HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրտսեր Երիցյանը` մահափորձի պատվիրատու

Մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվել էր մահափորձ: Անհայտ անձինք փորձել են  Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա  տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն  իրականացնելու համար:  Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` «պարզվել, հայտնաբերվել և  կալանավորվել են հանցագործության անմիջական  կատարողներն ու մասնակիցները, թվով 8 անձ, որոնց թվում նաև հանցավոր խմբի  պարագլուխ`  «Մուսկուլ Գագո» մականվամբ Երևանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթևոսյանը, որը 1992-1997 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չխչիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում`  որպես հրամանատարի տեղակալ»: Վերջինիս բնակարանի և ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն  ապացույցներից, հայտնաբերվել և առգրավվել է աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր,  հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթևոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել է նաև ընդհատակյա քիմիական լաբարատորիա, որտեղից  առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ  սարքեր և թունավոր նյութեր  պատրաստելու համար: Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցագործության պատվերը Երևանի բնակիչ Ռաֆայել  Սուրենի Մասումյանի միջոցով տվել է Մաքսային Կոմիտեի նախկին աշխատակից  Ռոբերտ Ալբերտի Երիցյանը` դրա դիմաց վճարելով 150 հազար ԱՄՆ դոլար: Ռոբերտ Երիցյանը Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին է: Վերջինս պաշտոնանկ է արվել երեկ: Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորելը Ռ. Մասումյանը դիմել էր  փախուստի և թաքնվել էր Վրաստանի  տարածքում: Վրաստան մեկնած ԱԱԾ օպերատիվ խմբի և տեղի հատուկ ծառայությունների համատեղ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական  միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Ռ. Մասումյանը ձերբակալվել և կալանավորվել է: «Ռոբերտ Ալբերտի Երիցյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, ձեռնարկվում են  համապատասխան որոնողական միջոցառումներ  վերջինիս հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: Իրականացվում են  նաև համապատասխան  միջոցառումներ  հանցավոր խմբի կողմից նախկինում կատարած հնարավոր նմանատիպ այլ հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ»,- հաղորդում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter