HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ հարցում է ուղարկել պատգամավորի մուտքն արգելելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից Տիգրան Բալայանը «Հետքին» տեղեկացրեց, որ հունիսի 19-ին վրացական սահմանին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին Վրաստան մուտք գործելն արգելելու կապակցությամբ ԱԳՆ-ն հարցում է ուղարկել Վրաստանի իշխանություններին: Սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Դեպքի կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև «Միտք» վերլուծական կենտրոնը, որտեղ պահանջում է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին իր առաջիկա այցի ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրել ինչպես Շ. Թորոսյանից, այնպես էլ՝ բազմահազար ջավախահայերից, որոնք յուրաքանչյուր օր նվաստացվում են ՀՀ-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում: «Սա երկու երկրների պատմության մեջ իր նախադեպը չունեցող երևույթ է, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյային առանց բացատրություններ տալու արգելում են մտնել Վրաստանի կողմից վերահսկվող տարածքներ: Այս փաստն ինքնին  մատնանշում է. ·    վրացական պետության խուճապահար պահվածքը, երբ Ջավախքի խնդրի արդարացի լուծման համար պայքարողներին հնարավորինս հեռու են պահում խնդրո առարկա տարածաշրջանից, ·    վրացական պետության լկտի պահվածքը Հայոց պետության նկատմամբ, սա հատուկ շեշտում ենք, քանի որ Շիրակ Թորոսյանը հանդիսանում է ոչ պարզապես քաղաքացի կամ պաշտոնյա, այլ՝ Ազգային Ժողովում ՀՀ իշխող կուսակցության՝ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր, ·    վրացական պետության մշտնջենական ոչ բարեկամական դրսևորումների հերթական ապացույցը հայկական կողմի նկատմամբ, երբ վրացիներն իրենց քայլերում անգամ հաշվի չեն առնում Վրաստանի նախագահի՝ ՀՀ մոտալուտ այցի փաստը, որտեղ, ինչպես հայտնի է, բարձրացվում են «բարեկամության» ավանդական բաժակները ·    ելնելով այն հանգամանքից, որ Շիրակ Թորոսյանը ծնունդով Ջավախքի Գանձա գյուղից է, կապված է իր հայրենի հող ու ջրի հետ, ունի այնտեղ բազմաթիվ հարազատ-բարեկամներ՝ նրան Վրաստանի տարածք արգելելու փաստը նաև համարում ենք վրացական պետության կողմից Շիրակ Թորոսյանի անձին բարոյական վիրավորանք հասցնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու քայլ»,-ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter