HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառեցված հակամարտությո՞ւն, թե՞ «սառեցված» կյանք

Քանի դեռ ղարաբաղյան հակամարտության հետ կապված անելանելի դրությունից դուրս գալու ոչ մի նշույլ չկա, փախստականների վիճակը կլինի անորոշ ե´ւ իրավական, ե´ւ տնտեսական տեսանկյունից, իսկ կյանքը` այս հակամարտության պես «սառեցված» կմնա:

15 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինադադարի ստորագրումից ի վեր, սակայն պատերազմի հետեւանքով փախստական դարձածներն այդպես էլ չեն կարողանում խաղաղություն գտնել: Նրանք դեռ տանջվում են կարոտախտից, աղքատությունից, անհանգստությունից եւ իրավական դժվարություններից: Ե´ւ Հայաստանում, ե´ւ Ադրբեջանում, ե´ւ Ղարաբաղում բնակվող փախստականները IWPR-ին պատմեցին այն մասին, թե որքան լքված են զգում իրենց համար որպես տուն ծառայող ուսանողական հանրակացարաններում, հին հյուրանոցներում, դպրոցներում ու գրասենյակներում: «Մենք այսօր կուզենայինք մոռանալ, որ փախստականներ ենք, բայց այդպես չի լինում: Այն, ինչի միջով մենք ենք անցել, հնարավոր չէ մոռանալ», - պատմում է Սարասար Սարյանը` ներկայում Ղարաբաղում բնակվող բաքվեցի փախստականը: Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները սկսվեցին 1980-ականների վերջին, երբ Ղարաբաղի հայությունը դիմեց Մոսկվային` խնդրելով հանել ինքնավարությունն Ադրբեջանի կազմից եւ միացնել այն Հայաստանին: Բաքվում սրան պատասխանեցին կատաղի բողոքի ցույցերով, որոնք բռնությունների պատճառ դարձան նաեւ Ղարաբաղում եւ Հայաստանում: Զանգվածային անկարգությունները երկու երկրներում ստիպեցին հարյուր-հազարավոր մարդկանց լքել իրենց բնակավայրերը` չնայած այդ պահին նրանք բոլորն էլ Խորհրդային Միության քաղաքացիներ էին համարվում: 1991-ին ձեռք բերված անկախությունից անմիջապես հետո, սկսվեց պատերազմը: 1994թ. Մայիսին ստորագրված զինադադարի դրությամբ` Ադրբեջանի տարածքի 14%-ը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ: Առնվազն 800,000 ադրբեջանցիներ անվտանգության ակնկալիքով Ադրբեջան փախչեցին Հայաստանից եւ իրենց իսկ երկրի առանձին շրջաններից: Քանի որ պատերազմը փաստացիորեն ավարտված չէ, մարդիկ դեռեւս չեն կորցնում հույսը, որ մի օր կկարողանան վերադառնալ իրենց տները: «Հարկադրաբար տեղահանվածների խնդիրները կլուծվեն, երբ նրանք վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Ադրբեջանի կառավարությունն արդեն իսկ «Վերադարձի նախագիծ» է մշակում», - IWPR-ին տրված հարցազրույցում նշեց Ադրբեջանում Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Սանան Հուսեյնովը: Նրա խոսքերով` կառավարությունը փախստականների համար նախատեսված բնակավայրեր է կառուցում եւ նույնիսկ ամբողջ գյուղեր է առանձնացնել նրանց համար Բեյլագանի, Խաջավենդի եւ Գորանբոյի շրջաններում: «Մի շարք ռազմակայաններում բռնի տեղահանվածներ են բնակվում: Շուրջ 11,000 միջնակարգ դպրոցների կեսը զբաղեցնում են փախստականները: Մինչեւ 2011թ. նաեւ ծրագրում ենք վերաբնակեցնել նրանց: Բաքվում եւս կան այնպիսի վայրեր, որտեղ սարսափելի պայմաններ են ստեղծված փախստականների համար: Մենք նոր տներ ենք կառուցում», - հավելել է Հուսեյնովը: Մինչեւ 1991թ. Բաքվում հսկայական հայկական համայնք կար, որի հաղորդակցման հիմնական լեզուն ռուսերենն էր` ժառանգություն, որը մնացել էր Խորհրդային Միության շրջանակներում ընդունված այս լեզվի դերի հետեւանքով: Նավթային արդյունաբերության բում ապրող այս հարուստ քաղաքը բազում մարդկանց էր գրավում ոչ միայն Հարավային Կովկասից, այլեւ դրա սահմաններից դուրս: Ադրբեջանը լքած կես միլիոն հայերը նախեւառաջ ուղղվեցին դեպի արեւմուտք` Հայաստան: Այնուամենայնիվ, նրանցից շատերը հաստատվեցին հենց Ղարաբաղում` զբաղեցնելով դեպի արեւելք շարժված ադրբեջանական փախստականների բնակավայրերը: Քանի որ Ղարաբաղի անկախությունը միջազգային ճանաչում չի ստացել, նրանք փաստացիորեն համարվում են ոչ թե փախստականներ, այլ ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ). այս կարգավիճակը նրանց մեծ դառնություն է պատճառում, քանի որ դրա հետեւանքով նրանք մեծամասամբ զրկված են միջազգային օգնությունունից: «Այս հարցում եղած երկակի ստանդարտների մեղավորը միջազգային հանրությունն է: Միայն այն պատճառով, որ ապրում ենք չճանաչված հանրապետության սահմաններում, Փախստականների դանիական Խորհրդի կամ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի պես միջազգային կազմակերպությունները մեզ հրաժարվում փախստականի կարգավիճակ շնորհել` զրկելով միջազգային հումանիտար օգնություն ստանալու իրավունքից, որից օգտվում են Ադրբեջանում բնակվող փախստականները», -դժգոհում է ժամանակին Բաքուն լքած Սարասար Սարյանը` «ԼՂՀ փախստականներ» ՀԿ-ի նախագահը: «Մենք դեմ չենք, որպեսզի նրանք օգնություն ստանան, բայց մենք էլ ենք տնից եւ ունեցվածքից զրկվել: Ինչո՞ւ են իսկական քաղաքական գունավորում տալիս հումանիտար օգնությանը», - զարմանում է Սարյանը: ՄԱԿ-Ի ՓԳՀՎ գրասենյակը, որը պետք է զբաղվի փախստականների աջակցությամբ մինչ շարունակվում են Հարավային Կովկասում եղած այս սառեցված հակամարտության բարդ օրինական հանգույցի շուրջ եղած բանակցությունները, իր հերթին տեղեկացրեց IWPR-ին, որ նման կարգի ՆՏԱ-ների համար պատասխանատվություն է կրում ադրբեջանական կառավարությունը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ՆՏԱ-ներին, պարզ է, որ նրանք անվտանգ եւ պատշաճ ձեւով իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունք ունեն», - IWPR-ի հետ հարցազրույցում նշել է Ադրբեջանում ՄԱԿ-Ի ՓԳՀՎ նորանշանակ ներկայացուցիչ Արուն Սալա-Նգարմը: ՄԱԿ-ի ՓԳՀՎ կրտսեր աշխատող Վիկտորիյա Թալիսխանովան նշում է, որ ներկայում կազմակերպությունն ավելի շատ աշխատում է փախստականների կենսամակարդակի բարձրացման եւ սովորական քաղաքացիների համար հասանելի ծառայությունները նրանց հասանելի դարձնելու ուղղությամբ: «Մեր դոնորների հիմնական նպատակը բռնի տեղահանվածների սոցիալական պայմանների բարելավումն է, կրթության եւ աշխատանքի համար պայմանների ստեղծումը, սեռական եւ գենդերային բռնությունը, սպորտի եւ կրթության աջակցությունը եւ այլն», - նշել է Թալիսխանովան: Նույն հոգսերով են զբաղված նաեւ հայկական կողմում: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական կապերը բացակայում են. քանի որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան նրան աջակցելու նպատակով Հայաստանն ամբողջական շրջափակման էր ենթարկել` փաստացիորեն թողնելով ընդամենը մեկ ելք դեպի արտաքին աշխարհ` Վրաստանով: Ադրբեջանը լքած կես միլիոն հայերից 360,000-ը հաստատվեցին Հայաստանում եւ չափազանց խղճուկ վիճակում են ապրում` նույնիսկ նման աղքատ երկրի չափորոշիչների համար: 2007-ին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Ադրբեջանից հեռանալիս նրանց անգամ 10 տոկոսը չէր կարողացել տեղափոխել իր հետ ունեցվածքը. շատերը հեռացել էին միայն ձեռքի եղածով: «Փախստականների սոցիալական խնդիրները խիստ հրատապ են: Բնակարանային խնդիրն այդպես էլ չի լուծվել, դրան գումարվում է նաեւ այն, որ փախստականները մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում», - ասում է Նիկոլայ Բաբաջանյանը` Բաքվեցի փախստականը, ով ստիպված էր եղել 14 տարի շարունակ բարաքներում բնակվել, նախքան մեկ սենյականոց բնակարան ստանալը: Երեւանի իշխանություններն անընդհատ փորձում են փախստականների համար բնակարաններ կառուցել, սակայն այս գործընթացն այնքան դանդաղ է, որ վերջիններս ստիպված են լինում սեփական ուժերով հոգալ բնակարանային խնդիրը: Ներգաղթի առաջին տարիներին հայ փախստականները կարողանում էին փոխանակել իրենց բնակարնները Հայաստանից հեռացող ադրբեջանցիների հետ, եւ ներկայում նրանց վիճակը համեմատաբար լավ է: «Մենք հող ունենք, անասուն ենք պահում, բերք ենք ստանում. վատ չենք ապրում», - ասում է Ալբերտ Դալաքյանը, ով 20 տարի առաջ հեռանալով Բաքվից, ներկայում ապրում է ադրբեջանցու տանը` Ռանչպար գյուղում: «Չենք դժգոհում կյանքից, երեխաները մեզ օգնում են: Միայն թե ամեն տարի ստիպված ենք 150,000 դրամ ծախսել (400 դոլար) վառելիքի վրա: Եթե գազաֆիկացման հարցը լուծվի, կյանքն ավելի կհեշտանա», - համոզված է Ալբերտի կինը` Սվետան: Այնուամենայնիվ, նրանք դեռ շատ հաջողակ են դուրս եկել: Գյուղում 1,000 փախստական կա, եւ նրանցից շատերը չեն հասցրել փոխանակել իրենց տները Բաքվից հեռանալուց առաջ: Լարիսա Աստծատուրովան բավական ծանր պայմաններում է ապրում: «Ապրում եմ մորս եւ երկու երեխաներիս հետ: Սպասում եմ, որ կառավարությունը առանձին բնակարան կտրամադրի, բայց դրա հույսն էլ եմ արդեն կորցնում», - դժգոհում է կինը: Նրա անհանգստությունը կարելի է արդարացի համարել: Վերլուծաբանների կարծիքով` ղարաբաղյան հակամարտության փակուղուց դժվար թե հնարավոր լինի մոտ ապագայում դուրս գալ: Սա իր հերթին նշանակում է, որ երկու երկրների եւ հենց Ղարաբաղում եղած փախստականների դրությունը դեռեւս անործ կմնա թե´ իրավական, թե´ տնտեսական առումով, իսկ նրանց կյանքը կնմանվի այս սառեցված հակամարտությանը: «Եթե նույնիսկ հաջողվի որեւէ լուծման գալ, հայերը երբեք չեն հավատա, որ Ադրբեջանը կապահովի նրանց անվտանգությունը`անկախ այն բանից, թե ինչ է գրված փաստաթղթում: Փախստականների մեծ մասը ներկայում Հայաստանի քաղաքացիներ են, եւ ես չեմ նկատել, որ նրանք Բաքու կամ Գյանջա վերադառնալու ցանկություն հայտնեն», - նշում է «Նոյան Տապան» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը: Փախստականներից շատերը հասկանում են, որ իրոնց երեխաները մեծացել են իրենց նախկին բնակավայրից տարբերվող երկրում` գիտակցելով, որ անգամ վեևադառնալու դեպքում իրենք դժվար թե հարմարվեն նախկին կյանքին: «Մենք` բաքվեցիներս, սովոր ենք իրար հետ ռուսերենով հաղորդակցվել, բայց իմ երեխաները հայերեն են խոսում, սովորում են հայկական դպրոցներում ու բուհերում եւ հայերենով են հաղորդկացվում: Եթե մեզ չհիշեցնեն, որ պետք հայերեն խոսենք, ինքներս էլ չենք հիշի, որ փախստականներ ենք», - պատմում է Գայանե Մարտիրոսյանը` հավելելով, որ սկսել է հարմարվել գյուղական կյանքին: Եւ կարծես, չնայած բոլոր կողմերը համառորեն պնդում են, որ փախստականները իրենց նախկին բնավայարերը վերադառնալու լիիրավ իրավունք ունեն, վերջիններս էլ արդեն սովորում են այն փաստին, որ այս պահին դա չի լինելու: Բաքուն լքած հայ փախստականներն աստիճանաբար սովորում են Ղարաբաղի եւ Հայաստանի կյանքին, մինչդեռ գյուղաբնակ ադրբեջանցի փախստականները, ովքեր ստիպված էին տեղափոխվել Բաքու, հարմարվում են քաղաքի կյանքին: «Ես միշտ թխում եմ «Բաքու» կոչվող այս տորթը: Շատերն են խնդրում դրա բաղադրատոմսը, բայց ես այն ոչ ոքի չեմ տալիս: Ասում եմ` միշտ ուրախ կլինեմ այս տորթը պատրաստել, բայց միայն իսկական բաքվեցի կինն է այն պատրաստում, այնպես, ինչպես որ հարկն է», - ասում է Սվետլանա Ղարիբյանը, ով 1993-ից ի վեր բնակվում է Ղարաբաղում, բայց երբեք չի մոռանում նշել Բաքվում իր նախկին հասցեն:

Կարինե Օհանյան` Ստեփանակերտ, Սեյմուր Քյազիմով` Բաքու, Գեղամ Վարդանյան` Երեւան

Հոդվածում օգտագործված տերմինոլոգիան ընտրվել է խմբագիրների կողմից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter