
«Եթե ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում քաղաքացիների ակնկալիքներին, նրանք դուրս են գալիս փողոց, դա այն ցուցիչն է, որի միջոցով միշտ կարելի է արձանագրել` ընտրությունների պատկերը բավարարում է, թե` ոչ»,-այսօր նախընտրական եւ հետընտրական իրավիճակը Իրավունք դե ֆակտո ակումբում վերլուծեց քաղաքականագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա գտնում է, որ եթե ՀԱԿ-ը ստացել է ավելի ձայներ, քան արձանագրվել է, ապա ընտրողները կհայտնվեին փողոցում: Ինչո՞ւ այդպես չեղավ հարցին էլ, ըստ Հովհաննիսյանի, պետք է պատասխան տա ՀԱԿ-ի ղեկավարությունը. «Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, այս ընտրությունները ոչ ավելի լավն էին, քան նախորդները, ոչ էլ ավելի վատը»:
Քաղաքագետը կարծում է, որ «կոնգրեսը տանուլ է տվել այս ընտրությունները ոչ թե ընտրարշավի ընթացքում, որը տաղտկալի էր եւ գորշ, այլ մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի պատճառով»:
Հանրահավաքի մասնակիցները, ըստ Հովհաննիսյանի, ակնկալում էին, որ Տեր-Պետրոսյանը կասի` պահանջատեր է թափված արյան համար իշխանություններից պատասխանատվություն պահանջելու հարցում. «Ի վերջո մարտի 1-ը հեղափոխական ապստամբություն էր, պոռթկում էր, բունտ էր իշխանությունների դեմ: Եվ այդ օրը խոսել քննադատորեն հեղափոխականության մասին կամ ազգային փրկության կառավարության մասին, դա պատեհ օր չէր այդ կարգի ելույթի համար: Մարդկային արյունը ջուր չի, որ թափես եւ անհետ կորի»:
Պատճառներից մյուսն էլ հայտարարությունն է, թե Կոնգրեսը ինքն է որոշում իր անելիքները. «Տեր-Պետրոսյանի տոնայնությունը մենտորական էր: Նա այլ տոնայնությամբ էր ասում, թե ինքը պատրաստ է գործիք լինել ժողովրդի ձեռքում: Մեկ տարվա ընթացքում տեղի ունեցավ այդ մետամարֆոզը»:
Կոնգրեսը, ըստ Հովհաննիսյանի, ընտրություններից հետո էլ կորցրեց վստահությունը . «Ժողովրդին պետք էր պարզ ասվեր, որ մանդատներից հրաժարվելու են, եթե չունենան մեծամասնություն ավագանիում, չի կարելի ժողովրդի հետ փակ քարտերով խաղալ, թե չէ կնմանվես Բաղդասարյան Արթուրին»:
Այնուամենայնիվ, քաղաքագետը շարունակում է հրաշք համարել այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ վերադառնալ քաղաքականություն. «Բայց ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին պայմանականորեն էր ներել, որ ՀՀՇ-ից ոչ մեկը չլինի իր թիմում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել