HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մտավորականների հավաքը և շահարկման վտանգը

Ադրբեջանի մտավորականները առաջարկում են հուլիսին հայ մտավորականների հետ համատեղ անցկացնել քննարկումներ Ղարաբաղի հարցի շուրջ: Թե իրականում ինչ են քողարկում ադրբեջանցիները «հանրային դիվանագիտություն» կոչվածի տակ այսօր Արմատ ակումբում ներկայացրեցին տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանն ու ռազմական հոգեբանության գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը: Վերջինս մտավախություն ունի, որ այս նախաձեռնությունը հետապնդում է շահարկման վտանգ. «Խոսքը նրա մասին է, որ ադրբեջանահաճո դիրքորոշումները մեզանում հասունացնելու փորձ է»: Վտանգը նրանում է, որ մարդիկ հարաբերվելիս համակրանք են սկսում տածել, իսկ «համակրանք առաջանալուց հետո մարդը ավելի հեշտ է գնում զիջելու»: Քանի որ ադրբեջանական հանրույթը ձեւավորվել է հայատյացության քարոզչությամբ եւ «կառավարվող է», ուստի նման նախաձեռնությունը, ըստ հոգեբանի, չէր կարող լինել ինքնաբուխ, այսինքն` ադրբեջանական իշխանությունը տեղյակ է. «Եթե տեղյակ է եւ խրախուսում է, ապա մեզ համար մտորելու տեղիք կա»: Կարեն Վրթանեսյանն էլ նշեց, որ կայանալիք հավաքի մասնակիցներից մեկն էլ վերջերս ասել է` հանդիպումը կայանալու է Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ. «Այսինքն` շատ լավ պարզ է դառնում, որ խոսքը գնում է ադրբեջանական թեզեր առաջ քաշելու մասին, օրինակ, որ Հայաստանը արեւելյան Ադրբեջանն է»: Ուստի հայ մտավորականները, ըստ Վրթանեսյանի, պետք է լինեն այնքան պատրաստված, ինչպես ադրբեջանցիները. «Ինչը հազվագյուտ է լինում: Ընդհանրապես վերցնում են մարդկանց, ովքեր հպանցիկ պատկերացում ունեն հակամարտության մասին»: Ջամալյանն էլ խորհուրդ է տալիս հարաբերվել որպես անձ, երբ ազգային խնդիրներն առնչություն չունեն: Վրթանեսյանը նշեց, որ մենք չենք  արձագանքում հարեւան երկրում տեղի ունեցող գործընթացներին, օրինակ, «այնտեղ տեղի է ունենում ազգագոյացման գործընթաց, այսինքն ադրբեջանցիների կայացման փուլը կարծես թե ավարտին է մոտենում եւ ադրբեջանցիների, որպես ազգ կայացումը, անբաժան է հայատյացությունից»: Սակայն միջազգային կազմակերպությունները Հայաստանին են կոչ անում լինել հանդուրժող, մինչդեռ Վրթանեսյանը խորհուրդ է տալիս գործընթացը սկսել Ադրբեջանից, քանի որ  «ունիվերսալ տիեզերական չարիքի մարմնավորումը Ադրբեջանում հայերն են»: Ջամալյանն էլ նշեց, որ մեզ թվում է, թե թուրքը փոխվել է, սակայն ոչ թուրքը, ոչ էլ հայը չի փոխվել. «Եթե գնում ենք հանդիպման այն տրամադրվածությամբ, որ կբարեկամանանք, ամեն ինչ լավ կլինի, մենք մեզ խաբում ենք եւ բթանում է վտանգի առողջ զգացողությունը, ինչը խոցելի է դարձնում: Միշտ ջարդերը, ցեղասպանությունները եղել են այն ժամանակ, երբ հայության զգոնությունը բթացած էր»: Ադրբեջանական քայլերին հայերը «քմծիծաղ» են տալիս, սակայն քսան տարուց այդ քայլերի հիման վրա, ըստ Վրթանեսյանի, մեզանից փորձելու են ավելի զիջումներ պահանջել: Հոգեբանը պարզաբանում է իրավիճակը. «Հաղթանակից հետո մեզ մոտ ագրեսիվ դիրքորոշումը մեղմվել է: Մեզ երկար թվում էր, թե ամեն ինչ ձեռք ենք բերել, կարելի է հանգիստ նստել: Ադրբեջանցիները այդպես չեն մտածել, նրանք առ այսօր պատրաստվում են նոր ռեւանշիստական պատերազմի: Ալիեւյան մարտական հռետորաբանությունը նպատակ ունի նախ եւ առաջ հոգեբանորեն պատրաստել ադրբեջանական հանրույթը նոր հաղթական պատերազմի: Նախապատարաստվում է Ադրբեջանը` շատ լուրջ: Վաղ թե ուշ Ադրբեջանը երկրորդ փորձը անելու է` խնդիրը ի օգուտ իրեն լուծելու: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, իսկ կանխելու համար պետք է հոգեբանորեն չթուլանանք»: Ջամալյանը կարծում է, որ մեղքի բաժին ունեն նաեւ լրագրողները, քանի որ ադրբեջանցիների մասին խոսելիս քողարկում են թշնամի բառը. «Մեր հանրությունը պետք է հասկանա` մենք ապրում ենք թշնամու կողքին: Նրա հետ պետք է հարաբերվել, պետք է փորձել փոխշահավետ հարաբերությունների մեջ մտնել: Երբ ասում ենք` ադրբեջանական հանրույթը թշնամական է, դա չի նշանակում, որ չենք հանդուրժելու իրենց ապրելու իրավունքը, բայց ոչ մեր հաշվին»: «Ինչու հայկական կողմը չի հակազդում ադրբեջանական քայլերին»` «Հետքի» հարցին Վրթանեսյանը պատասխանեց. «Ես էլ կուզենայի այդ հարցը տալ համապատասխան մարմիններին: Ես պատասխանը ուղղակի չունեմ, բայց համարում եմ, որ մենք պարտավոր ենք պաշտոնապես մոնիտորինգի ենթարկել ադրբեջանական մամուլը, եւ ըստ տեղ գտած հայատյաց օրինակների, համապատասխան հակազդեցություն անել: Սա շատ լուրջ հարց է, քանի որ նրանք ասում են` հայերին վերացնելը գովելի գործունեություն է, մենք ժպտում ենք, բայց նրանք դա մտածված են անում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter