HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում ներդրումների համար ազատ դաշտ կա զբոսաշրջության եւ տրանսպորտի բնագավառներում

ArcakhԱվարտվեց Ստեփանակերտում կազմակերպված BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը, որին մասնակցում էին 100-ից ավելի  արցախցի, հայաստանյան եւ արտասահմանյան գործարարներ: Մասնակցիները 6 բաժանմունքներում քննարկում էին բիզնեսին առնչվող տարբեր թեմաներ: Միջոցառման շրջանակներում համաժողովի մասնակիցները այցելեցին Ստեփանակերտի մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաեւ եղան Շուշիում, մասնակցեցին «Արցախի ներգնա զբոսաշրջության հեռանկարները» շնորհանդեսին: «Տրանսպորտային համակարգի զարգացումը որպես արդյունավետ բիզնեսի նախապայման» թեմայով քննարկման ընթացքում Ղարաբաղի տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակի եւ հեռանկարների մասին ելույթ ունեցավ ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղում ուղեւորափոխադրումներ իրականացնող 26 կազմակերպություններին սեփականության իրավունքով իրականում պատկանում են ավտոբուսային պարկի մոտ 10-15 տոկոսը, որոնք ներգրավված են հիմնականում գերշահութաբեր երթուղիներում, իսկ մնացած շարժակազմը` վարորդ-սեփականատերերին: «Ավտոբուսների մոտ 90 տոկոսն ունի 20 եւ ավելի տարիք, եւ հենց այդ է պատճառը, որ փոխադրող կազմակերպությունները չեն կարողանում տնտեսապես զարգանալ, բարձրացնել սպասարկման մակարդակը: Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով մշակվել է ծրագիր, որով կազմակերպություններին սպասարկման իրավունքի հատկացման համար առաջարկվում է ոչ թե առանձին երթուղիներ, այլ երթուղիների փաթեթ, որն իր մեջ կպարունակի ինչպես եկամտաբեր երթուղիներ, այնպես էլ քիչ եկամուտ բերող երթուղիներ»,-նշել է Տիգրան Գաբրիելյանը: Շեշտելով հանրապետության ավտոբուսային պարկի թարմացման անհրաժեշտությունը, Տ.Գաբրիելյանը տեղեկացրել է, որ պահանջվող քանակի եւ դասի ավտոբուսների  ներկրման համար կցուցաբերվի պետական աջակցություն` արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով: Խոսելով հանրապետությունում բեռնափոխադրումների վիճակի մասին, տրանսպորտի բաժնի պետն ընդգծել է, որ բոլոր տեսակի փոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով` ՀՀ-ից կամ նրա միջոցով: 2008 թ. տվյալներով` բեռնափոխադրումների ծավալը կազմել է 386.3 հազ. տոննա, որը 2007 թ. նկատմամբ աճել է 41.3 տոկոսով, սակայն, ըստ զեկուցողի, բնագավառում դեռ անելիքներ շատ կան` ինչպես իրավական դաշտի, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ստեղծման առումով: Պարզվում է, որ Ղարաբաղում նման գրանցված մասնագիտացված ընկերություն չկա, բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է անհատների միջոցով, ինչը բարձրացնում է փոխադրման ինքնարժեքը: ՀՀ եւ ԼՂՀ փողադրողների միջեւ համագործակցության մասին քննարկումների ժամանակ խոսեցին մասնակիցներից շատերը, նույնիսկ  բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ստեղծման եւ հետագա համագործակցության խթանման առաջարկ արեցին հայաստանցի գործընկերները: Հայաստանում ամրանների փոխադրմամբ զբաղվող «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը, ներկաներին տեղեկացրեց Ղարաբաղում ընկերության մասնաճյուղ բացելու իրենց պատրաստակամության մասին` հաշվի առնելով Արցախում շինարարական տեմպերը: Նրա խոսքերով, նախնական պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Քննարկումների ժամանակ նույնիսկ Հայաստան-Ղարաբաղ երկաթգծի առաջարկ արվեց, ինչին ի պատասխան ՀՀ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանն ասաց, որ այդ մասին անհրաժեշտ կլինի մտածել Իրանի հետ երկաթուղային գիծ ունենալուց հետո: Մասնակիցները կարեւորեցին նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը եւ օդային կապի ստեղծումը, ինչն ըստ նրանց, նույնպես կխթանի Ղարաբաղում բիզնեսի, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը: BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովի շրջանակներում գործնական քայլերի մասին խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարող է ուղղակի աջակցություն ցույց տալ Արցախի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը` ապահովելով հայաստանցի պետծառայողների հանգստի մեկնումը ԼՂՀ, սակայն, ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է նաեւ համապատասխան պայմաններ ստեղծել, ինչն Արցախում այնքան էլ բավարար մակարդակի վրա չէ: Իսկ նշված պայմանների ստեղծումն իր հերթին նոր ներդրումների ասպարեզ է բացում գործարարների համար: «Եւ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության մոտ 90 տոկոսը չի եղել Ղարաբաղում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ներուժ կա զբոսաշրջության զարգացման համար»,-ավելացրել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter