Ալավերդիում 100 լիտր խմելու ջրից 90 լիտրը կորչում է
Ալավերդիում ջրամատակարարման եւ ջրահեռացման բազմաթիվ խնդիրներ տարիներ շարունակ մնում են անլուծելի: Քաղաքը չունի կոյուղու կեղտաջրերի մաքրման կայան:
Սանահին Սարահարթ թաղամասի կոյուղու կոլեկտորի կեղտաջրերը` վայրկյանում 30 լիտր տարողությամբ, ինչպես նաեւ մյուս թաղամասերի կոյուղաջրերը թափվում են Դեբեդ գետը: Ջրամատակարարման ցանցում օրեցօր մեծանում են խմելու ջրի կորուստները, անհուսալի է քաղաքի ջրամբարների վիճակը:
Թեեւ 2008 թ. պետբյուջեից Ալավերդի համայնքին հատկացված բնապահպանական վճարներից Ալավերդու քաղաքապետարանը 12 մլն դրամ ներդրմամբ ջրագիծ է կառուցել Ակներ եւ 9 մլն դրամ ներդրմամբ` Սանահին գյուղական թաղամասերի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար, սակայն այդ ջրագծերը բնակիչներին ջուր չեն հասցրել:
Այս եւ ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրները ապրիլի 8-ին քննարկվեցին Ալավերդու Օրհուս կենտրոնում: Քննարկման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արեւմտյան» մասնաճյուղի Ալավերդու տեղամասի գլխավոր ինժեներ Սամվել Սոխակյանը մի քանի տպավորիչ հայտարարություններ արեց: «Էս պահին մեր տեղամասում ջրամատակարարման կորուստները հասնում են մոտ 90%-ի, այսինքն` Ալավերդի հասցրած մեր յուրաքանչյուր 100 լիտր ջրից 90 լիտրը կորում է: Էդ 90 լիտր կորած ջրի մոտ 2/3-րդը կոմերցիոն կորուստ է, կոպիտ ասած` գողություն, իսկ մնացածն արդեն տեխնիկական կորուստ է' խողովակների մաշվածության, ցանցի թերության եւ այլ պատճառներով»,- ասաց Սամվել Սոխակյանը:
Նրա կարծիքով, եթե անգամ կորցրած 90% ջուրը հասցնեն Ալավերդի, այդքան ջուրը քաղաքի բնակչությունը չի կարող օգտագործել: Ս. Սոխակյանը տեղամասի հսկողության տակ գտնվող ջրամբարներից հատկապես անհուսալի որակեց 1943 թ. կառուցված քաղաքի ներքին հատվածը ջրով ապահովող ջրամբարը: Այս ջրամբարում ջրի կորուստը մեծ է: «Ջրամբարը լցրել ենք, ֆիքսել, մեկ ժամ հետո չափել ենք ջրամբարի ջրի քանակը, վայրկյանում 5 լ ջրի կորուստ է արձանագրվել»,-ասաց Ս. Սոխակյանը:
Ըստ նրա` ջրի նման ծավալով կորստի պարագայում Ալավերդիում բնակչության 24-ժամյա ջրամատակարարման մասին խոսելն անիմաստ է. «Ես կարծում եմ' 24-ժամյա ջրամատակարարման համար ջրագծերի ներքին ցանցի 50%-ը պետք է վերանորոգվի, որն այսօր միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում»: Ալավերդու ջրամատակարարման ներքին ցանցը մոտ 40 կմ է: Դրանք 40 մմ տրամաչափի խողովակից մինչեւ 350-500 մմ տրամաչափի խողովակներ են:
Ս. Սոխակյանը համեմատաբար բարվոք գնահատեց քաղաքի ջրահեռացման ցանցը, սակայն այստեղ էլ առանձնացրեց մեկ այլ հիմնախնդիր. «Չեմ ուզում թերագնահատել մեր բնակչությանը, բայց խցանումները վերացնելիս կոյուղու դիտահորերից բանվորները հանում են գդալներ, կապրոնե շշեր, տարբեր տեսակի շորեր` սրբիչներ, կոշիկներ եւ այլն, այսինքն` այն իրերը, որ իրավունք չունեն դիտահորերում հայտնվելու»: Անդրադառնալով մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությանը` Ս. Սոխակյանը նշեց, որ վերջին 2 տարիներին տեղամասն ապահովվել է ճապոնական եւ գերմանական նորագույն սարքավորումներով: Վերջին մեկ տարում տեղամասին հատկացվել է «Ուազ» եւ «Նիվա» մակնիշի նոր ավտոմեքենաներ, ճապոնական զոդիչ ապարատ, գործիքների հավաքածու:
Ըստ տեղամասի գլխավոր ինժեների` Սարահարթի կոյուղու կոլեկտորի խնդրի լուծումը ՀՀ Կառավարության լուծելիք հարց է: Ջրի բաժանորդների վարձավճարների հավաքագրումը նա համարեց ամենաբարդը: «Բաժանորդների թիվը, ինչպես 5-6 տարի առաջ, այսօր էլ 7 հազարին մոտ է, հավաքագրումն ավելացել է 30-40%-ով: Ջուրն այդ ընթացքում թանկացել է 55-60 դրամով»,- ասաց Ս. Սոխակյանը: Պարզվում է` Ալավերդին խմելու ջրի եւ կոյուղագծերի ներքին կոմունիկացիաների քարտեզագրում չունի: Վթարված խողովակները տեղամասի աշխատողները հայտնաբերում են հիշելով:
«Պետք է մի բան իմանաս, որ թղթի վրա նրա պատկերը տաս: Եթե չգիտես, ի՞նչ պետք է թղթի վրա պատկերես»,- բացատրեց Ս. Սոխակյանը: Անդրադառնալով Ալավերդու Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերում կառուցված ջրագծերին' Ս. Սոխակյանն ասաց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ այդ գյուղերը մեր համակարգից չեն օգտվում եւ մեզ ջրի օգտագործման վարձեր չեն վճարում: Ակներ գյուղում մենք ունենք 3-4 բաժանորդ, ովքեր մագիստրալին մոտիկ են եւ դրանից սնվում են, իսկ Սանահին գյուղը մեր բաժանորդը չէ եւ մեզ հետ չի առնչվում»: Ջրի որակը, սանիտարահիգենիկ վիճակն ուսումնասիրվում է տեղամասի լաբորատորիայում: Այստեղ հետազոտվում է ջրի հոտը, համը, թափանցիկությունը, մնացորդային նյութերը:
«Ալավերդու ջուրը, որը Լոռի բերդի ջրատարի ջուրն է, իր որակով հանրապետությունում եթե առաջինը չէ, ապա հաստատ 2-րդ տեղում է»,- ասաց նա: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանը քննարկման ժամանակ իր դժգոհությունը հայտնեց տեղամասի կողմից վթարների վերացումից հետո քանդված տարածքները չբարեկարգելու կապակցությամբ: Գագիկ Սոխակյանը խոսեց նաեւ Ակներում 3 տարի առաջ կառուցված ջրագծի մասին, որը սնվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս- Արեւմտյան» մասնաճյուղի Ալավերդու տեղամասին պատկանող Սանահին Սարահարթ թաղամասի ջրամբարներից: Ամռանը ջրամատակարարում են ստանում Ակների բնակչության 60-70 տոկոսը:
Նրանց համար ջրի օգտագործման ամսական 100 դրամ վարձավճար է սահմանվել Ալավերդու ավագանու որոշմամբ: «Թեեւ ավելի շատ ջուր են օգտագործում, բայց սիմվոլիկ 100 դրամ է սահմանվել բնակիչների ջրի ծախսերի համար»,- ասաց Գ. Սոխակյանը: Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը «Հետքին» ասաց, որ քննարկման ընթացքում բարձրացված խնդիրների հնարավոր լուծման համար Օրհուս կենտրոնը գրություն է ուղարկելու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել