HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայաստանում հետազոտողների խումբը հեռահար բժշկության համակարգի նախատիպ է պատրաստում

Հեռահար բժշկությունը ունի մի շարք ուղղություններ, ամենից տարածվածը համացանցային (ինտերնետային) կապի միջոցով բժշկական խորհրդատվությունների տրամադրումն է և վիդեոկոնֆերանսները` կոնսիլիումները: Հայ բժիշկներից, ինժեներներից և ճարտարագետներից կազմված հետազոտողների մի խումբ մինչև այս տարվա վերջ կավարտի հեռահար բժշկության ամբողջ համակարգի նախատիպի պատրաստումը: Այս մասին «Հետքին» ասաց ճարտարագետ, նախկին քաղաքական գործիչ (ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ) Հրանտ Խաչատրյանը, ով հունիսի 19-ին Երևանում կազմակերպված «DigiTec Business» ցուցահանդեսում ներկայացնում էր հետազոտողների վերոնշյալ խումբը: «Այստեղ ներկայացնում եմ այն թեման, որով զբաղվում ենք հիմա: Դա հեռահար բժշկության ոլորտի աշխատանք է` բժշկական ծառայություններ հեռավորության վրա` օգտագործելով հեռահաղորդակցման տեխնոլոգիաները և տեխնիկական լուծումները: Այսինքն` բժշկական սարքերը միացվեն համակարգչին, և այդ համակարգչի և ինտերնետային կապի միջոցով հասանելի լինեն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, երկխոսությունները: Խնդրի գաղափարական մասով, փաստաթղթերով զբաղվում ենք մենք ինքնուրույն, իսկ տեխնիկական մասը, մասնավորապես ծրագրավորումը իրականացվում է «Սայմոթեք» ընկերության միջոցներով: Մշակվել է գաղափարը: Կազմվել է այդ հարցի լուծման ալգորիթմը»,- ասաց Հրանտ Խաչատրյանը: Շատ պարզ ձևակերպումներով հեռահար բժշկությունը կարելի է ներկայացել այսպես. հիվանդն իր տանն ունի համակարգիչ, որը միացված է համացանցին (ինտերնետ): Համացանցին միացված համակարգիչ ունի նաև հիվանդանոցում գտնվող բժիշկը: Նրանք կապվում են իրար հետ և լուծում իրենց խնդիրները: «Բացի համակարգչից և ինտերնետից` հավելյալ ինչի՞ անհրաժեշտություն կա» հարցին ճարտարագետը պատասխանեց. «Բժշկին, բացի մասնագիտական գիտելիքներից, և հիվանդին, բացի իր առողջական վիճակից, պետք է ունենալ համակարգչից օգտվելու նվազագույն գիտելիքներ և հմտություններ: Եվ համակարգչային ծրագիրը երկուսին էլ արդեն հուշում է, թե ինչպես օգտվել: Օրինակ` հիվանդին հուշում է, թե ինչպես օգտվել բարդագույն բժշկական սարքավորումից, որը ինչ-որ ձևով տեղադրված է իր տանը կամ այնտեղ, որտեղ իրեն հարմար է: Այսինքն` ինքը դուրս չի գալիս, չի այցելում բժշկին, տանը ստեղծում է որոշակի հնարավորություններ: Այդ ուղղությամբ զբաղվում են հիմա բժշկական սարքավորում արտադրող հիմնարկները: Նրանք ամեն ինչը ավելի մատչելի են դարձնում, բայց այդ կազմակերպությունների հիմնական ուղղությունը բժիշկ-մասնագետի օգտվելու համար հարմար և բարձրորակ սարքավորման մշակումն է»: Հրանտ Խաչատրյանի խոսքերով, իրենց խնդիրը հիվանդի և այդ սարքավորման մեջ համակարգչային ծրագիր (ինտերակտիվ մուլտիմեդիա) ներդնելն է, որը, բացի տեքստային խորհուրդներից, հիվանդին տրամադրում է նաև ձայնային ու վիզուալ` տեսապատկերային խորհրդատվություն: Ծրագիրը եռալեզու է լինելու` հայերեն, անգլերեն և ռուսերեն: «Որպես վաճառքի ենթակա արտադրանք` մենք ընդամենը ներկայացնելու ենք մի փոքրիկ ֆիզիկական սարք: Վահանակ է լինելու, որը մի կողմից միացվում է սովորական տնային համակարգչին, իսկ մյուս կողմից, իր ստանդարտ համակցման կապերով, միացվում է բժշկական սարքավորմանը: Ինչպես նաև` ծրագրային համակարգ և համացանցային սերվեր, որն այդ ամենը կապում է միմյանց հետ: Բժշկի կողմից ընդհանրապես ոչ մի լրացուցիչ ծրագիր չի լինելու: Նա սովորական ինտերնետային կապի միջոցով կապվելու է սերվերի հետ և իրականացնելու է իր գործառույթները: Հիվանդի կողմից լինելու է որոշակի սարքավորում և ծրագրային համակարգ` հագեցած այդ համակարգչային ուղեցույցով»,- ասաց Հրանտ Խաչատրյանը: Նրա խոսքերով, սարքի արժեքը չի գերազանցի 150-200 դոլարը: Պետք է փորձեն այդ գնով շուկա մտնել անգամ սարքի ավելի բարձր ինքնարժեքի պայմաններում, որպեսզի մրցակցության առաջին փուլում որոշակի հաջողություն ունենան: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հեռահար բժշկության ճյուղի ներկայիս մակարդակը Հայաստանում` Հրանտ Խաչատրյանն ասաց,  «Հայաստանում կան ծրագրեր, և արդեն մի քանի տարի է, հիմնականում բժշկական հայկական կազմակերպություններ` հիվանդանոցներ, կլինիկաներ, ընդգրկված են միջպետական կապերով հեռահար բժշկության խոշոր ծրագրերի մեջ: Խոսքը հիմնականում այդ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու մասին է: Կան նաև կազմակերպություններ, որոնք մշակումներ են կատարում, այսինքն` նոր գաղափարներ են իրականացվել»: Մասնագետն ընդգծեց, որ իրենց ծրագրում շեշտը դրել են խնդրի ճարտարագիտական կողմի վրա: Այն բանից հետո, երբ պատրաստ կլինի հեռահար բժշկության համակարգի նախատիպը, ծրագրի հեղինակները բանակցություններ կսկսեն ոլորտով հետաքրքրված թե' հայաստանյան, թե' օտար սուբյեկտների հետ, «որպեսզի գումարներ ներգրավենք, այս համակարգը հասցնենք իր ավարտին»: Նախատեսվում է նաև ծրագրի գաղափարի հիման վրա ստանալ նախ Հայաստանի, ապա այլ երկրների արտոնագրեր: «Միևնույն ժամանակ, մինչև տարվա վերջ մենք արդեն կունենանք ուղեկցող արտադրանք, որը դուրս կգա շուկա և որոշակի եկամուտներ կապահովի այս թեման զարգացնելու համար: Դա սոցիալական ցանց է` և' Հայաստանի, և' արտաքին աշխարհի համար. այն մեծ ներդրումներ չի պահանջում, և այսօրվա մեր հնարավորություններով կարող ենք անել: Դա կներառի հիվանդների և բժիշկների ինտերնետային գրանցման համակարգը, ինչպես նաև, որոշակի չափով, ոչ ամբողջ ծավալով, փոխհարաբերությունների համակարգը: Դա մի կողմից և' փորձարկում կլինի, և' պիտանի կլինի արդեն մարդկանց` իրար հետ կապվելու համար: Իսկ բարդ տեխնիկական սարքավորում կցորդելու հետ կապված մասը կկատարվի մյուս տարի»,- ասաց Հրանտ Խաչատրյանը: Նա կանխատեսեց, որ Հայաստանում հեռահար բժշկության համակարգը կգործի, քանի որ մեր երկրում վերջին և նախավերջին սերունդներն արդեն օգտվում են ինտերնետային կապից. «Կան որոշ բարոյահոգեբանական խոչընդոտներ` ավագ տարիքի մարդկանց համար, բայց նրանք էլ միայնակ չեն. նրանց խնամողներ կան տանը, և եթե այդ ծառայությունը մատչելի և հասկանալի լինի, ապա պիտի որ մարդիկ փորձեն»: Հեռահար բժշկությունը հնարավորություն է տալիս, որ տարբեր երկրներում գտնվող հիվանդներ և բժիշկներ կապվեն իրար հետ, կամ տարբեր երկրների մի քանի բժիշկ նույն հիվանդի տվյալների հիման վրա ինտերնետային կամրջի միջոցով խորհրդատվություն անցկացնեն` նրա ախտորոշումը ճշտելու համար: «Հեռահար բժշկությունը ներառում է նաև վճարումների կազմակերպումը անմիջականորեն ինտերնետի միջոցով: Այդ ամբողջ համակարգը հավաքվում է միասին և որպես մեկ ծառայություն մատուցվում է սպասարկվողների երկու առանձին խմբերի: Այստեղ բժիշկները առանձին խումբ են կազմում, հիվանդները` առանձին: Եվ համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ երկու խմբերը համացանցի միջոցով ներկայացնում են իրենց բոլորովին տարբեր հատկանիշները. հիվանդի կողմից ներկայացվում են հիվանդության պատմությունը, առողջության վերաբերյալ տվյալներ, բժիշկների կողմից` մասնագիտական փորձ, երաշխավորություններ և այլն»,- ասաց Հրանտ Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter