HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցակցության կարգավորման հարցեր

TMPPH-19.06.09Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մրցակցության կարգավորման, շուկաների կառուցվածքների եւ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Հանձնաժողովը թույլատրեց «Կասկադ բանկի» եւ «Կասկադ-կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության» համակենտրոնացումը «Կասկադ բանկը» մայիսի 11-ին դիմել է Հանձնաժողով` հայտնելով, որ 2009 թ. փետրվարին կայացվել է որոշում բանկի հետ փոխկապակցված ընկերության` «Կասկադ-կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության»` բանկին միանալու վերաբերյալ: Ըստ դիմումի, վերակազմակերպման պատճառներն են հանդիսանում բանկի եւ ընկերության գործունեության նույն ոլորտը, ակտիվների արդյունավետ օգտագործումը, ֆինանսական շուկայում իրենց կողմից մատուցվող ծառայությունների մասով մրցունակության ավելացումը եւ հետագա աճը, կառավարումը ռացիոնալ դարձնելու սկզբունքը, ծախսերի կրճատման արդյունքում եկամտաբերության ավելացումը եւ այլն: Հարուցված վարույթի ընթացքում Կենտրոնական բանկի հայտնած տվյալներով, միավորման արդյունքում բանկը թե ակտիվներով, թե պասիվներով բանկային համակարգում կզբաղեցնի 16-րդ տեղը նախկին 19 -երորդի փոխարեն (22 բանկերից): Մնացած ցուցանիշներով բաժինը բանկային ընդհանուր համակարգում չի գերազանցում 3 տոկոսը, հետեւաբար ընկերությունների միավորումը չի կարող հանգեցնել գերիշխող դիրքի` որեւէ ապրանքային շուկայում: Հաշվի առնելով, որ առկա չեն ընկերությունների համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, Հանձնաժողովը թույլատրեց ընկերությունների համակենտրոնացումը: «Աշտարակ-կաթն» է պաղպաղակի շուկայի գերիշխողը Հանձնաժողովն ուսումնասիրել է պաղպաղակի շուկան, որի արդյունքներով, 2008 թ. Հայաստանում իրացվել է 1 897 796,4 կգ պաղպաղակ, արտադրվել է 12 ընկերության կողմից` 2 105 087,4 կգ, արտահանվել է 5-ի կողմից` 169 500,9 կգ: 2007 թ. պաղպաղակի ներկրում չի իրականացվել, իսկ 2008 –ին` 4 ըներության կողմից ներկրվել է 32 254,7 կգ: 2008 թ գործունեության տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Աշտարակ-Կաթը»` 39,3 տոկոս, «Թամարան»` 18,7 տոկոս եւ «Էլիտ Շանթը»` 12,4 տոկոս բաժիններով: Շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան: Հաշվի առնելով Հայաստանում բնակչության թվաքանակը` 2008 թ. մեկ շնչի հաշվով տարեկան իրացվել է 0,6 կգ պաղպաղակ` 2007 թ. 0,7 կգ-ի դիմաց: Ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն Պետեկամուտների կոմիտեին: Հանձնաժողովի որոշմամբ, «Շանթ Պլյուսը» հանվեց գերիշխողների գրանցամատյանից, քանի որ կորցրել է գերիշխող դիրքը: «Աշտարակ-Կաթը» շուկայի միակ գերիշխողն է: «Խեցգետինը» միանգամայն բարեխիղճ է «Հայկական գովազդային խորհուրդ» հ/կ-ն դիմել է Հանձնաժողով, խնդրելով քննարկել իրենց կողմից ներկայացվող օրենքի հնարավոր խախտումները: «Հայկական գովազդային խորհրդին» իր հերթին դիմել է «Երեւանի գարեջուր» ընկերությունը, խնդրելով մասնագիտական պարզաբանում տալ «Գյումրի-գարեջուր» ընկերության կողմից գովազդվող հոլովակի օրինականության վերաբերյալ: Խոսքը ՀՀ մի շարք հեռուստաալիքներով արդեն տեւական ժամանակ հեռարձակվող «Գյումրի գարեջրի» գովազդի մասին է, որտեղ հեռուստաանիմացիայի օգտագործմամբ խեցգետինը  «Գյումրի գարեջրի» ապրանքանիշով գարեջրի շիշը տեղադրում է մրցահարթակի առաջին տեղում, ինչով, ըստ «Երեւանի գարեջրի», փորձ է արվում սպառողների մոտ ստեղծել թյուրըմբռնում գարեջրի շուկայում ներկայացված հայաստանյան ընկերությունների զբաղեցրած դիրքի եւ վարկանիշի մասին: Ուսումնասիրելով գովազդող տեսահոլովակը, Հանձնաժողովը գտավ, որ տվյալ հոլովակում առկա չեն անբարեխիղճ մրցակցության դրսեւորման երեւույթներ: Հանձնաժողովի գնահատմամբ, գովազդային հոլովակը չի կարող առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ (որի դեպքում կլիներ անբարեխիղճ): Այն չի կարող նաեւ առաջացնել հասարակության մոլորեցում: Հաշվի առնելով վերոնշյալը, Հանձնաժողովը դադարեցրեց վարույթը: «Պրեսս Ստենդը» եւ «Հայփոստը» գերիշխում են մամուլի տարածման գործում Հանձնաժողովն ուսումնասիրել է մամուլի տարածման շուկայի այն օղակը, որտեղ իրականացվում է տպագիր մամուլի տարածման գործընթացը` դեպի մանրածախ իրացման ցանց: Հայաստանում տպագիր մամուլի` դեպի մանրածախ իրացման ցանց տարածմամբ զբաղվում է 9 տնտեսվարող սուբյեկտ: Ներկայումս տպագիր մամուլը Հայաստանի տարածքում իրացվում է (մանրածախ) բաժանորդագրությամբ, կրպակների, «Հայփոստ» ընկերության բաժանմունքների, ինչպես նաեւ տեղադրված ստենդների միջոցով: Ուսումնասիրվող ոլորտում առանձնացվել է 3 ապրանքային շուկա` «Լրատվական թերթերի տարածում», «Հեռուստածրագրերի տարածում» եւ «Ամսագրերի, հանդեսների տարածում»: Ուսումնասիրությունը կատարվել է 2008 թ. երկրորդ կիսամյակի տվյալներով: Լրատվական թերթերի տարածման շուկայի ծավալը կազմել է 4 184 862 հատ թերթ: Առաջատար դիրք է զբաղեցնում «Պրեսս Ստենդ» ՍՊԸ-ն, որը զբաղեցնում է շուկայի 55,4 տոկոսը, հետեւաբար համարվում է գերիշխող դիրք ունեցող. որպես իրացնող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի ավելի քան մեկ/երրորդը: Տարածման ծավալներով հաջորդ երկու խոշորներն են «Էքսպրես պլյուս» (15,7 %) եւ «Հայփոստ» (10.6%) ընկերությունները: Ուսումնասիրվող ժամանակահատվածում տարածված թերթերից 3 375 550 հատը (80,7 տոկոս) տարածվել է Երեւանում, իսկ 809 312 հատը (19,3 տոկոս)` մարզերում: Ընդ որում, թերթերի տարածման ընդհանուր ծավալի 46,8 տոկոսը (1956540 թերթ) իրականացվում է դեպի «Պրեսս Ստենդ» ընկերության մանրածախ ցանց` կրպակներ: Լրատվական թերթերի բաժանորդագրության ծավալը կազմել է 1 177 093 հատ: Այսինքն, մանրածախ ցանցում շրջանառվող լրատվական թերթերի ընդհանուր քանակը կազմում է 5 361 955 հատ (բաժանորդագրությունը 22 տոկոսն է կազմում): Հեռուստածրագրերի տարածման շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 1 906 874 հատ, որի 43,1 տոկոսը տարածվել է Երեւանում, իսկ 56,9 տոկոսը` մարզերում: Հեռուստածրագրերի բաժանորդագրության ծավալը կազմել է ընդամենը 10 143 հատ: Այսինքն, մանրածախ ցանցում շրջանառվող հեռուստածրագրեր տպագրող թերթերի ընդհանուր քանակը կազմում է 1 917 017 հատ, որտեղ բաժանորդագրությունը կազմում է  0,5 տոկոս: Հեռուստածրագրերի տարածման շուկայում ծավալներով առաջատար է «Հայփոստը»` 71,4 տոկոս եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող: Հաջորդը «Պրեսս Ստենդն» է` 19,8 տոկոս բաժնով: Ամսագրերի, հանդեսների տարածման շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 987 000 հատ: Շուկայում առաջատարը «Հայփոստն» է` 78,5 տոկոս, գերիշխող դիրք ունի: Հաջորդը «Վիրպրեսսն» է` 9,1 տոկոս բաժնով, որը ներմուծող ընկերություն է: Ամսագրերի, հանդեսների ընդհանուր ծավալի 34,6 տոկոսը տարածվել է Երեւանում, 65,4 տոկոսը` մարզերում: Ամսագրերի, հանդեսների բաժանորդագրության ծավալը կազմել է ընդամենը 15 244 հատ: Համաձայն օրենքի, այսօր Հանձնաժողովը լրատվական թերթերի տարածման շուկայում «Պրեսս Ստենդ» ընկերությանը, հեռուստածրագրերի եւ ամսագրերի, հանդեսների տարածման շուկաներում` «Հայփոստ» ընկերությանը համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրանցամատյանում: Վարույթը կարճվեց Քաղաքացի Արթուր Ստեփանյանը մարտի 18-ին դիմում է ներկայացրել Հանձնաժողով` հայտնելով, որ «ԱրմենՏելի» հետ կնքել է վերջինիս կողմից CDMA ֆիքսված կապի անսահմանափակ ինտերնետային ծառայության տրամադրման պայմանագիր, համաձայն որի` «ԱրմենՏելը» պարտավորվել է ապահովել տվյալների ստացում եւ փոխանցում մինչեւ 115,2 կբ/վ արագությամբ, սակայն իրեն հաջողվել է բեռնել ինֆորմացիա ավելի փոքր արագությամբ եւ շատ հաճախ վերոնշյալ ծառայությունը իր համար եղել է անհասանելի: Դիմումատուն խնդրել է ստիպել «ԱրմենՏել» ընկերությանը` կատարել պայմանագրով նախատեսված պարտականությունները: Հարուցված վարույթի ընթացքում պարզվել է, որ դիմողի եւ «ԱրմենՏելի» միջեւ պայմանագիր կնքված չէ: Ավելին, ի հայտ է եկել հանգամանք, որը վկայում է քաղաքացու կողմից փաստաթղթի կեղծման մասին. մասնավորապես, քաղաքացին ստորագրել է այլ անձի անունով կնքված պայմանագիր` չունենալով դրա համար որեւէ լիազորություն, ինչի մասին հայտարարեց նաեւ ինքը (նպատակը որոշակի արտոնություններից օգտվելն էր, քանի որ այն անձը, ում անունով կնքված է պայմանագիրը, հաշմանդամ է): Վարույթի շրջանակներում «ԱրմենՏելը» հայտնել է, որ չնայած դրան, ընկերությանն ուղված դիմումներն ուսումնասիրվել են, հայտնաբերվել են որակյալ ինտերնետ ծառայության տրամադրման խոչընդոտները, վերացվել են խափանումները, ինչի արդյունքում ինտերնետ ծառայության որակը բարելավվել է: Քննարկելով դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումը ներկայացվել է այն պարագայում, երբ պայմանագիր կնքված չէ, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, Հանձնաժողովն այսօր կարճեց վարույթը: Դժգոհ լինելով կարճման մասին որոշումից, քաղաքացի Ա. Ստեփանյանը հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետին, ակնարկելով «Հանձնաժողովի աշխատանքի կոռուպցիոն երեւույթների» մասին: Հանձնաժողովն այսօր որոշեց քաղաքացու կոմից զրպարտության, ինչպես նաեւ փաստաթղթի կեղծման հանգամանքների կապակցությամբ դիմել իրավապահ մարմիններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter