
Դատավարության ձևական ընթացակարգ
2001 թ. սեպտեմբերի 26-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի եւ Գորիսի քաղաքապետարանի միջեւ կնքվել է էներգետիկայի օբյեկտների համար հողի վարձակալության պայմանագիր, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եւ օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» որոշումը:
Կնքված պայմանագրի համաձայն` համայնքային իշխանությունը վարձակալությամբ տված 3860,22 քմ տարածքի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանել է 95 դրամ վարձավճար:
Պայմանագիրը նոտարական վավերացում է ստացել, գրանցվել Անշարժ գույքի կադաստրի Գորիսի տարածքային ստորաբաժանումում: Սակայն վարձակալության տասը տարիների ընթացքում վարձակալը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները, ուստի Գորիսի քաղաքապետարանը 2011 թ. մայիսի 5-ին 5 մլն 953 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առաջին դատական նիստը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այնուհետեւ նույն ամսվա 21-ին, եւ միայն երրորդ անգամ նշանակված դատական նիստին (հուլիսի 7) է ապահովվել հայցվորի ու պատասխանողի ներկայությունը:
Միջանկյալ նշեմ, որ գոնե ինձ համար անհասկանալի է Գորիսում արդեն ավանդույթի վերածված պատասխանողների եւ, որ ավելի տարօրինակ է, հայցվորների հաճախակի բացակայությունը դատական նիստերին:
Ներկայացված հայցի նկատմամբ ցուցաբերվող անհետեւողականությա՞մբ է դա պայմանավորված, թե՞ բուն դատավարության ընթացքի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմուքնով, դժվարանում եմ ասել:
Նշված գործի քննության համար, հավանաբար, երկու փաստարկն էլ ընդունելի էին, քանի որ դեռեւս հուլիսի 7-ին կայացած դատական նիստում դատավոր Մուրադ Հովակիմյանի հարցին, թե որքան է կազմում քաղաքապետարանի բյուջեի օգտին պահանջվող գանձվելիք գումարը, հայցվորը` Գորիսի համայնքային իշխանության ներկայացուցիչ Լիանա Ղահրամանյանը պատասխանեց, թե չի հիշում: «Կարծեմ 5 մլն դրամ է, կամ գուցե ավելի կամ պակաս»- հայտնեց նա:
Օգոստոսի 16-ին կայացած դատական նիստին եւս, քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր մասնակցում, չնայած նրան, որ նախորդ նիստում պատասխանողը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի ներկայացուցիչ Աշոտ Հայրումյանը, հակընդդեմ հայց էր ներկայացրել` պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով:
Քաղաքապետարանն իր առարկությունները գրավոր էր փոխանցել դատարանին: Դատավոր Մուրադ Հովակիմյանի պահանջով Աշոտ Հայրումյանը դատարանին ներկայացրեց իր դիտարկումները հակընդդեմ հայցի դեմ քաղաքապետարանի առարկությունների վերաբերյալ, միաժանակ նշեց, որ ակնկալում էր ընթացիկ նիստում մի շարք հարցեր հղել քաղաքապետարանի ներկայացուցչին:
Նրա խոսքով` իր համար անհասկանալի է, թե ինչու վարձատուն չի ընդունում այն հանգամանքը, որ 2001 թ.-ին վարձատուի եւ վարձակալի միջեւ իրավական տեսակետից սխալ պայմանագիր է կնքվել, հաշվի չի առվել «Հողի հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, որի «գ» կետով ոչ գյուղանտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի չափով, իսկ Անշարժ գույքի կադաստրի Գորիսի տարածքային ստորաբաժնման տված տեղեկանքի համաձայն` Գորիս քաղաքի տարածքում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի 1 հա-ի կադաստրային արժեքը 2001 թ. կազմել է 1.87 ՀՀ դրամ:
Թե ինչ վճիռ կկայացնի դատարանը օգոստոսի 29-ին, ինձ համար, որպես լրագրողի, թերեւս արդեն կարեւոր չէ, քանի որ որերորդ անգամ ականատես եմ լինում դատավարության ձեւական մի ընթացակարգի:
Դատաքննության ընթացքի նկատմամբ դատավորի ցուցաբերած անտարբերությանը կարելի է վերագրել նաեւ այն հանգամանքը, որ դատական նիստի ժամանակ դատավորի բջջային հեռախոսը, համառորեն չէր անջատվում:
Մնում է ենթադրել, որ կամ համայնքային բյուջեի եկամտային մասի ապահովմանն ուղղված դատարանի աջակցութանը հայցվորը, մեղմ ասած, առանձնակի նշանակություն չի տալիս կամ` ուժի մեջ է քննվող գործի մասին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հայտնած կարծիքը. «Անկախ նրանից, թե ինչպիսի պայմանագիր է կնքվել` ճի՞շտ, թե` սխալ, պատասխանող կողմը պետք է վճարի»:
Մեկնաբանել