«Ցմահ դատապարտվածները հայտնվում են լուսանցքում»
«Համաներումը կլինի փաթեթային լուծում, և իրոք հնարավոր կլինի նոր էջից սկսել: Մյուս կողմից` եթե չօգտագործվի համաներման հնարավորությունը, իրավական մեխանիզմը շատ բարդ է, և ես այդտեղ չեմ տեսնում որևէ հեռանկար: Միայն սրանով հնարավոր կլինի իրականացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` նոր էջից սկսելու: Այս համաներումը որպես գործիք օգտագործելը կհեշտացնի նախագահ Սերժ Սարգսյանի գործը»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով ասուլիսին ներկայացավ պարզապես որպես քաղաքացի:
Նրա խոսքերով, 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո մինչ օրս Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ենթարկվում են քրեական հետապնդման: Աշոտ Բլեյանի համոզմամբ, նրանք այդ ընթացքում անմիջական որևէ բռնի գործողություն չեն կատարել` գույք չեն ոչնչացրել, չեն հրկիզել, և այդ մարդիկ անհապաղ պիտի ազատ արձակվեն:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ասաց, որ համաներումը անմիջականորեն մարտի 1-ի հետ չի կապում: «Կան մի խումբ մարդիկ, ովքեր ուզում են ամեն ինչը տեսնել մարտի 1-ի պրիզմայով: Գուցե դա իրենց ընկերների հետ կապված է, բայց երկիրը զարգանում է իր օրենքներով, հասարակությունը զարգանում է իր օրինաչափություններով: Եվ այսօր մոտավորապես 4,5 հազար կալանավորված մարդ ունենք: Մոտավորապես նույնքան մարդ այս կամ այն ձևով կալանքից դուրս է, բայց նույնպես սպասում է համաներմանը, որովհետև կան կալանքի հետ չառնչվող պատժամիջոցներ: Կարծում եմ, որ եթե վերցնենք նաև այդ մարդկանց հարազատներին, ընկերներին, բարեկամներին, կստացվի, որ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են այդ համաներմանը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
ՍԻՄ կուսակցության նախագահի խոսքերով, համաներումը պետք է լիներ շատ ավելի վաղ, սակայն բավականին հետաձգվեց ներքաղաքական անկայուն վիճակի պատճառով, և համաներման հարցն արծարծվում է այսօր, «երբ քաղաքական առումով, իհարկե, ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է երկրի նախագահը, ապացուցեց, որ տիրապետում է իրավիճակին և նույնիսկ ինքնուրույն, միայնակ կարող է կազմել և կառավարություն, և մեծամասնություն թե Պառլամենտում, թե, օրինակ, Երևանի ավագանիում: Ներքաղաքական իրավիճակը կայունացավ, ամեն ինչ ընկավ իր տեղը, բոլորը զգացին` ինչ կարող են անել և ինչ չեն կարող անել»:
Ըստ Հայկ Բաբուխանյանի` համաներումը նաև վտանգ է պարունակում, քանի որ դրա միջոցով բանտերից դուրս կգան այս կամ այն հանցանքը կատարած մարդիկ, և իրավապահ մարմիններից էլ ավելի լարված աշխատանք կպահանջվի նրանց գործողություններին հետևելու առումով, որ կրկնահանցագործություններ չլինեն, երկրում չբարձրանա քրեական ֆոնը:
Միաժամանակ նա ասաց. «Հասարակությունը սպասում է այս քայլին: Ես դա չեմ պայմանավորում նրանով, թե հանցանքը կատարվել է մարտի 1-ի՞ն, մարտի 8-ի՞ն, ապրիլի 7-ի՞ն, թե մեկ այլ օր, մեկը կատարել է այս հանցանքը, մեկը կատարել է այն հանցանքը: Եվ ես ողջունում եմ, որ այս համաներումը բերելու է նաև քաղաքական ընդդիմության որոշակի հատվածի հետ առնչվող մարդկանց վիճակի բարելավման: Ժամանակն է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտը մտնի կոնստրուկտիվ հուն: Եվ եթե այս համաներումը կբերի նրան, որ այդ ուժը, որը հիմնականում այսօր ոչ կոնստրուկտիվ դրսևորումներ է ցուցաբերում, այսինքն` ՀԱԿ-ը, կարողանա գալ ավելի կոնստրուկտիվ դաշտ, մենք դա կողջունենք»:
Աշոտ Բլեյանը նշեց, որ ինքը չի ասում, թե մարտի 1-ին մեքենա չեն հրկիզել կամ շշեր չեն գցել: Ինքը պարզապես պնդում է, որ օրինակ` Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը չեն կազմակերպել այդ զանգվածային անկարգությունները: Մինչդեռ մեղադրվում են հենց կազմակերպելու մեջ:
Աշոտ Բլեյանի խոսքերով, եթե ինչ-որ մեկը, որը քրեական գործով անմիջականորեն մեքենա է այրել կամ գույք փչացրել և դատարանում ասում է, որ, օրինակ, «ինձ կազմակերպել է Ոսկերչյան Գրիգորը, սա ուրիշ հարց է. նա բռնության կատարող է, իսկ Գրիգոր Ոսկերչյանը, օրինակի համար եմ ասում, ուրեմն այդ բանը կազմակերպողն է»:
Բայց դատարանում այդ մարդիկ ասում են, որ տեսել են, թե ինչպես է Գրիգոր Ոսկերչյանը ելույթ ունենում, տվյալ կոչը անում: Աշոտ Բլեյանի համոզմամբ, համաներումը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ. «Ես նկատի ունեմ փետրվարի 19-ի ընտրությունների հետ կապված բոլոր այն մարդկանց, ովքեր անմիջապես բռնություն չեն գործել: Իսկ եթե այդ թվում դա կտարածվի նաև անմիջապես բռնություն գործադրած մարդկանց վրա, ապա թող տարածվի: Այն, որ կօգտվեն հազարները (ես նկատի ունեմ նաև ոչ միայն մարտի 1-ի հետ կապված, այլ անմիջական հանցանք կատարած քաղաքացիներին), շատ լավ է. ինչպես ասում են, աչքները թող լույս լինի սպասողների ընտանիքների: Եվ այդ ներման ակտն անպայման իր դրական ազդեցությունը պիտի ունենա, բայց այդպիսի համաներում կարող է և սեպտեմբերին անցկացվել և տարին 2 անգամ: Դա նախագահի մենաշնորհն է, և շատ լավ կլինի, որ ինքը հաճախ օգտվի դրանից: Հարցը դա չէ: Մենք խոսում ենք հիմա քաղաքական կոնկրետ խնդրի լուծման մասին: Ես ասում եմ, որ այս համաներումով կարող են բացարձակապես բոլորը, ովքեր նույն կարգավիճակում են, հայտնվել ազատության մեջ, և կարող է սկսվել երկխոսություն»,- ասաց նա:
Ասուլիսին լրագրողներից մեկը հետևյալ դիտարկումն արեց. «Համաներման արդյունքում ազատ կարձակվեն մարդիկ, որոնց պատճառով ցմահ բանտարկության են դատապարտված շատ ու շատ անմեղ երիտասարդներ: Կոնկրետ Գագիկ Ջհանգիրյանին վերցնենք: Իսկ համաներման արդյունքում ամեն անգամ այդ ցմահ դատապարտվածները հայտնվում են լուսանցքում և էլի մնում են, էն էլ այնպիսի երեխաներ են, որ ընդհանրապես առնչություն չեն ունեցել այդ քրեական գործերի հետ»:
Սրան Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Համաներման իմաստը հետևյալն է` համատարած ներում կոնկրետ այս կամ այն հոդվածներով դատապարված անձանց: Կապ չունի` մարտի 1-ին է արել, 4-ին, 18-ին և այլն: Աձամբ ես համարում եմ, որ Ջհանգիրյանը շատ վտանգավոր է հայ հասարակության համար և ես համարում եմ, որ ինչքան երկար նա մեկուսացված լինի հանրությունից, այնքան հանրության համար լավ: Բայց եթե Ջհանգիրյանը, կամ ասենք, Պողոսյանը, Կիրակոսյանը, ընկնում են համաներման հոդվածի տակ, ուրմեն պիտք է ազատվեն: Արդա՞ր է դա, թե՞ անարդար է, երկրորդ հարցն է: Եթե Ջհանգիրյանի մեղքով ինչ-որ անմեղ երիտասարդ հայտնվել է ցմահ բանտարկության մեջ, ապա դա նույնպես անհատական հարց է, որը համաներման դեպքում չի լուծվում. պետք է լուծվի ներման կարգով: Գուցե Դուք ճիշտ եք, գուցե սխալ, ես չեմ կարող ասել, բայց իհարկե այդ դեպքում պետք է ինչ-որ նախաձեռնող խումբ ստեղծվի, որը դիմի նախագահին, ապացուցի, որ երիտասարդն անմեղ է: Այսինքն` սա առանձին գործընթաց է, որը կապ չունի համաներման հետ»:
Աշոտ Բլեյանն էլ սրա առթիվ ասաց. «Բայց ի՞նչն է խանգարում, որ Ձեր ասած կոնկրետ գործով ՀՀ գլխավոր դատախազությունը կոնկրետ վարույթ հարուցի: Բայց դա ի՞նչ կապ ունի Գագիկ Ջհանգիրյանի` Ազատության հրապարակի ելույթի հետ: Գագիկ Ջհանգիրյանն իր բոլոր գործած մեղքերի համար, ինչպես բոլոր դատախազները, ինչպես Աղվան Հովսեփյանը և մնացածը, բոլոր այդ մարդիկ թող կանչվեն պատասխանատվության: Մանավանդ որ հիմա իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի ձեռքին չէ»:
Սոնա Ավագյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել