HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գողություն՝ հանուն դատապարտյալների

Մահվան պատճառ դարձած «Օդնակլասնիկի» կայքի հետ կապված դատական պատմությունները Գյումրիում կարծես թե ավարտվելու միտում չունեն: Այս անգամ առաջարկած ընկերությունը կայքում ոչ միայն ընդունվել էր, այլև մղել գողության:

Ոսկյա զարդեր հափշտակողը 30-ամյա Լիլիթ Հովհաննիսյանն էր՝ ծնունդով Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղից, 11 տարի առաջ Գյումրի հարս եկած, իսկ «բարեգործությունից» օգտվողները' «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Աշոտ Գևորգյանն ու Գրիշա Սարգսյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օգոստոսի 16-ին սկսված դատական նիստը շատ կարճ տևեց, քանի որ ամբաստանյալ Լիլիթ Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց օգտվելու փաստաբանի ծառայություններից: Ու քանի որ վճարունակ չէր, խնդրեց դատարանին իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Նիստն ընդմիջվեց մինչև հաջորդ օրը՝ ժամը 10-ը, սակայն կալանքի տակ չգտնվող, ստորագրությամբ բաց թողնված Լ. Հովհաննիսյանն օգոստոսի 17-ի նիստին այդպես էլ չներկայացավ: Նույն օրը՝ արդեն ժամը 16:00-ին, մեղադրող Սադոյանը դատարանին միջնորդեց ամբաստանյալին ոստիկանության միջոցով բերման ենթարկել:

Օգոստոսի 20-ի նիստը նույնպես ամբաստանյալի պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով: Նիստի սկզբում ամբաստանյալը միջնորդեց արագացված դատաքննության կարգ կիրառել՝ ասելով, թե գիտակցում է հետևանքները, խորհրդակցել է պաշտպանի հետ և տեղեկացված է, որ հետագայում զրկվելու է վճիռը բողոքարկելու իրավունքից: Դատարանը բավարարեց միջնորդությունը, քանի որ մեղադրող կողմն այս առնչությամբ առարկություն չուներ:

Ամբաստանյալ Լ. Հովհաննիսյանը 2000 թ. հոկտեմբերին ամուսնացել է գյումրեցի Արա Սարգսյանի հետ: Ունեն 3 և 9 տարեկան երկու զավակ: Ըստ մեղադրող Սադոյանի հրապարակած տվյալների՝ ամբաստանյալը 2010 թ. հեռախոսազանգերի միջոցով ծանոթացել է «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներ Աշոտ Գևորգյանի և Գրիշա Կարապետյանի հետ: Մտերմացել է Աշոտ Գևորգյանի հետ: Վերջինս Լիլիթին պատմել է իր ընտանիքի ծանր նյութական վիճակի մասին և խնդրել ամբաստանյալին 700-800 դոլարի չափով գումար, որը պարտավորվել է վերադարձնել մաս-մաս:

Գրավադրելով ոսկյա զարդերը «Արարատ բանկի» Գյումրու մասնաճյուղում' ստացված գումարներից ամբաստանյալը 280 հազար դրամն ուղարկել է Աշոտ Գևորգյանի հարազատներին: Լիլիթ Հովհաննիսյանի ուղարկած գումարից Աշոտի հարազատները 2011 թ. վերադարձրել են միայն 100 հազար դրամը:

Այս մասին պատահաբար տեղեկացել են ամբաստանյալի ամուսինը, սկեսրայրը և ամուսնու քույրը, երբ վերջինս տալի 15-ամյա տղային խնդրել է «Օդնակլասնիկիի» իր հասցեում նկար տեղադրել՝ իբրև թե Կիևում գտնվող քրոջը ցույց տալու համար:

Դրանից հետո բացահայտվել է նաև զարդերի հետ կապված պատմությունը: Եղել է վիճաբանություն՝ զարդերն ինքնագլուխ օգտագործելու, ինչ-որ կապեր հաստատելու հետ կապված: Լիլիթի պահվածքի մասին տեղյակ են պահվել վերջինիս ծնողները, անգամ բաժանության հարց է առաջ եկել, սակայն հետագայում ամեն ինչ հարթվել է:

Սակայն ամբաստանյալը շարունակել է մտերիմ կապ պահպանել «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող երկու կալանավորների հետ: 2011 թ. գարնանը գումարի խնդրանքով Լիլիթին այս անգամ զանգահարել է Գրիշա Կարապետյանը:

Վերջինս ամբաստանյալին պատմել է, թե ծանր հիվանդ երեխա ունի, որ մանկուց պարալիզացված է, չի խոսում, չի քայլում, և նրա բուժման համար մեծ գումարներ են հարկավոր: Խնդրել է իրեն պարտքով գումար տալ գաղութից ազատվելուց հետո վերադարձնելու պայմանով: Ամբաստանյալը խոստացել է օժանդակել, քանի որ, իր իսկ խոսքերով, խղճացել է երեխային:

2011 թ. մայիսին Լիլիթ Հովհաննիսյանը տալի' Աննա Սարգսյանի սենյակից գողանում է զարդատուփի մեջ եղած զարդերը: Իր այս արարքը նախաքննության ընթացքում ամբաստանյալը մեկնաբանել է որպես վերժ իրեն վատ վերաբերվելու համար:

2011 թ. մայիսի 19-ին Լ. Հովհաննիսյանը Գրիշա Կարապետյանին տեղյակ է պահել, որ ունի ոսկյա զարդեր, որոնք վերադարձնելու պայմանով կարող է տրամադրել նրա երեխայի բուժման համար: Նույն օրը Գ. Կարապետյանը Գյումրի է ուղարկել ընկերոջը' Զավեն Հակոբյանին:

Ավտոկայանի տարածքում Լիլիթը Զավենին է փոխանցել գողոնի մի մասը: Այնուհետև մայիսի 21-ին Գրիշա Կարապետյանը կրկին զանգահարել է ամբաստանյալին և կրկին գումար խնդրել երեխայի բուժումը շարունակելու համար:

Նույն օրը Չարենցավան քաղաքից կրկին Գյումրի է հասել Զավեն Հակոբյանը, ում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վարչական շենքի մոտ Լիլիթը տվել է գողոնի մնացած մասը: Եվ Գրիշա Կարապետյանը, և Զավեն Հակոբյանը նախաքննությանը տված ցուցմունքներում հայտնել են, որ տեղյակ չեն եղել զարդերի գողացված լինելու մասին: Ամբաստանյալը նույնպես հաստատել է, որ այդ մասին չի տեղեկացրել:

Դատական նիստի ժամանակ տուժող Աննա Սարգսյանը հայտնեց, որ թեպետ իրենք գրել են, որ գողությամբ պատճառված նյութական վնասը հատուցել է Գրիշա Կարապետյանը, սակայն այդպես չէ:

«Ինձ պատճառված վնասը կազմել է 1 մլն 370 հազար դրամ, բայց ինձ փոխանցված զարդեղենը, որ իմը չէր, մենք գնահատել տվեցինք, ամենաշատը 400 հազար դրամ կազմեց: Ուստի, ես համաձայն չեմ, որ ասում են, թե մեր վնասը հատուցված է»,- ասաց Ա. Սարգսյանը:

Սակայն տուժողի բանավոր բողոքը դատական նիստի ընթացքում քննության առարկա չէր կարող լինել, քանի որ թե Աննան, թե նրա հայրը նախաքննության ընթացքում գրել էին, որ իրենց նյութական վնասը վերականգնված է ամբողջովին, և իրենք քաղհայց չեն ներկայացնելու:

Արդեն դատական նիստից հետո Աննա Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ գործը քննող քննիչն է ասել, թե գրեք, որ պարտք ու պահանջ չունեք՝ պատճառաբանելով, թե դա երկու կողմի համար լավ է: «Ինչ իմանաք, թե այդ մարդիկ գաղութից դուրս գան, ինչ վնաս կտան ձեզ»,- պատճառաբանել է քննիչը:

Մեղադրող Ժ. Սադոյանն իր մեղադրական ճառում նշեց, որ ամբաստանյալ Լ. Հովհաննիսյանի մեղքն ամբողջովին ապացուցված է, և որ նա կատարել է հանցանք՝ նախատեսված Քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետով: Մեղադրողը միջնորդեց դատարանին պատիժ նշանակել տուգանքի ձևով' ամբաստանյալին տուգանելով հօգուտ պետության 600 հազար դրամի չափով:

Դատարանը Լ. Հովհաննիսյանին հանցավոր ճանաչեց Քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտեց տուգանքի՝ 600 հազար դրամի չափով:

Ամբաստանյալի ամուսինն ու սկեսրայրը, որոնց խնամքի տակ են երկու անչափահաս երեխաները, հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել դատարան՝ Լ. Հովհաննսիյանին մայրական իրավունքներից զրկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter