Սիրիայի նախագահը Հայաստանում է
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը` տիկնոջ Ասմա Ալ-Ասադի հետ: Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանն ասել է. «Հայաստանը խորապես կարեւորում է հարաբերությունները Սիրիայի հետ` որպես մերձավոր-արեւելյան տարածաշրջանում հեղինակություն վայելող երկրի: Մենք հայ-սիրիական հարաբերությունները գնահատում ենք բարեկամական, բարձր մակարդակի, բայց նաեւ համարում ենք, որ դրանք զարգանալու դեռեւս շատ մեծ ներուժ ունեն»:
Սերժ Սարգսյանը հիշատակել է, որ 2001 թ.-ին, որպես պաշտպանության նախարար, առիթ է ունեցել այցելել Սիրիա եւ լավագույն հիշողություններ ունի այդ գեղեցիկ ու հյուրընկալ երկրից:
Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է որակական նոր մակարդակի հասցնելու Սիրիայի հետ հարաբերությունները` մեծ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցությանը եւ այս այցը լավագույն առիթ է` նախանշելու փոխգործակցության զարգացման ուղիները: Սերժ Սարգսյանի խոսքով` երկկողմ առեւտրատնտեսական կապերի հաջողությունը մեծապես կախված է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքից: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Սիրիայի Նախագահի հետ հաջորդ հանդիպմանը արդեն կխոսեն արձանագրված հաջողությունների մասին:
ՀՀ Նախագահը շնորհակալությամբ է խոսել Սիրիայի կառավարության` սիրիահայության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին` հիշատակելով նաեւ հայ ժողովրդի օրհասական պահին Սիրիայի ցուցաբերած աջակցությունը:
Նախագահ Ալ-Ասադն ասել է, որ սիրիահայ համայնքն այն զորեղ ներուժն է, որի օգնությամբ երկու պետությունները կգտնեն այս հանդիպմանը նախանշված նպատակներին հասնելու ճանապարհը: Սիրիայի Նախագահը եւս կարեւորել է հայ եւ սիրիացի գործարար շրջանակների համար ներդրումային խրախուսիչ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը եւ վստահեցրել, որ սիրիական կողմը եւս հետեւողական կլինի այդ գործում:
Բանակցությունների ավարտից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ բնապահպանության նախարարությունների միջեւ` բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:
Ապա Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել