HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրիբոյեդով համայնքն արդեն 10 տարի դատական քաշքշուկի մեջ է

Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի գյուղապետարանի շենքը, մշակույթի տունն ու մանկապարտեզը մի քանի տարի է դատարանի վճռով արգելանքի տակ է: Գրիբոյեդովի նախկին գյուղապետ Կամո Ջամալյանը գյուղապետ եղած ժամանակ՝ 1998 թվականին 10 հեկտար  վարձակալական վարելահող է ձեւակերպել կնոջ եւ որդու անունով: Սակայն, երբ գյուղապետ է ընտրվել Սոս Գաբրիելյանը, այդ 10 հեկտարը վերցրել է Ջամալյանների ձեռքից եւ հատկացրել գյուղացիներին:

Դրանից հետո սկսվել է դատավարությունների տարիներով ձգվող մի շղթա: «Հետքի» հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանն ասաց, որ Կամո Ջամալյանը դիմելով դատարան պահանջել է 52 միլիոն դրամի վնասի հատուցում, պատճառաբանելով, որ 2000-2002 թվականներին ինքն այդքան եկամուտ կստանար հողից, եթե այն մշակեր: ՙ «2002 թվականին քաղաքացիական վերաքննիչ դատարանն օրինական է համարել 52 միլիոն դրամի պահանջը եւ Կամո Ջամալյանի հայցը բավարարել էր, իսկ երբ ներկայիս գյուղապետը վերաքննիչ բողոք ներկայացրեց՝ վերաքննիչ դատարանը բեկանեց վճիռը: Մոտ  2  ամիս առաջ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, հիմա չգիտենք թե Վճռաբեկը ինչ վճիռ է կայացրել, իմ իմանալով գյուղապետն էլ չգիտի»,-նշեց իրավաբանական բաժնի պետը: Յուրի Մանվելյանի ասելով, 52 միլիոնի պահանջն անհիմն է, քանի որ հողից այդքան եկամուտ հնարավոր չէ ստանալ: Մենք զրուցեցինք նաեւ Գրիբոյեդովի համայնքապետ Սոս Գաբրիելյանի հետ: Նա չցանկացավ պարզաբանումներ տալ՝ պատճառաբանելով, որ գործը դատարանում է եւ ինքը չգիտի, թե ինչ որոշում կկայացվի: «Մենակ կարող եմ ասել, որ արդեն 10 տարի է դատական քաշքշուկների մեջ ենք»,-ասաց Սոս Գաբրիելյանը: Նշենք, որ գրիբոյեդովցի մոտ 50 երեխա այս պահին մանկապարտեզ չի գնում միայն այն պատճառով, որ շենքն արգելանքի տակ է եւ վերանորոգման կարիք ունի, սակայն համայնքապետարանը վերանորոգման աշխատանքներ չի կարող իրականացնել՝ դա է պահանջում օրենքը: Նույն պատճառով անմխիթար վիճակում է հայտնվել նաեւ գյուղի մշակույթի տունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter