HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

SMS՝ տեղեկատվության մատուցման արդյունավետ գործիք

smsԴեռևս 2007 թ. կանխատեսվել է, որ 2012 թ. sms-ների (կարճ հաղորդագրությունների ծառայություն) փոխանակումից ստացված ընդհանուր համաշխարհային հասույթը կկազմի շուրջ 67 մլրդ դոլար, իսկ փոխանակվող sms-ների քանակը կհասնի 3,7 տրիլիոնի: Այս մասին այսօր «DigiTec Business» և «Մայքրոսոֆթ ինովացիոն» ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Մոբբիս» ընկերության տնօրեն Հովհաննես Քեշիշյանը: «Օրինակ Ռուսաստանում նախագահի` բնակչության հետ ամենամյա «Ուղիղ գծի» ժամանակ` դեռևս 2006 թ. բնակիչներն իրենց հարցերը նախագահին կարող էին ուղարկել նաև sms-ի միջոցով: Կամ, օրինակ, Իսրայելի խորհրդարանը հնարավորություն է ընձեռել երկրի բնակչությանն օրենքների վերաբերյալ իրենց դիտողությունները կամ առաջարկներն ուղարկել sms-ի միջոցով: Որոշակի ժամանակահատվածը մեկ բնակիչների կողմից ուղարկված հաղորդագրությունների հիման վրա խորհրդարանը հատուկ անդրդառնում է այն օրենքներին, որոնց հետ կապված, բնակիչների կողմից բարձրացված հարցերն ավելի շատ են եղել` ընդհուպ ընդգրկելով դրանք նիստերի օրակարգում: Կամ, ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման փոխնախագահի իր թեկնածուի անունը ԱՄՆ քաղաքացիներին առաջին անգամ հայտնել է sms հաղորդագրությունների միջոցով, որից հետո այն նոր հեռուստատեսությամբ է հայտարարվել»,- ասաց Հովհաննես Քեշիշյանը: Նրա խոսքերով, Հայաստանում sms տեխնոլոգիաների վրա հիմնված լրացուցիչ ծառայությունները սկսեցին կիրառվել 2007 թ.-ից: Օրինակ` վերջերս իրենք «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» կազմակերպության պատվերով մի նախագիծ են իրականացրել, որը հնարավորություն է տալիս գյուղերի բնակիչներին sms-ի միջոցով իմանալ, թե տարբեր գյուղմթերքներ մեծածախ կամ մանրախած ինչ գին ունեն Երևանի և Գյումրիի մի քանի շուկայում: Հովհաննես Քեշիշյանը նշեց, որ ապրանքներ կամ ծառայություններ վաճառող ցանկացած ընկերություն իր գործունեության ընթացքում մշտապես առնչվում է անհրաժեշտ տեղեկությունները նպատակային խմբին հասցնելու խնդրին: Եվ մինչ այսօր շատ բանկեր զանգահարում են վարկառուներին և հիշեցնում, որ, ենթադրենք, վաղը վարկի մարման օրն է: Մի հոգին օրվա ընթացքում կարող է զանգահարել առավելագույնը 200 հոգու: Մինչդեռ sms տեխնոլոգիաների միջոցով այդ նույն մարդը 10-15 վայրկյանում կարող է պահանջվող հիշեցումը ուղարկել հազարավոր մարդկանց` խնայելով և ժամանակ, և ռեսուրսներ: Անդրադառնալով գովազդի ոլորտում sms-ի դերին` Հովհաննես Քեշիշյանը օրինակ բերեց ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններին: Երբ օրենքն արգելեց այն ընկերություններին իրենց արտադրանքը հեռուստատեսությամբ և ռադիոյով գովազդել, առաջ եկավ այնպիսի այլընտրանք գտնելու հարցը, որը կկարողանա ապահովել հեռուստալսարանին համարժեք լսարան: Այդ այլընտրանքը եղան բջջային տեխնոլոգիաները. մի քանի տարի է, ինչ խմիչք և ծխախոտ արտադրող` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն իրենց հիմնականում գովազդում են բջջային տեխնոլոգիաների միջոցով: «Ընդ որում, խոսքը միայն շահումային ակցիաների մասին չէ: Օրինակ` 2007 թ. մոսկովյան «Կրիստալլ» գործարանն իր սպառողներին հնարավորություն տվեց ևս մեկ մեթոդով տարբերել իր գործարանի արտադրանքը կեղծված արտադրանքից: Շշի խցանի մոտ փակցված էին հատուկ պաշտպանիչ շերտով կոդեր, որոնք շիշը բացվելիս վնասվում էին, որպեսզի երկրորդ անգամ հնարավոր չլինի փակցնել շշին: Եվ այդ կոդը sms-ով ուղարկելով կարճ համարին` բաժանորդը ստանում էր հստակ պատասխան, թե արդյոք տվյալ ապրանքը «Կրիստալլ» գործարանի արտադրա՞նքն է, թե՞ ոչ»,- ասաց «Մոբբիս» ընկերության տնօրենը: Նա նշեց նաև հանրախանութների կողմից հաճախ գնորդներին տրվող գովազդային բուկլետների մասին, որոնք տեղեկություններ են պարունակում տարբեր ապրանքների գների իջեցման վերաբերյալ: Այդպիսի բուկլետներ պատրաստելու, 50 հզ. օրինակով տպագրելու և իսկապես արդյունավետ կերպով տարածելու համար առնվազն կպահանջվեն 10 օր և մեծ գումարներ: Եթե, ենթադրենք, մեկ ամիս հետո ապրանքի գինը փոխվի, ապա այս ամբողջ գործընթացը պետք է կրկնել: Հովհաննես Քեշիշյանը նշեց, որ sms տեխնոլոգիաների միջոցով այդ ամենը կարելի է անել 10-20 անգամ ավելի էժան և առնվազն 50 անգամ ավելի արագ և վստահ լինել, որ տեղեկատվությունը տեղ է հասել: Նրա խոսքերով, sms-ը` որպես տեղեկատվության մատուցման արդյունավետ գործիք, սկսում է արդարացնել իրեն ցանկացած բնագավառում, երբ տեղեկատվության ծավալը մեծ չէ, և այն պետք է օպերատիվ հասցնել նպատակային խմբին: Այդպիսի բնագավառներ են սպասարկման ոլորտը` առաքման կամ տաքսի ծառայությունները, ժամանցի վայրերը, ինչպես նաև բժշկական կամ բուհական հիմնարկությունները, սոցիալական ծառայությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները: «Այսինքն` բոլոր այն կազմակերպությունները, որոնք մշտապես փոխհարաբերությունների մեջ են գտնվում իրենց շահառուների, հաճախորդների, գնորդների, գործընկերների, աշխատակիցների հետ, մշտապես ունեն նրանց հետ տեղեկատվության փոխանակման խնդիր` սկսած ընդունելության ժամի նշանակումից, հիշեցումից, նոր ծառայության մասին տեղեկատվությունից և այլն, և այդ ամենը կարող են իրականացնել sms տեխնոլոգիաների հիման վրա մշակված ծրագրային լուծումների միջոցով»,- նշեց Հովհաննես Քեշիշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter