HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում բնակվող հայ փախստական. «Բաքուն է իմ տունը»

Սվետլանա Ղարիբյանը 1993-ից մինչեւ հիմա ապրում է Ղարաբաղում` միեւնույն բնակարանում, սակայն առանց երկմտելու նշում է իր իսկական տան հասցեն:

«Նույնիսկ եթե գիշերն էլ արթնացնեն, անգիր կասեմ հասցես: Ինչպե՞ս կարող էի այն մոռանալ: Բաքու, Բայիլովի թաղամաս, Բուխտինսկայա փողոց, 1 նրբանցք, տուն 8: Մենք ապրոմ էինք պապիկիս կառուցած սեփական տանը: Նա շինարար էր, եւ իր ձեռքերով կառուցած տունը մեծ պարտեզ ուներ, ավտոտնակ, մեծ սենյակներ», - պատմում է Սվետլանան:

Նա ստիպված եղավ լքել իր տունը ուղիղ 15 տարի առաջ սկսված հակամարտության առաջին ալիքի ներքո. հայերի եւ ադրբեջանցիների միջեւ սկսված այս հակամարտության հետեւանքով էլ Ղարաբաղը հայտնվեց անորոշ դրության մեջ: Ղարաբաղն իրեն Ադրբեջանից անկախ հայտարարեց, ինչը, սակայն, այդպես էլ միջազգային ճանաչում չստացավ: Ղարաբաղում առաջին հայ փախստականները հայտնվեցին 1988-ին` փախչելով Բաքվին մոտ գտնվող քաղաքում` Սումգայիթում սկսված հակահայկական ակցիաներից: Ղարաբաղի հայերի անկախության պահանջներից զայրացած ադրբեջանցիները ցույցերով էին արձագանքում դրան: «Սումգայիթում բնակվող մորաքրոջս ծննդյան օրը փետրվարի 28-ին էր, եւ ողջ ընտանիքը երկու մեքենայով մեկնել էր այն նշելու: Սեղանն արդեն պատրաստ էր, երբ հանկարծ ձայներ լսեցինք: Աղմուկի պատճառն իմանալու համար` գնացինք փողոցի հակառակ կողմում գտնվող այգին, որտեղ խորհրդային 15 հանրապետությունների զինանշաններն էին պահպանվում: Տեսանք զայրացած ամբոխը. մարդիկ քարացած դեմքերով գոռում էին. «Հայե´ր, հեռացե´ք»: Այս խոսքերով նրանք պոկեցին հայկական զինանշանը` ոտնակոխ անելով ու փշրելով ամեն ինչ: Նրանք մեքենաներ էին շրջում, ոչնչացնում իրենց ճանապարհին պատահած ամեն ինչ: Կարծես երեկ լիներ այդ ամենը. հիշում եմ ինչպիսի ցնցում ապրեցի` հասկանալով, որ մեր կյանքը կարող էր վտանգվել միայն այն պատճառով, որ հայ ենք»: Այս դեպքից հետո Սվետլանան վերադարձավ հաշվապահի իր աշխատանքին Բաքվի հիվանդանոցներից մեկում, բայց շատ շուտով բողոքի ցույցերը նրա կյանքը տակնուվրա արեցին: Հիվնադանոցի բժիշկներից մեկը` ազգությամբ ադրբեջանցի Ալիեւը, առաջարկել էր ամեն օր ուղեկցել կնոջը`այսպիսով որոշ ժամանակ ապահովելով նրա անվտանգությունը: Բայց, ի վերջո, նույնիսկ սա չափազանց վտանգավոր դարձավ: «Ճիշտն ասած` երբեք չեմ մտածել, որ ընդմիշտ պետք է հեռանամ: Բայց ընտանիքում երեխաներ կային, իսկ Բաքվում ապրելն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում: Բայիլովը հայկական թաղամաս էր, ու թեեւ մեր հարեւանները 24 ժամյա հերթապահություն էին սահմանել, միեւնույն է` վախենում էինք ավիրածություններից, զգում էինք վտանգը: Կարծում էի` որոշ ժամանակով եմ հեռանում, նույնիսկ աշխատանքային փաստաթղթերս այնտեղ թողեցի, մտածում էի, որ վերադառնալու եմ», - վերհիշում է Սվետլանան: Բաքվում բնակվող կես միլիոն հայերի նման, նա եւս հեռացավ իր հայրենի քաղաքից: Նրանցից շատերն ապաստանեցին Ղարաբաղի մայրաքաղաքում` Ստեփանակերտում: Սվետլանան 15 տարի շարունակ աշխատել է որպես քաղաքապետարանի գլխավոր հաշվապահ, իսկ այժմ աշխատում է փոքր բիզնեսի ոլորտում եւ մասնակցում փախստականների համար նախատեսված բարեգործական աշխատանքներին: «Հաճախ եմ հիշում Բաքուն: Կուզենայի տեսնել մեր տունը, տատիկիս ու պապիկիս գերեզմանները: Կցանկանայի նրանց աճյունները տեղափոխել այստեղ», - ասում է կինը: «Ընկերներիցս մի քանիսին գտել եմ www.odnoklassniki.ru կայքում: Նրանք մեր թաղամասի եւ այգու մի քանի լուսանկարներ էին արել, բայց մեր տունն այդպես էլ չէին գտել: Բաքուն իսկապես փոխվել է: Եթե միայն թռչուն դառնայի ու կարողանայի գոնե աչքի պոչով մեկ անգամ էլ տեսնել տունս», - ասում է Սվետլանան:

Կարինե Օհանյան, Ստեփանակերտ

Հոդվածում օգտագործված տերմինոլոգիան ընտրված է խմբագիրների կողմից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter