Կարկուտն ու հորդառատ անձրևը մարզերում վնասներ են հասցրել
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով Ալավերդի քաղաքում փակվել են սելավատարները, իսկ ճանապարհները լցվել են տիղմով: Ընկել է 4 ծառ:
Վայոց ձորի Շատին գյուղում նույն օրը տեղացած հորդառատ անձրևների պատճառով բարձրացել է Եղեգիս գետի հունը, քշել-տարել 50 պտղատու ծառ, ողողել 20 տնամերձ հողամաս և 1,5 հա մակերեսով խոտհարք: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ծերանոցից, Ադամյան փողոցի թիվ 8 և Նարեկացու փողոցի թիվ 23 տների բնակիչներից դիմումներ են ստացվել, որ հունիսի 16-ին քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով սելավաջրերը լցվել են տները եւ շինությունները, վնասել գույքը, ունեցվածքը, քանդել պատեր, հեղեղել տնամերձ հողամասեր: Կատարվել են աշխատանքներ Վանաձորի Մարգարյան փողոցին զուգահեռ հոսող ջրի հունը մաքրելու և վերականգնելու ուղղությամբ:
Հունիսի 17-ին Լոռու մարզի Ձորագետի վարարման պատճառով քանդվել է գետի պատնեշը: Գետը փոխել է իր հունը` քշել-տանելով 1 հա այգի և Ձորագյուղից անջատել-կղզիացրելով 10 հա այգի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել