HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գառնիկ Ասատրյան. «Իրանում ադրբեջանական փոքրամասնություն` որպես այդպիսին, գոյություն չունի»

18_06-g_asatryanԻրանը չի կարելի համարել բազմազգ պետություն և համեմատել ԽՍՀՄ-ի, անգամ Հնդկաստանի հետ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: «Իրանի բնական կոնստրուկտը 3 հազար տարվա պատմություն ունի: 3 հազար տարի է` ինչպես ձևավորվել է, այդպես էլ մնացել է. Իրանի տարածքի ոչ մի հատված անեքսիայի չի ենթարկվել. ոչ մի ժողովուրդ չի բերվել, կամ նրա էթնիկական տարածքը չի կցվել երկրին: Մինչև իսլամի տարածումը Իրանում ընդհանրապես այսօր ապրող ժողովուրդներից ոչ ոք այդտեղ առաջացած չի եղել դեռևս: Այսօր առաջացած էթնիկական միավորների պատմությունը հանգում է հետիսլամական ժամանակաշրջանին: Ոչ մի ժողովուրդ այսօր չի կարող հավակնել այդտեղ տարածք, առանձին պետություն ունենալու, որովհետև չունի դրա բարոյական իրավունքը: Իրանի Իսլամանական Հանրապետության տարածքը պատկանում է Իրանի ամբողջ ժողովրդին»,- ասաց Գառնիկ Ասատրյանը: Նրա խոսքերով, այս իմաստով, «նոնսենս» է Իրանի մասին խոսելիս «ադրբեջանական փոքրամասնություն» տերմինը գործածել: «Նախ` ադրբեջանական փոքրամասնություն` որպես այդպիսին, գոյություն չունի: Իրանի հյուսիսային 5 նահանգներում ապրող ատրպատականցիները մաքուր իրանցիներ են, սակայն նրանց լեզուներից մեկը` լոկալ լեզուն, թուրքերեն է: Բայց նրանց զգալի մասը երկլեզու է, և նրանց թիվը չի անցնում 15 մլն-ից (եթե համարենք ամբողջ Իրանի տարածքում թուրքերեն իմացողների թիվը` 15 մլն): 30 մլն ազգային փոքրամասնություն գոյություն ունենալ չի կարող»,- ասաց Գառնիկ Ասատրյանը: Շարունակելով թեման` նա նշեց, որ զարմացել է, որ հայկական լրատվամիջոցները նախագահական ընտրությունների թեկնածու Միր Հոսեյն Մուսավիին «էթնիկ ադրբեջանցի» են անվանել: Ատրպատականում ծնված Մուսավիին «ադրբեջանցի» անվանելը իրանագիտության ամբիոնի վարիչը «անհեթեթություն» համարեց` նշելով, որ Իրանի պետականության արմատների մոտ մշտապես կանգնած են եղել ատրպատականցիներ, որոնցից մեկն էլ Մուսավին է: Մասնագետը համարում է, որ նման «տեղեկություններ» տարածելով` հայկական լրատվամիջոցները ընդամենը կրկնում և տիրաժավորում են այն, ինչ հրապարակվում է Բաքվում: Միաժամանակ, իրանագիտության ամբիոնի վարիչը նշեց, որ վերոնշյալը չի նշանակում, թե Ատրպատականը չի կարող դառնալ պանթյուրքիզմի կենտրոն: Նա նշեց, որ Ատրպատականում այսօր սփռվում են ադրբեջանական, ամերիկյան, թուրքական հեռուստաալիքներ, որոնք պանթյուրքիստական, հակաիրանական և հակահայկական գաղափարներ են տարածում: Գառնիկ Ասատրյանի խոսքերով, վերջին 10 տարվա ընթացքում իրանական իսթեբլիշմենտի միջին օղակներում դիտելի են պանթյուրքիստական տարրերի ամրակայում և հզորացում, ինչը շատ բացասական երևույթ է: Ճիշտ է` Իրանում որոշում կայացնողները միշտ առաջնորդվում են ազգային շահերով, բայց «այդ միջին օղակը հաճախ սաբոտաժի է ենթարկում»: Այս տարրերի մի մասը պանթյուրքիստական են, մյուս մասն էլ ուղղակի կրոնական արմատականներ են, որոնց կարծիքով, օրինակ, Իրանը Հայաստանից և Ադրբեջանից պետք է առաջնությունը տա վերջինին` որպես նույն կրոնը ունեցող` շիա երկրի: Գառնիկ Ասատրյանը նշեց, որ Իրանում կայացած վերջին նախագահական ընտրությունների և հետընտրական վիճակի սրման հետևանքով երկրում հեղափոխություն չի լինելու: «Իրանում իսլամական վարչակարգի և իդեոլոգիայի սահմաններում տեղի է ունենում բողոք երկու թևերի միջև. այսինքն` ռեֆորմիստների և արմատականների միջև պայքարի արտահայտությունն է սա: Սա առայժմ համակարգային փոփոխության ցանկության արտահայտություն չէ: Չկան հակաիսլամական, հակավարչակարգային կոչեր: Միայն ու միայն վերաբերում են ընտրություններին և անձերին: Այսօր կատարվող դեպքերը կարող են հետագայում ինչ-որ բանի հանգեցնել: Առայժմ միայն այդ սահմաններում են: Սա հեղափոխություն չէ, չի կարող լինել հեղափոխություն»,- ասաց նա: Գառնիկ Ասատրյանն ընդգծեց, որ այսօր Իրանի համար իսլամական վարչակարգի այլընտրանք գոյություն չունի. «Այսօր այլընտրանքը Իրանի մասնատումն է, որովհետև իսլամական վարչակագի նկատմամբ քաղաքականությունը մշակելիս հիմնականում շեշտը դրվում է էթնիկական կազմությունների վրա: Այսօր իսլամական վարչակարգին խփելու կամ ռեժիմային փոփոխություն իրականացնելու համար հիմնականում օգտագործում են երկրի էթնիկական միավորներին, եղած որոշակի էթնոլեզվական առանձնահատկությունները, լոկալ շրջանները, որովհետև այսօր միայն դա կարող է երկիրը փլուզել, իրենց կարծիքով, իհարկե»: Բանախոսը նշեց, որ սկզբնական շրջանում Արևմուտքը չեզոք դիրքորոշում ուներ Իրանի նախագահական ընտրությունների նկատմամբ: «Աստիճանաբար տոնայնությունը փոխվում է: Աստիճանաբար էթնիկ բնույթն է առաջ քաշվում»: Օրինակ` նախագահի թեկնածուներից Մեհդի Քյարուբին ծագումով լուր է, որը Իրանի ցեղերից մեկն է, մինչդեռ նրան «քուրդ» են հայտարարում, իսկ մյուս թեկնածուի` Միր Հոսեյն Մուսավիի մասին այլ ապատեղեկատվություն տարածում, թե «ազերի» է: Այսինքն` «ուզում են ակտիվացնել էթնիկական հակասությունների երկու կարևոր օջախները: Սա հետաքրքիր տեխնոլոգիա է: Հիմա փոքր-փոքր արտահոսք են տալիս: Հետո քրդերին կանդրադառնան: Հետո կամաց-կամաց կզարգացնեն այլ բաները, և այսպես կգնա: Այսօր անհրաժեշտ չէ, որ Ամերիկան կամ ուրիշները զորք իջեցնեն: Հերիք է միայն, որ հեռուստաալիքները ամեն օր Իրանի մասին տեղեկություններ սփռեն, և շատ գեղեցիկ մշակված ծրագրով իրականացնում են դա: Եվ սա երևում է: Եվ քանի գնա, կշատանա: Ես մեծ հույս ունեմ, որ Իրանի իշխանությունները իմաստնություն կդրսևորեն և անպայման կգան հայտարարի, մասնավորապես ընդդիմությունը` պրն Մուսավիի գլխավորությամբ, որովհետև այսօր պետք է իսկապես մտածել, որ հնարավորություն չտրվի դրսից իսկապես նմանօրինակ շահագրգիռ մոտեցումներ ցուցաբերել երկրին: Դա երկրի կայունության, տարածքային ամբողջականության համար չափազանց կարևոր է»: Մասնագետի գնահատմամբ, նախագահի թեկնածուներն իրենք էլ ընտրությունների ժամանակ արծարծել են Իրանի էթնիկական միավորների հարցը. երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում երկրի էթնիկական միավորները դարձան ներքին քաղաքական մանիպուլյացիայի առարկա: «Ինչպես գիտեք, Իրանի Սահմանադրության մեջ ազգային փոքրամասնություններ չկան. կան կրոնական փոքրամանություններ: Բայց թեկնածուները բավական ակտիվ ձևով օգտագործեցին էթնիկական միավորներին: Այսինքն` սկսեցին մանիպուլյացիայի ենթարկել` ձայներ ստանալու համար: Եվ առաջինը, ցավոք սրտի, արեց պրն Ահմադինեժադը, որին հետևեցին մյուսները: Խոստումներ տալ դպրոցներ բացելու համար, լեզուն տարածելու համար: Օրինակ` Թավրիզում նա հայտարարեց, որ «ահա 4 տարի է, ես ուզում եմ դպրոցներ բացել, թուրքերենը զարգացնել, սրանք թույլ չեն տալիս»: Եվ նա դիմեց բոլոր էթնիկական միավորներին, թվեց մեկ առ մեկ: Մասնագետը Մահմուդ Ահմադինեժադի այս քայլը «քաղաքական խոշոր սխալ» որակեց: «Սա չպետք է արվեր, որովհետև էթնիկական միավորների նկատմամբ նմանօրինակ մոտեցումը չէր բխում Իրանի պետական և ազգային շահերից: Այս իմաստով պետք է նշել, որ դպրոցների բացումը կամ լոկալ լեզուներով գրականության հրատարակումը (չնայած այսօր էլ հրատարակվում է փոքր չափով), թերթերի, հեռուստատեսության հիմնադրումը և տարածումը, այս երևույթի ամրացումը վտանգավոր են այն առումով, որ, ինչպես մենք բոլորս գիտենք փորձից և համաշխարհային պատմության ընձեռած զուգահեռներից, հենց սկսվի այս պրոցեսը, այդ օրը կսկսվի Իրանի մասնատման գործընթացը»: Անդրադառնալով այն խնդրին, թե արդյո՞ք Իրանի հետընտրական իրադարձությունների հետևանքով Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ փոփոխություն կարող է լինել` Գառնիկ Ասատրյանն ասաց. «Ովքեր էլ գան, Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունը չի փոխվելու, որովհետև դա որոշակի ռազմավարական ուղղության վրա է հիմնված: Գոյություն ունի ընդհանուր Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, և առանձին անձերը չեն կարող այդ քաղաքականությունը արմատապես փոխել. կարող է ինչ-որ նյուանսներ առաջանան, բայց ոչ արմատապես»,- ասաց Գառնիկ Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter