HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզխորհրդի նիստում համայնքապետերը քնում էին, կամ էլ բջջայինով խաղ խաղում

Երեկ` հունիսի 19-ին Արագածոտնի մարզխորհրդի նիստն էր: Սա Սարգիս Սահակյանի առաջին նիստն էր մարզպետի պաշտոնում: Օրակարգում ներառված էր 10-ից ավելի հարց, որոնք բոլորն էլ կարեւոր էին, սակայն մարզի համայնքապետերն այնքան անտարբեր էին, որ ոչ մի քննարկում չեղավ: Վարչության եւ բաժինների պետերը ներկայացրեցին իրենց աշխատանքը եւ այդքանով ավարտվեց: Մարզխորհրդի նիստը տեւեց մոտ 2 ժամ եւ համայնքապետերը ձանձրույթից հորանջում էին կամ էլ իրար հետեւից դուրս գալիս դահլիճից: Ստիպված մի քանի անգամ մարզպետ Սահակյանը կոչ արեց ներկա համայնքապետերին հարցեր ուղղել, բանավիճել, բայց դրանից հետո էլ համայնքապետերն իրենց նստած տեղից չշարժվեցին: Երբ մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների պետական ավարտական եւ միասնական քննությունների ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը,  համայնքապետերի գերակշիռ մասը սկսեց քնել, կամ էլ բջջային հեռախոսով խաղ խաղալ: 20_06-marzxorhurdԻսկ երբ հոգնում էին, սկսում էին կողքինների հետ զրույցի բռնվել, ինչից էլ աղմուկ էր բարձրանում դահլիճում: Այդ առիթով մարզպետը ստիպված եղավ մի քանի անգամ գրիչով կտկտացնել սեղանին, որ համայնքապետերը գոնե լռեն, սակայն անօգուտ: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես թե դպրոցական դաս էր, ուսուցիչը, այս դեպքում մարզպետը, սաստում էր չարություն անող աշակերտներին (համայնքապետերին), իսկ նրանք շարունակում էին իրենց չարությունը: Մարզխորհրդի ձանձրույթը մեղմելու համար ժամանակ առ ժամանակ «կրակոտ» ելույթներ էին ունենում մարզպետարանի ներկայացուցիչները: Համայնքապետերի հետ բավականին կոշտ խոսեց ՏԻՄ վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանը: 20_06-S-Hovsepyan«Այսօր պետությունը բոլոր խնդիրները թողած զբաղվել է առեւտրի կանոնների կանոնակարգման հարցերով, դուք հանդես եք գալիս դիտողի դերում եւ ոչ մի խնդիր չեք լուծում: Համայնքներ կան, որտեղ սուպերմարկետ է գործում, բայց տեղական տուրք չի սահմանված: Իսկ «Առեւտրի եւ սպասարկման մասին» օրենքով դուք պարտավոր եք առեւտուրը կանոնակարգել ձեր համայնքներում: Ձեր կողմից օրենքների չկատարումը հիմնականում բխում է մի սկզբունքից, որովհետեւ ձեր նկատմամբ չի կիրառվում ձեզ պատժելու օրենքը` ձեզ պետք է անվստահություն հայտնվեր: Այսօր կառավարությունը մանրակրկիտ ուսումնասիրում է, թե համայնքապետերի կողմից պատվիրակված լիազորությունները չկատարելու դեպքում, ձեզ ուրիշ ինչ ձեւով պատժի, որ դուք վախենալով անեք այն լիազորությունները, որը պարտավոր եք անելու»,- ասաց Ս. Հովսեփյանը: Ըստ նրա, որոշ համայնքներում պարադոքս է ստացվում` համայնքապետերը բյուջեով տուրքեր չեք նախատեսել, բայց իրենց հաշվետվության մեջ երեւում է, որ համայնքն ունի 5 հատ խանութ: «Հետեւությունը մեկն է` ուրեմն կա խանութի վճարման անլեգալ ձեւ: Մի բան էլ, օրենքի պահանջով դուք պարտավոր եք ավագանու ձեր որոշումներն ուղարկել փորձաքննության` եւ մարզպետարան եւ Արդարադատության նախարարություն: Այսօր մենք ունենք համայնքի ղեկավարներ, որոնք իրենց անօրինական գործողությունների արդյունքում եկել հասել են այդ օրենքին, թե ինչու չի կիրառվել այդ օրենքը: Եթե որոշումը փորձաքննություն չի անցել եւ գյուղապետն այն մտցնում է ուժի մեջ, կրում է քրեական պատասխանատվություն»,- ավելացրեց ՏԻՄ վարչության պետը : Մարզխորհրդի նիստին ներկա գտնվող Արագածոտնի մարզի դատախազ Համլետ Զաքոյանն էլ տեղից ակնարկեց, որ մարզպետարանը ոչ մի անգամ օրենք խախտող համայնքապետերի համար դատախազություն չի դիմել: Իսկ մարզպետ Սարգիս Սահակյանն էլ այս առնչությամբ ասաց. «Մարզպետարանի ներկայացուցիչն ասաց, որ իրենք ներկայացրել են, դատախազն էլ ասաց, որ իրենց չեն ներկայացրել, անկեղծ ասած չգիտեմ ինչ է կատարվում»: Երբ փորձեցինք հենց դահլիճում զրուցել մարզի դատախազի հետ, թե արդյո՞ք մարզպետարանի ներկայացուցչի հայտարարությունը կնդունվի ի գիտություն եւ քրեական գործեր կհարուցվեն, պարոն Զաքոյանն ասաց, որ հիմա գնում է դատախազություն եւ իմ հարցերին կպատասխանի իր աշխատասենյակում, սակայն երբ գնացի նրա հետ զրուցելու, պարզվեց, որ Համլետ Զաքոյանը դատախազության շենքում չէ: Մարզխորհրդի նիստում համայնքապետերի անտարբերության վերաբերյալ մարզպետ Սարգիս Սահակյանը փոխանցեց հետեւյալը. «Ես այդ ձեւը չեմ ընդունում, ուզում եմ, որ հարց բարձրացվի, քննարկվի: Ես էլ բազմաթիվ անգամներ շեշտեցի, որ համայնքապետերն ակտիվ լինեն, հարց բարձրացնեն, ու միասին քննարկենք: Մարզխորհրդի նիստը դրա համար է: Միթե՞ համայնքի ղեկավարները որեւէ հարց չունեին: Անպայմանն պիտի քննարկումներ լինի եւ այդ կարգով ենք առաջ շարժվելու»: Նշենք, որ այսօր մամուլում հայտնվել է տեղեկատվություն, թե իբր երեկ` մարզխորհրդի նիստի ժամանակ, միկրոավտոբուսներով ոստիկաններ են բերել մարզպետարանի շենք, ինչն իրականություն չէ: Իսկ եթե ոստիկանի կարիք զգացվեր, ապա  միայն նրա համար, որ արթնացնեին դահլիճում քնած համայնքապետերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter