HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հովիկ Աբրահամյանը` համաներման մասին

19_06-h_abrahamyanԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հանդես եկավ արտահերթ ելույթով եւ նշեց, որ ստեղծված քաղաքական իրավիճակում համաներումը երկար սպասված եւ արդարացված քայլ է. «Այն այսօր ունի թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն: Այն նոր ազդակ կարող է դառնալ հանրային նպատակադրումները դեպի առաջ եւ դեպի զարգացում ուղղորդելու ճանապարահին»: Հովիկ Աբրահամյանի կարծիքով` համաներումը պետք է կիրառել ըստ անհրաժեշտության, երբ այն հասունացել է. «Մեզ համար կարեւոր է ոչ թե կոծկել խնդիրները, այլ հանգամանորեն վերլուծել եւ տալ անաչառ գնահատական, գտնել համարժեք լուծումներ»: ԱԺ նախագահը գտնում է, որ յուրաքանչյուրը ստանում է իրեն արժանին, եւ եթե կատարած հանցանքը բնորոշ չէ տվյալ անձին կամ պատահականության արդյունք է, ապա պետք է հնարավորություն տրվի ուղղվելու. «Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված հանցագործություն կատարած անձանց պատժաչափի մասին այս նախագծով առաջարկվում է կրճատել 1/3-ով, եթե նրանց համար սահմանվել է 5 տարուց ավելի ազատազրկում: Առաջարկում եմ ՀՀ նախագահին այս հարցում եւս դրսեւորել մարդասիրական մոտեցում եւ այդ անձանց նկատմամբ նախատեսել պատժաչափի չկրած մասի ավելի մեծ կրճատում` 1/2-ով»: Համաներումը, ըստ Աբրահամյանի, չպետք է շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության. «Իրականում համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է, որ քաղաքացիական համերաշխության, հանդուրժողականությանը զուգահեռ մարդասիրական ազդակ է հղում ողջ հասարակությանը»: 19_06-A-MartirosyanԱյնուհետեւ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Ցանկանում եք միասնականություն, հանդուրժողականություն, այդ դեպքում ազատ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին` առանց բացառության: Ընդ որում` քաղբանտարկյալները մեզ մոտ ոչ թե մարտի 1-ից են, այլ մինչեւ մարտի 1-ը եւս»: Արմեն Մարտիրոսյանը հարցրեց. «Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը մինչեւ վերջ կրեցին իրենց պատժաչափը: Այսպիսի՞նն է մեր արդարադատությունը, այսպիսի՞նն է մեր հանդուրժողականությունը եւ այսպիսի՞ ճանապարհով ենք մենք գնում միասնականության»: Համաներման գործընթացn անընդունելի է խմբակցության նախագահի համար, սակայն նա չի կարող ասել` դեմ քվեարկեք առաջարկին. «Որովհետեւ կան  քաղբանտարկյալներ, որոնք ազատ կարձակվեն: Բայց կան մարդիկ, որ ազատ չեն արձակվելու եւ սա շարունակությունն է դառնում այն գործընթացի, որ կարող ենք ասել շատ լավ բաներ, բայց երբ գալիս է իրական քայլեր կատարելու պահը, մենք կատարում ենք իմիտացիոն քայլեր: Սա հերթական իմիտացիան է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter