվով 34 տնտեսվարող սուբյեկտները, ովքեր քաջ գիտակցում են երկրում տիրող բարդ վիճակը և պատրաստ են Ձեզ թիկունք կանգնել բոլոր հարցերում:

Լիովին անհասկանալի է, որ համապետական ընտրությունների՝ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների նախաշեմին Ձեր ենթակա պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որ հերթով բոլորի մեջ առաջանան դժգոհություններ Ձեր և Ձեր կուսակցության նկատմամբ, և նրանք համալրեն Ձեր քաղաքական հակառակորդների բանակը:

Անկեղծ ասած, Ձեր ենթակաների գործողությունները խստորեն հակասում են աշխարհում ընդունված քաղաքական գործընթացների տրամաբանությանը: Ի՞նչ արտառոց իրադարձություն է տեղի ունեցել Երևան քաղաքում, որ այսքան տարիներ համբերելով՝ ընտրությունների նախաշեմին Ձեր ենթականերն իրենց չմտածված գործողություններով Ձեր դեմ են տրամադրում տասնյակ հազարավոր ընտրողների:

Հայաստանը մի բուռ երկիր է, և բոլորը գիտեն, թե սեփականաշնորհման գործընթացում ինչեր են տեղի ունեցել, և մեր սիրելի մեծահարուստներից ով քանի օբյեկտ է սեփականաշնորհել և ինչ խախտումներով: Մի՞թե, ամբողջ երկրի սեփականաշնորհման պրոցեսում մեր պապերի շինած երկրում մեր երեխաներին մի չնչին բան չի հասնում:

Այժմ Ձեզ ենք ներկայացնում մեզ հուզող կոնկրետ խնդիրը: Եթե Երևանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել Աբովյան-Կորյուն գետնանցումը, ապա բարոյական և տրամաբանական կլինի, որ այն ուղիղ վաճառքի ձևով վաճառվի այնտեղ 25 և ավելի տարիներ աշխատող տնտեսվարողներին:

Նշված տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ իրենք իրենց ուժերով վերանորոգել, բարեկարգել և պահել են նշված գետնանցումը, և չնայած նրան, որ այդ խնդիրները քաղաքային իշխանությունների ուղղակի պարտականությունն էին՝ նրանք, մեղմ ասած, միշտ իրենց «ձեռքերը լվացել» են այդ պրոբլեմից:

Հատկապես նշենք, որ այդ տարածքները նշված տնտեսվարողների հացի միակ աղբյուրն են և դրանք տալով մեր սիրելի մեծահարուստներից որևէ մեկին՝ նրանց թողնում ենք մի ճանապարհ՝ բռնել Ալթայի երկրամաս տանող ճանապարհը: Կամ այդ քայլով բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն ամենօրյա հացից:

Ուստի, խնդրում ենք Ձեր բարեհաճությունը՝ սատար կանգնելու մեզ, և եթե նշված գետնացման վաճառքի հարցն այդքան անխուսափելի է, ապա Աստվածահաճո Ձեր Բարձր կարգադրությամբ թող այն ուղիղ վաճառքի ձևով վաճառեն նշված տնտեսվարողներին, ովքեր հետագայում, քաղաքապետարանի առաջարկած պայմանների և նրա հետ կնքված պայմանագրերի համաձայն, կիրագործեն նաև նշված գետնանցումը բարեկարգ պահելու բոլոր խնդիրները:

Եթե Դուք էլ չընդառաջեք մեզ, ապա մեզ հստակ մնում է մի ճանապարհ՝ շուտափույթ լքել Հայաստանը կամ որոնել այլ ճանապարհներ:

Բաց նամակը ստորագրել է Աբովյան-Կորյուն գետնանցման թվով 34 տնտեսվարող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter