
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Հայաստան այցելությունը, ինչ խոսք, չէր կարող վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից: Այցին դեռևս հունիսի 18-ին անդրադարձել էին կառավարամետ «Ենի շաֆաք» թերթը և Նյու Յորքի turqishhy.com կայքէջը:
«Ասադն Անկարային հաշտեցնելու է Երևանի հետ» վերնագրով «Ենի շաֆաքը» գրել է. «Սիրիայի և Իսրայելի միջև Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ միջնորդի դեր է ստանձնում Անկարայի հետ Երևանի հարաբերություններում»:
«Ալ կուդս ալ արաբի» թերթի վկայությամբ` Ասադը միջնորդություն է հանդես բերելու Թուրքիայի և Հայաստանի միջև: Արաբական թերթի վկայությամբ` «պաշտոնական Դամասկոսը հզոր կապեր ունի ինչպես Անկարայի, այնպես էլ Երևանի վարչակազմի հետ, այդ իսկ պատճառով էլ Ասադն ուզում է այդ կապերն օգտագործել ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման: Այս հարցն առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է նախագահ Ասադի երևանյան բանակցություններում»:
Ինչ վերաբերում է turqishhy.com կայքէջին, ապա դա էլ «Ասադը Սարգսյանի հետ հանդիպմանը անդրադարձավ Թուրքիային» վերանգրով հոդվածում վկայակոչելով սիրիական SANA գործակալության հաղորդագրությունը` նշում է. «Բաշար Ասադը, մասնակցելով հայ-սիրիական գործարար համաժողովին, ասաց. «Հայաստանի հետՍիրիայի տնտեսական հարաբերությունների զարգացմանը գլխավորապես խոչընդոտում է Թուրքիայի տարածքով ցամաքային ուղղակի հաղորդակցության բացակայությունը: Նախագահ Սարգսյանի հետ կենտրոնացանք այդ խնդրի վրա: Նա ինձ հարցրեց` Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու ուղիների մասին, որովհետև Սիրիան սերտ կապերի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ»:
Ասադը նշեց նաև երկու երկրների միջև ուղղակի չվերթեր կազմակերպելու անհրաժեշտությունը»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցելությանն անդրադարձել են նաև թուրքական հանրային և մասնավոր հեռուստաընկերությունները` Հայաստանի և Թուրքիայի միջև նոր «միջնորդության» ենթատեքստով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել