HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչներին սպառնացել են` չմեկնել Հայաստան վերապատրաստվելու

Վերապատրաստման նպատակով Հայաստան մեկնող ջավախահայ ուսուցիչներին հրավիրել են ազգային անվտանգություն և հարցաքննել: Վիրահայոց թեմը ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Հայաստանում պետք է կազմակերպվեր Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերապատրաստման դասընթացներ վիրահայության ու ջավախահայության 90 ուսուցիչների համար: Ծրագրի շուրջ արդեն պայմանավորվածությունը ձեռք էր բերված: Նախատեսվում էր վերապատրաստման դասընթացներն անցկացնելուց հետո գալիք ուստարվա սեպտեմբեր ամսից Վրաստանի հայոց դպրոցներում ֆակուլտատիվ սկզբունքներով անցկացնել Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Հունիս 15-ի առավոտյան ուսուցիչները պետք է մեկնեին Երևան, սակայն հունիսի 12-ի գիշերվա ժամը 24:00-ից հետո ծրագրին մասնակից բոլոր ուսուցիչներին և իրենց դպրոցների տնօրեններին զանգահարել են ազգային անվտանգության ներկայացուցիչները և պահանջել, որ բոլորը հաջորդ օրն իսկ առավոտյան ժամը 10:00-ին ներկայանան իրենց մոտ` ոստիկանություն: «Բոլորս անակնկալի եկանք: Նախ անակնկալ էր այն, թե ինչու այդ հարցին միջամտեց հենց ազգային անվտանգությունը, ոչ թե Կրթական ռեսուրս կենտրոնը և այլն: Ուսուցիչներից շատերը վախեցել են: Լավ կլիներ, որ մեր հետ պարզեին այդ հարցը, ոչ թե բոլոր 75 ուսուցիչներին ահաբեկեին»,-«Հետքին» պատմեց Ախալցխայի հոգևոր հովիվ Տեր Տաթևը: Գիշերվա անակնկալ զանգերից անհանգստացած ուսուցիչները հաջորդ օրը ներկայացել են համապատասխան բաժիններ: Նրանց հարցաքննել են` թե ուր են գնում, ինչու, ով է իրենց թույլատրել և առաջարկել մասնակցել սույն ծրագրին: Ուսուցիչներին նախազգուշացրել են, որ նրանք իրավունք չունեն մեկնել, քանի որ չկա համապատասխան թույլտվություն: Նրանք նաև զգուշացվել են, որ հաջորդ անգամ «այսպիսի անթույլատրելի քայլեր անելու դեպքում» կարող են պատժվել և հեռացվել աշխատանքից: «Մենք ամեն հայոց դպրոցից պետք է ուսուցիչներ ընտրեինք: Տնօրենների միջնորդությամբ Ախալցխայի շրջանից ընտրեցինք 17 ուսուցիչ, ոչ մի անօրինակություն կամ թաքուն բան չի արվել: Ես նույնիսկ գնացել եմ Կրթական ռեսուրս կենտրոն և զգուշացրել»,-պատմեց Տեր Տաթևը: «Հետքի» տեղեկություններով նույնը կատարվել է նաև Ախալքալաքում և Նինոծմինդայում: Վիրահայոց թեմի առաջնորդարանից «Հետքին» տեղեկացրին, որ ծրագիրը ՀՀ ԿԳՆ-ի հետ պայմանավորվածությամբ էր իրականացվում և ոչ մի անօրինական բան չի կատարվել: Ավելին, տեղի է ունեցել թյուրիմացություն և երկուշաբթի օրը սպասում են խնդրին դրական լուծում ստանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter