
Քաշաթաղի շրջանում կատարվել է 1540 հա գարնանացան, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսով: Այս մասին շրջխորհրդի օրերս կայացած նիստում հայտնել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռ. Նասիբյանը: Նա սակայն ավելացրել է, որ գարնանացանի հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը շրջանում բարձր չի լինում: Այդ առնչությամբ բազմիցս զգուշացվել են համայնքների ղեկավարներն ու հողի վարձակալները, տրվել են գործնական խորհուրդներ, սակայն փոփոխություն չկա:
Տարին, վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքերով, նպաստավոր չէր. ցրտերին ու կարկտահարումներին հետեւեց չորային շրջանը, եւ եթե եղանակն այսպես աննպաստ շարունակվի, գարնանացան դաշտերի մեծ մասը հնարավոր է հնձման ենթակա չլինի` ցածր բերքատվության պատճառով: Այդ ամենին գումարվեցին նաեւ մկնանման կրծողները, որոնց դեմ պայքարի համար գյուղնախարարությունը համապատասխան թունաքիմիկատներ է տրամադրել, իսկ մայիս ամսին հատկացրել 1 մլն դրամ` պայքարը շարունակելու համար: Համապատասխան քայլերի ձեռնարկման արդյունքում, շրջանի խիստ վարակված 1000 հա ցանքատարածքներից 700-750 հեկտարը փրկվել է:
Շրջանում արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում բերքահավաքի կազմակերպման, հրդեհների կանխարգելման, բերքի իրացման ուղղությամբ. Սյունիքի մարզպետարանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, 37 կոմբայն կօգնի բերքահավաքի իրականացմանը: Գյւողնախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ էլ, խնդիրներ չեն լինի բերքի իրացման հետ կապված. մշակված ծրագրի համաձայն բերքը հողօգտագործողից կընդունվի հարմար գնով, կպահեստավորվի անկորուստ:
Շրջանում մտահոգված են նաեւ սեւ ցելի 2-րդ փուլի աշխատանքներով. ընթացքի մեջ է 1679 հա սեւ ցելի 2-րդ փուլը: Կան համայնքներ, որտեղ չեն իրականացվել 2-րդ փուլում նախատեսված կուլտիվացիոն աշխատանքները. Նախատեսված 1679 հեկտարի դիմաց կատարված է 195 հա, իսկ որոշ համայնքներ, որոնք ուշացրել են կուլտիվացիան, ստիպված են դադարեցնել աշխատանքը եւ կատարել կրկնահերկ:
Ամենացավոտ հարցերից է նաեւ շրջանի հողատարածքների պետական գրանցումը. հողաշինարարների կողմից կատարվում են չափագրումներ, սակայն շատ համայնքների ղեկավարներ ձախողում կամ հետ են գցում գործընթացը, ինչի արդյունքում` չափագրված 2494 հա հողատարածքից պետական գրանցում է ստացել ընդամենը 920 հեկտարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել