HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ SOS TEGHUT - ի ակտիվիստներին

Վերջին օրերին տարբեր լրատվական միջոցներով լայն շրջանառության մեջ է դրվել  և տարբեր հակասական արձագանքների պատճառ դարձել «Բաց նամակ – պահանջագիր» վերնագրված մի փաստաթուղթ` հասցեագրված ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին: Փաստաթղթի հեղինակները պահանջում են «չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը և դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները»: Ըստ հեղինակների հայտարարությունների` արդեն բազմաթիվ ստորա­գրու­թ­յուն­ներ կան այս փաստաթղթի տակ: Նույնիսկ ակցիայի նախաձեռնողներն են պնդում, որ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի և, հետևաբար, չի կարող ունենալ իրավական հետևանքներ, քանի որ փաստաթղթում նշված չեն ստորագրողների անձնագրային կամ այլ տվյալներ: Սակայն, այդուհանդերձ, այդ ակցիան որոշակի աղմուկ առաջացրեց` հարուցելով մեր` Լոռու մարզի երիտասարդներիս վրդովմունքը: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հետ իր ապագա բարեկեցության հույսը կապում է մի ողջ մարզի ազգաբնակչություն: Իսկ ծրագրի իրականացման տնտեսական չափումների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տնտեսական հետևանքներ ծրագրի իրականացումը կունենա ամբողջ Հայաստանի համար: Ծրագրի իրականացման անհրաժեշտությունն առավել ակնառու է դառնում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ խիստ կարևոր է նոր ստեղծվող յուրաքանչյուր աշխատատեղ: Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված տարածաշրջանին տնտե­սական վերակենդանացում խոստացող ծրագրի դադարեցման ձեր պահանջը մենք` Լոռու երիտասարդներս, ընկալում ենք որպես անողոք թշնամական ագրեսիա մեր և մեր երեխաների ապագայի նկատմամբ: Սակայն, քավ լիցի, մենք բնավ այն կարծիքին չենք, որ տնտեսական զարգացման ծրագրեր կարելի է իրականացնել բնապահպանական ցանկացած վնասի գնով: Ուստի կոչ ենք անում ձեզ՝ մինչ տարբեր սարսափաշունչ «Բաց նամակներ» հեղինակելն ու ՀՀ բարձարագույն քաղաքական ղեկավարությանը հասցեագրելը, փորձե´ք գտնել համախոհներ նաև մեր շարքերում: Լոռու մարզում պարբերաբար կազմակերպվում են հասարակական բնապահպանական միջոցառումներ (այդ թվում նաև Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության կողմից), որոնք ուղեկցվում են բնապահպանական հրատապ խնդիրների մասին հրապարակային քննարկումներով: Ձեր կազմակերպությունը կամ նրա որևէ ներկայացուցիչ երբևէ չի մասնակցել այդ բնապահպանական միջոցառումներին: Ձեզ հրավիրում ենք հրապարա­կա­յին քննարկման, որի շրջանակներում, կարծում ենք, հնարավոր կլինի համադրել հակադիր փաստարկները և ձերբազատվել խնդիրների միակողմանի դիտարկման ժամանակ անխուսափելի ծայրահեղություններից: Վերջին շրջանում մամուլում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում հրապարակումներ, որոնցում խոսվում է բնապահպանական հասարակական կազմակերպությունների օտարերկրյա դրամա­շնորհներով իրականացվող տարբեր լրտեսական գործողությունների մասին: Հարկ է գիտակցել, որ գիտական հիմնավորում չունեցող, զգացմունքային ծայրահեղական հայտարարություններով դուք կարող եք վարկաբեկել բնապահպանության վեհ գաղափարն ընդհանրապես, ինչից կարող են չարամտորեն օգտվել տարբեր ոչ բարեխիղճ տնտեսվարողներ: Ձեր ծայրահեղական քայլերով դուք կարող եք վարկաբեկել բնապահպանությամբ իրապես մտահոգ մասնագետներին և զգալիորեն սահմանափակել նրանց իրապես հայրենանվեր գործունեությունը: Խնդրում ենք այս նամակն ընկալել որպես ձեզ մեկնած ձեռք: Առաջարկում ենք մեր հանրապետությունում տեղ գտած բացասական երևույթների դեմ պայքարել ձեռք ձեռքի տված` հանուն բնության, հանուն մեր երեխաների ապագա բարեկեցության, հանուն կյանքի: Ալավերդու երիտասարդական միություն Շնողի և Թեղուտի երիտասարդական կազմակերպություն Վանաձորի «Կարողություն և զարgացում հանուն քաղաքացիական հասարակության» երիտասարդական հասարակական կազմակերպություն Վանաձորի «Երիտասարդության ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպություն «Հանուն Լոռու մարզի երիտասարդության» կամավորականների միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter