
Երեկ ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը` համաներում իրականացնելու մասին: Ինչպես և սպասվում էր, մոտ 2 000 դատապարտյալների վրա տարածվող այս համաներումը չի ազդելու 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված 51 քաղբանտարկյալներից 18-ի վրա:
ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, բնականաբար, չի ընդունել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկը` համաներումը, առանց բացառության, բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ կիրառելու վերաբերյալ: Եվ 98 կողմ քվեարկած պատգամավորներից որևէ մեկը, բացառությամբ «Ժառանգության» անդամների («տեղ-տեղ»` նաև ՀՅԴ-ի) հարց չի բարձրացրել` ի՞նչ սկզբունքով և «մարդասիրության» ո՞ր նորմի համաձայն են նույն անհեթեթ գործի շրջանակներում կալանավորված մարդկանց մի մասին ազատ արձակում, մյուսներին` ոչ: Որևէ մեկը չի հարցրել նաև` ո՞վ և ինչպե՞ս է պատասխանատվություն կրելու այդ մարդկանց ավելի քան մեկուկես տարի կալանավայրերում պահելու համար:
Չեն հարցրել, որովհետև նրանց գերակշիռ մեծամասնությունն այս համաներմանը կողմն է քվեարկել ոչ թե «մարդասիրական» մղումներով, այլ բացառապես այն պատճառով, որ այդ նախագիծն ԱԺ էր ուղարկվել նախագահական նստավայրից:
Ի դեպ, համաներման առաջարկությանը դեմ է քվեարկել միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտարարելով, որ դա ոչ թե համաներման, այլ քաղաքական հաշվեհարդարի որոշում է:
Աչքներս լույս
Հունիսի 18-ին միջազգային բորսաներում նավթային ֆյուչերսների գները շարունակել են բարձրանալ և առևտրային օրվա արդյունքում հաստատվել են մեկ բարելի դիմաց 71 դոլար նշակետի վրա: Արդյունքում վերջին երկու օրերի ընթացքում նավթի գները բորսաներում աճել են 1.3 տոկոսով:
Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են Նյու Յորքի New York Mercantile Exchange-ում` Light, Sweet Oil-ը 71.34 դոլար (+ 34 ցենտ) մեկ բարելի դիմաց, Լոնդոնի InterContinental Exchange Futures Europe-ում` IPE Bent Crude-ը 71.06 դոլար (+ 21 ցենտ) 1 բարելի դիմաց:
Սա, թերևս, հրաշալի լուր է Հայաստան բենզին ներկրող մի քանի օլիգարխների համար, որոնք Հայաստանում բենզինի արդեն գրեթե ամեն շաբաթյա թանկացումները հիմնավորում են նավթի միջազգային գների աճով: Այն դեպքում, երբ խոսքը ֆյուչերսային գների մասին է, այսինքն` այն գների, որով նավթը վերավաճառվելու է որոշակի ժամանակ անց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել