
«Ընդհանրապես չի կարելի կիրառել մահմեդական հայ հասկացությունը, այդպիսի բառակապակցություն գոյություն չունի: Մենք պետք է կիրառենք մահմեդականացված հայերի սերունդներ»,-այսպիսի խորհուրդ տվեց Հայելի ակումբում պատմաբան Թամարա Վարդանյանը:
«Իսկ բուդդիստ ամերիկացին նորմալ է՞» հարցին Թ. Վարդանյանը պատասխանեց, որ հայկական ինքնության մասին խոսելիս չի կարելի առաջնորդվել ընդունված տեսություններով: «Ազգերը իրենց ինքնության մակարդակով տարբեր են: Հայկական ինքնությունը շատ ավելի ձեւավորված եւ կայացած է, ուստի առաջնորդվելով այլ կատեգորիաներով` կընկնենք թակարդը: Ամերիկացին դա քաղաքացիություն է, եւ նրանք էթնիկ ընդհանրություն չունեն»,-ասաց Թամարա Վարդանյանը:
21-րդ դարում էլ, ըստ պատմաբանի, ինքնության խնդիրներում գործում է նույն տրամաբանությունը, ինչ առաջներում: Սակայն օրինակ Ադրբեջանն ու Վրաստանը սկսել են ավելի կարեւորել այդ հարցը, քան նրանց նախնիները. «Նրանք առաջ են քաշում մեկ ազգ, մեկ կրոն հասկացությունները: Այս տենդեցները մենք պետք է տեսնենք: Ադրբեջանում այսօր այլ ուղղություն են որդեգրել` ադրբեջանական իսլամ, ազգայնացված իսլամ»:
Ըստ պատմաբանի` ինքնությունն ազգային անվտանգության կատեգորիա է եւ դրա լղոզումը մարտահրավեր է. «Մահմեդականացված հայերի որոշ մասը եկել է Հայաստան, որոշ մասը Ստամբուլում է: Հայրենադարձները շատ կարեւոր քայլ են կատարել, բայց կարեւոր է, թե այդ սերունդների մոտ հայրենիքի գիտակցությունն առկա է արդյոք, եւ որն է նրանց հայրենիքը: Ստամբուլի հայերի համար իրենց հայրենիքը Թուրքիան է, նրանք աշխատում են Թուրքիայի բարեկեցության համար»:
Հայերի կողմից մահմեդականության ընդունումը պատմաբանի կարծիքով նշանակում է նաեւ նրանց աշխարհայացքի փոփոխություն, իսկ եթե հայը մահմեդականացվել է հանգամանքների բերումով, ապա «նրանք պետք է ապրեն, գոյատեւեն վերադարձի գաղափարով, եթե այդ չկա, ուրեմն նրանք հեռանկար չունեն»:

Պատմաբան Գեւորգ Յազըճյանն էլ կարծում է, որ հայերը իսլամացել են բռնի ուժով. «Բայց միայն հայախոս քրիստոնյային էլ հայ չի կարելի համարել: Հայաստանում կան հայերի հին հավատքի դավանորդներ, ուստի վերցնել բանաձեւը` հայը հավասար է հայ քրիստոնյային, ուրեմն նրանք հայեր չեն, անհեթեթություն է»:
Բանախոսը գտնում է, որ մահմեդական կրոն դավանողն իրեն հայ չի համարում. «Հայաստանը միակ երկրներից է, որտեղ իսլամական համայնք գոյություն չունի, դրանք քաղցկեղի նման են, դրանք կկլանեն եւ կփոխեն: Մեր պետությունը պատրաստ չի, մենք ազգային անվտանգություն չունենք, սրանք ազգային անվտանգության խնդիրներ են: Թուրքիայում այս հարցերով զբաղվում է իրենց ԱԱԾ-ի 6-րդ գլխավոր վարչությունը, որը կոչվում է հոգեբանական պաշտպանության, ուրեմն դա պետական խնդիր է նրանց համար: Ես չգիտեմ` մեր ԱԱԾ-ն նման հարցերով գոնե հետաքրքրվում է»:
Նա դժբախտություն որակեց ցուցանիշը, որ երեք հազար սփյուռքահայերից միայն մեկն է Հայաստանի քաղաքացիություն ստանում. «Ուրեմն չկա հավատք պետության նկատմամբ»:
Յազըճյանը հիմարություն է համարում նաեւ Հայաստանում տարածված այն տեսակետը, թե հայ ազգը բաղկացած է տարբեր էթնոսներից. «Այս տեսակետը արտահայտել էր նաեւ Իգոր Մուրադյանը, եթե ազգայնի անվտանգությունը գոյություն ունի, պետք է նրանից բացատրություն պահանջեր: Հայաստանում ապրում եւ ռուսերեն են խոսում օրինակ Իգոր Մուրադյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Ռուբեն Սահակյանցը, ուրեմն նրանք այս պետության նկատմամբ հավատք չունեն: Իսկ հայությունը չունի ինքնության խնդիր: Մեզ համար ինչ-ինչ անբարյացակամ տրամադրված ուժեր ստեղծում են ինքնության խնդիր»:
Օրինաչափություններ գոյություն ունեն, որոնց վրայով, ըստ Յազըճյանի, չպետք է ցատկել. «Ինչպես Սերժ Սարգսյանը Նյու-Յորքում հաճոյանալու համար ասաց, թե մենք ինչու մշակութային, լեզվական, կրոնական տարբերություններ դնենք: Այ սիրելիս, ինչպես է այդ դեպքում որոշվում հայը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել