HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղատները հանգստյան գոտիներում. տուրիզմի զարգացո՞ւմ, թե՞ բնության ապականում

Անցյալ շաբաթ կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի` 2013 թ.-ից խաղատները կտեղափոխվեն հանգստյան վայրեր` Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, ինչպես նաև`օդանավակայան: Այսօր «Հայելի» ակումբում այս թեմայի շուրջ բանավիճում էին Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը և «Բարեփոխում» հ/կ-ի տնօրեն Կարինե Հակոբյանը: Կ. Թամազյանն այս որոշումը մեկնաբանեց նրանով, որ նպատակ կա Երևանը և մեծ քաղաքները թոթափել խաղատներից ու  չշահագրգռել հասարակությանը` խաղատներ մտնելու: «Երեք տուրիստական գոտի տրամադրվեցին, որտեղ կիրականացվեն խաղատներ ու շահումով խաղեր: Դրա նպատակն էր առանձնացնել խաղատները խոշոր բնակավայրերից: Կառավարության որոշման համաձայն` 37 միլիարդ դրամից ավելի ներդրումների դեպքում կառավարությունը կարող է համաձայնություն տալ նման ներդրումային նախագծի, որի մեջ կմտնի խաղատուն հիմնելը: Իսկ օդանավակայանի հարցը կարգավորվում է առանձին օրենքով, որն ընդունվել է 2002 թվականին»,- ասաց նա: Կարինե Հակոբյանն էլ նշեց, որ տարիներ առաջ սխալ որոշում կայացվեց` հեռացնել Երևանից խաղատները, հիմա էլ սխալն ուղղում են երկրորդ` ավելի մեծ սխալով: Առողջարաններն ու կազինոները, նրա կարծիքով, տարբեր բնույթի հանգստի վայրեր են, հանգստյան գոտիներին կից չի կարելի խաղատուն կառուցել: Ըստ նրա` այս որոշումը մեկ անգամ ևս հաստատեց, որ մենք չունենք երկրի անվտանգ, կայուն զարգացման հայեցակարգ: «Կազինոն երբեմն ճակատագրական հետևանքներ ունի: Դրանք վտնագավոր են թե' մեծ, թե' նաև փոքր քաղաքներում: Խաղատները կառուցվում են ամայի վայրում` չփչացնելով արդեն ձևավորված միջավայրը: Տվյալ դեպքում շատ կարևոր միջավայր ենք փչացնում` փոխարենը խաղատուն տեղադրելով: Արդյո՞ք դա է երկրի ապագան: Եթե, Աստված մի արասցե, այս ծրագիրն իրականանա, դա կլինի վերջի սկիզբը: Մենք մեր փոքր քաղաքի ապականման սկիզբը կդնենք»,- ասաց նա: Հակադարձելով նրան` Կարեն Թամազյանն ասաց, որ սա սոցիալական կարևոր որոշում է, որի տեսանկյունից քաղաքից կազինոների դուրս գալը մի քայլ առաջ էր, և մարդիկ պետք է ցանկություն ունենային գնալ խաղատուն և պատահականորեն չէին մտնում: Իսկ այս որոշումը, ըստ նրա, ենթադրում է և' տարածքային, և' տուրիստական զարգացում: «Իսկ մարդկանց հանգիստը խանգարելու տեսանկյունից կարող եմ նշել, որ չափանիշներ են սահմանվելու, համաձայն որոնց` կառավարությունը ողջամտության սահմաններում, հավանաբար, կսահմանի դրանց վայրերը»,- ասաց նա: Կ. Հակոբյանը նշեց, որ նրանք, ովքեր գնում են հանգստյան վայրեր, գնում են բուժվելու, հանգստանալու ընտանիքներով, նրանք խաղատան «կոնտինգենտը» չեն: Կազինոն, Կարինե Հակոբյանի խոսքով, ունի իր ածանցյալ պահանջները: Այն չպետք է լինի երեխաների, ծերերի առողջության հաշվին, պետք է առանձին վայրում նոր ավան կառուցվի դրանց համար: «Սա շատ խիստ սոցիալական խնդիր է, որովհետև մարդիկ, ովքեր գնում են առողջանալու իրենց փոքր աշխատավարձով, նրանց տեղն է գրավելու այս կազինոն: Եվ ընդհանրապես, որքա՞ն կարելի է այս հակասոցիալական ռազմավարությունը շարունակել: Կազինոն չպիտի լինի մի վայրում, որտեղ դու դրան հանդիպում ես պատահաբար, հարկադրաբար, ակամայից, դու հատուկ պետք է գնաս այնտեղ: Հիմա Ջերմուկը, Ծաղկաձորը, Սևանը բնակավայրեր չե՞ն: Ինձ զարմացնում է բնակչության հանդեպ երկրի մոտեցումը»,- ասաց նա` խորհուրդ տալով խաղատների տերերին չգայթակղվել բնությունը ապականելու այդ առաջարկով, քանի որ դա դարձյալ լինելու է ժամանակավոր մի որոշում: «Եվ դարձյալ մի քանի տարի հետո նրանք տեղահանվելու են: Նորից իրենք քոչվորի նման անընդհատ մի տեղից մյուսն են տեղափոխվելու»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter