ԱԺ խմբակցությունների դիրքորոշումը համաներման մասին
Պատգամավորական ելույթներից հետո այսօր համաներման վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրին խմբակցությունները:
«Ժառանգության» դիրքորոշումը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը. «Մենք հստակ պատկերացնում ենք, որ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի գնահատականը պետք է տրվի համապարփակ` նկատի առնելով քաղաքական ճգնաժամի իրական հաղթահարումը: Արդյոք
ծառայու՞մ է այս փաստաթուղթը դրան: Ոչ, իհարկե»:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ փաստաթուղթն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե չլիներ «միասնություն՝ մինուս Սասուն Միքայելյան, Խաչատուր Սուքիասյան, Մուշեղ Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան եւ այլոք»: «Փաստորեն, մենք կունենանք մի ակտ, որով իշխանությունը ուզում է եւս մեկ անգամ դաս տալ հասարակությանը»,- ասաց նա:
«Ժառանգությունը» կոչ արեց հանել փաստաթղթից այն կետերը, որոնք հակասություններ են պարունակում. «Այսինքն՝ այն կետը, որը ենթադրում է պատժից ազատել առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, նաեւ 8-րդ կետը, որը սահմանում է այն կետերը, որոնք ենթակա չեն համաներման»:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ բարձր են գնահատում նախագահի քայլը. «Քայլը, վստահորեն կարելի է փաստել, որ ուղղված է մեղմելու երկրում կուտակված լարվածությունը եւ խթանելու է համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը»:
Արամ Սաֆարյանը ներկայացրեց ԲՀԿ-ի դիրքորոշումը եւ ընդգծեց, որ փաստաթուղթն իրավական է, քաղաքական եւ խորապես մարդկային. «Այս փաստաթուղթն ավելի լայն է եւ վերաբերում է գթասրտության կարոտ շատ ավելի մեծ խմբի մարդկանց»: Նա գտնում է, որ միայն ուժեղը կարող է լինել ներող, մարդասեր եւ բարի:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել