HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան. փախստականները դժգոհում են կենցաղային պայմաններից

Երեւանի քիմիական տեխնիկումի նախկին հանրակացարանի մռայլ շենքում ապաստանած փախստականների 120 ընտանիքներ դեռ ապրում են ավելի պատշաճ բնակարան ստանալու հույսով:

Ապշեցուցիչ է, բայց փաստ. հաշվի առնելով այն, որ ամբողջ ընտանիքներ ստիպված են տեղավորվել 12 քմ տարածքով սենյակներում եւ օգտվել ընդհանուր զուգարանից, նույնիսկ այս պայմաններն ավելի նախընտրելի են անցյալում եղածից:

15 տարի առաջ ավարտված ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Ադրբեջանից փախած կես միլիոն հայերից 360,000 ապաստան գտան Հայաստանում, սակայն մինչեւ հիմա էլ բնակարանային խնդիրներ ունեն: 96-ամյա Մարիա Ասլանյանը արդեն տասը տարի է, ինչ ապրում է հանրակացարանի փոքրիկ սենյակներից մեկում երկու որդիների` 67-ամյա Վիկտորի եւ 62-ամյա Վլադիմիրի հետ:  Սենյակում հազիվ երեք անկողին եւ մեկ պահարան է տեղավորվում: «Եղավ մի պահ, որ ընդհանրապես ապրելու տեղ չունեինք: Չորս ամիս շարունակ փողոցում ենք քնել` ձյան ու անձրեւի տակ: Լավ է, որ այս էլ ունենք հիմա», - Վիկտորի հետ նարդի խաղալով` պատմում է Մարիան: Միջանցքում կանգնած նրա հարեւանուհին` Լաուրա Մելքոնյանը, 18 տարի է, ինչ ապրում է Չարբախի նախկին ուսանողական հանրակացարանում: Տարիներ շարունակ բողոքելով զուգարանների վիճակից, նա վերջապես սովորել է ընդունել դրանք այնպես, ինչպես կան: «Առաստաղից կաթում է, ծեփը` թափվում. ստիպված ենք անձրեւանոցով այստեղ մտնել: Ո՞վ գիտի, գուցե մի օր առաստաղն ամբողջությամբ փուլ կգա գլխներիս: Ի՞նչ արած: Սա իսկական հասարակական զուգարան է, որից օրական 50 մարդ է օգտվում», - բողոքում է կինը: Այսօր նրա բնակարանն ավելի մեծ է քան հարեւննաերինը, քանի որ ամուսինը հեռացել է Ռուսաստան` թողնելով նրան միայնակ 13-այմա որդու հետ: Նրա ամենօրյա մտահոգությունների պատճառն այժմ այն է, թե ինչպես է ապագա հարսին բերելու այս սենյակը, որտեղ ոչ մի հարմարանք չկա, իսկ որպես լվացարան մի փոքրիկ թաս է ծառայում: «Ստիպված ենք այս փոքրիկ թասի մեջ եւ լվացվել եւ շորերը լվանալ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես ենք դա անում. իսկական ջրհեղեղ է սկսվում», - պատմում է նա: Սենյակում նույնիսկ վարագույրով առանձնացված խոհանոց կա, որն այնքան փոքր է, որ միայն ճաշ պատրաստողի ձեռքերն են այնտեղ տեղավորվում: «Մտածում եմ`գուցե հայ փախստականի կարգավիճակով հեռանամ արտասահման», - մտորում է կինը:

Գեղամ Վարդանյան, Ինտերնյուզի խմբագիր, Երեւան

Հոդվածում օգտագործված տերմինոլոգիան ընտրված է խմբագիրների կողմից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter