HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երգիչ Միշոն պատրաստվում է նոր երգեր գրել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտության մասին

18_06-MishoԱրցախյան ազատամարտի ժամանակ հայերի նկատմամբ կատարվածը մոռանալը շատ սխալ է, որովհետև եթե ինչ-որ բան մոռանաս, ապա արդեն չես կարող զգույշ լինել, և եղածը անպայման կկրկնվի: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ներելը չի ստացվում» երգի խոսքերի հեղինակ, «Հայ թիմի» երգիչ Միշոն: Երգը և տեսահոլովակը հայ-ադրբեջանական հակամարտության, մասնավորապես Արցախի ազատագրման մասին է: Նրա համոզմամբ` ամենից կարևորը կատարվածի նկատմամբ գնահատական ունենալը և այդ գնահատականով ապրելն է: «Թե ինչքանով էդ թեման իմ մեջ կա, իմ ծնողների դաստիարակությունից է, որ կա, ոչ թե ինչ-որ հաղորդումից, երգից կամ ինչ-որ ազդակից: Իմ մեջ դա մանկուց կար, ու ես գնահատական ունեի: Խնդիրն ուրիշ է: Որ երիտասարդությանը հիմա հարցնես` ի՞նչ ես զգում, ինքը չգիտի: Ինքը գնահատական չունի, ինքը ընդհանրապես վերաբերմունք չունի: Էդ անտեսումն ավելի վիրավորական ու ավելի վատ է, քան եթե մենք ուղղակի ատենք միմյանց»,- ասաց Միշոն: Նրա խոսքերով` արդեն կար արցախյան ազատամարտին նվիրված երգ ստեղծելու գաղափարը, երբ ինքը ծանոթացավ «Հաղթանակի սերունդ» երիտասարդական շաժման անդամներին, ովքեր էլ առաջարկեցին նման երգ ստեղծել: Միշոն ասաց, որ «Ներելը չի ստացվում» երգով ինքը խնդիր է ունեցել արթնացնել հայրենասիրությունը, ընդ որում` ոչ թե տեքստով, այլ պարզապես անկեղծությամբ: Նրա համոզմամբ` հայկական էստրադան նմանտիպ երգերի կարիք ունի: Մեր էստրադայի` հայրենասիրություն քարոզող մյուս երգերը Միշոյի մեջ հայրենասիրություն չեն արթնացնում: Նրա կարծիքով` երիտասարդին վանում է, երբ երգերում ուղիղ տեքստով հնչում են, օրինակ, «մենք հզոր երկիր ենք», «մենք պետք է սիրենք մեր երկիրը» և նմանատիպ այլ արտահայտություններ: Պրոֆեսիոնալ մոտեցում է պետք` անկախ նրանից խոսքը երգի՞, ֆիլմի՞, կերպարվեստի՞, թե՞ արվեստի այլ ճյուղի մասին է: Միշոն նշեց, որ այն մարդիկ, որոնք մտահոգված չեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությամբ, իր երգը լսելով, միևնույն է` չեն հետաքրքրվի այդ հիմնախնդիրներով: Իսկ եթե մարդու մեջ արդեն կա այդ մտահոգվածությունը, ապա երգը էլ ավելի կուժեղացնի այն, և այդ մարդը կսկսի ավելի «խորը մտածել էդ հարցի շուրջ»: «Նույն էդ երիտասարդական շարժումը որ եկավ, ինքը փոքր, նոր, սկսնակ մի խմբակ էր: Բայց ես արդեն տեսա իմ տարիքի, ինձնից տարիքով փոքր տղերք, որ ձգտում են ու շատ-շատ մտահոգված են, քաղաքականությունից էլ են տեղեկացված»,- ասաց Միշոն: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք օլիգարխների որդինե՞րն են, որ կազմում են ազգային հարցերով չհետաքրքրվողների և միայն խաղատների, խորտկարանների մասին մտածողների վերոնշյալ խումբը` Միշոն ասաց, որ եթե հարցում նշվում է, որ մեծահարուստների տղաները «սիրում են ավելի շատ խորովածանոցներ ու կազինոներ, ուրեմն դա կա: Էդ մարդիկ չեն հասկանում: Եթե մարդ չի հասկանում, էդպես էլ չի հասկանա: Ես չեմ կարող նենց երգ ստեղծեմ, որ ինքը չհասկացողից դառնա հասկացող: Հավատացեք` իրանք չգիտեն հայրենասիրությունն ինչ է, որովհետև տենց մարդը շատ հանգիստ կարող է գնա Լեհաստանում կամ Ամերիկայում ապրի»: Միաժամանակ, Միշոն նշեց, որ խորտկարաններ սիրող և իրենց մեքենաներով հպարտացող մարդկանց մեջ կարելի է հանդիպել այնպիսիների, «ովքեր, հենց պատերազմ լինի, առաջինը կգնան»: «Այ, դա էի ուզում հարցնել: Եթե պատերազմ լինի, Դուք կգնա՞ք»,- լրագրողներից մեկի հնչեցրած հարցին Միշոն պատասխանոց. «Միանշանակ: Ես դա ամեն տեղ եմ ասում: Ես` ինքս, ղարաբաղցի եմ երկկողմանի: Մանկությանս կեսն էլ էնտեղ է անցել»: Երգիչը հավելեց, որ իր երգերով երբեք պատերազմ չի քարոզել, այլ նպատակ է ունեցել արծարծել հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը և ստիպել երիտասարդին` վերլուծել այն, վառ պահել հիշողությունը: Նա ասաց, որ հայերը լուրեր ստեղծող, տարածող ու սիրող ազգ են, և այն խոսակցությունները, թե ազատագրված տարածքներն իբր «հանձնում են», միմիայն լուրեր են, որոնք տարիներ շարունակ պտտվում են: «Ես չեմ հավատում: Ես դեմ եմ»,- ասաց երգիչը: Միշոյի խոսքերով` «Ներելը չի ստացվում» երգը պետք էր, որ ինքը հասկանար, թե ինչ է անելու հետագայում: Նա պատրաստվում է նոր երգեր գրել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտության թեմայի «ավելի մանրացած, ավելի սուր ու կոնկրետ հարցերի» մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter