HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագետների հավաստմամբ` ճգնաժամի պայմաններում մարդիկ ավելի շատ են թերթ գնում

pressՀամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում) իր ազդեցությունն է թողել գրեթե բոլոր ոլորտների, այդ թվում նաև` տպագիր մամուլի վրա: Տպարաններում ծախսերն ավելացել են, ինչն ազդում է թերթերի տպաքանակի վրա: Տպագիր մամուլի համար լուրջ խնդիր է նաև գովազդը. ճգնաժամի պայմաններում թերթերը գրեթե առանց գովազդի են մնացել, ինչը նույնպես ֆինանսական տեսանկյունից լրջորեն ազդում է տպագիր մամուլի վրա:

3 000 տպաքանակ ունեցող «Հրապարակ» օրաթերթը լույս է տեսնում 2008 թվականից: Թերթի տպաքանակի վրա ճգնաժամն ազդեցություն չի թողել. գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հավաստմամբ`ճգնաժամի շրջանում թերթ ավելի շատ են գնում: «Զուտ վաճառքի առումով էական ազդեցություն չի թողել: Բայց տպագրության հետ կապված ծախսերի առումով, հովանավորների, գովազդի հետ կապված խնդիրներ են լինում, դրանք զգալի են թերթի վրա: Եթե առաջ ստանում էինք մի շարք գովազդներ և դրանցից գումարներ էին գալիս թերթին, հովանավորներ ունեինք, ապա հիմա և' գովազդն է կրճատվել, և' հովանավորները, և' տպագրության ծախսերն են մեծացել: Թերթերի գինն էլ մնացել է նույնը, ինչ որ, ասենք, մի 7-10 տարի առաջ, մինչդեռ բոլոր ապրանքների գները բարձրացել են, և այսօր այդ 100 դրամ թերթի գինը իրատեսական չէ: Եթե հնարավոր լիներ թերթերի գները բարձրացնել, ու դա չազդեր վաճառքի վրա, միգուցե ճգնաժամն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա մեզ վրա: Բայց փաստ է, որ մենք վախենում ենք գին բարձրացնել, վախենում ենք  ընթերցող կորցնել, և դա ազդում է մեր ֆինանսական վիճակի վրա»,- ասում է Արմինե Օհանյանը: Նրա հավաստմամբ` այսօր Հայաստանում, թերևս, չկան թերթեր, որոնք զուտ սպառումով ինքնածախսն ապահովեն: «Հրապարակ» օրաթերթը ճգնաժամին դիմակայելու հետևյալ սկզբունքն է մշակել` թերթը պետք է ավելի լավը լինի, ավելի շատ ընթերցողական շրջանակ ընդգրկի, ավելի շատ սպառում ունենա: «Եթե կարողանանք այս դժվար պայմաններում ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, մենք ազատ ենք, անկախ ենք, օբյեկտիվ, շատ արագ դուրս կգանք այս վիճակից ու ինչ-որ ժամանակ հետո կկարողանանք այնպիսի վաճառք ունենալ, որ մեր ծախսերը ծածկենք»,- ասում է Ա. Օհանյանը: Ըստ գլխավոր խմբագրի` օբյեկտիվ լրատվությունն է միակ ճանապարհը, որպեսզի թերթը լայն շրջանակների հետաքրքրի, և մարդ չափսոսա 100 դրամ տալ ու իրենց թերթը գնել: «Տպաքանակը չի կրճատվել, տպաքանակի վրա ճգնաժամը որևէ ազդեցություն չի ունեցել, ոչ էլ վաճառքի վրա: Ընդհակառակը, այսօր վաճառքն ավելի լավ է, քան հունվարին կամ դրանից առաջ: Թերթի աշխատանքն այնպիսին է, որ մենք պետք է ընթերցողին ամեն օր ապացուցենք, որ իր հետ ենք, իր կողքին և եթե մի փոքր շեղվենք այդ գծից ու մի փոքր դավաճանենք մեր սկզբունքներին, թերթի վաճառքը կվատանա: Աշխատողների աշխատավարձերի վրա նույնպես չի ազդել ճգնաժամը.  չենք կրճատել ու փորձում ենք աշխատակազմը պահել, որովհետև ամեն մեկն իր գույնն է բերում թերթին: Եթե փորձեմ մարդկային ռեսուրսների հաշվին ֆինանս տնտեսել, համոզված եմ, որ դա թերթի որակի վրա կանդրադառնա, դրա համար չեմ գնում այդ քայլին: Շատ մեծ դժվարությամբ, ծախսերի  նվազագույն հաշվարկներով, ամեն լուման հաշվելով` փորձում ենք ունեցածը պահել, գոնե չկորցնել»,- ասում է նա: Հայտնի է, որ ամառվա ընթացքում թերթերի աշխատանքում լճացում է նկատվում (անկախ տնտեսական ճգնաժամից)` իջնում է տպաքանակը, ընթերցողները նվազում են: Իսկ թե ինչ կլինի սեպտեմբերից, Ա. Օհանյանը դժվարանում է կանխատեսումներ անել: «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր Հայաստանում ամենամեծ տպաքանակն ունի` 8000: Թերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը նշում է, որ ֆինանսական ճգնաժամն ազդել է իրենց թերթի վրա. 10 տոկոսի չափով վաճառքի ծավալի նվազում է նկատվում: «Անշուշտ, ազդեցություն կա, քանի որ թերթը Հայաստանում միջին եկամտի հետ համեմատած` բավական թանկ հաճույք է, 100 դրամը մեր կենսամակարդակի պայմաններում բավականին մեծ է: Մեր դիտարկումներով` ընթերցողների թիվը չի պակասել: Եթե առաջ մեկ թերթը կարդում էր միջինը 4 հոգի, ապա հիմա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մեկ թերթը կարդում է 5-6 հոգի: Բուն ընթերցողների կորուստ չի եղել, բայց տպաքանակի կորուստ եղել է»,- ասում է նա: Անցյալ տարի «Հայկական ժամանակի» միջին  տպաքանակը մոտ 10 000 է եղել: Սակայն Հ. Գևորգյանը սխալ է համարում անցած տարվա հետ համեմատություն անելը, քանի որ 2008-ին քաղաքական իրադարձությունները շատ բուռն էին զարգանում, ինչը բերել էր թերթերի նկատմամբ պահանջարկի մեծացման: «Համենայնդեպս, դիտողական մոնիտորինգներով` այսօր մեր տպաքանակը կարող էր լինել 9,5-10 000, բայց 8 000 է: Անցյալ տարի թերթն ունեցել է 19 մլն դրամի մաքուր շահույթ, իսկ այս տարի, անշուշտ, ավելի քիչ կլինի: Բայց աշխատողների և աշխատավարձերի կրճատում կիրականանա միայն, երբ շահույթը դառնա զրո կամ դրանից պակաս: Այսինքն` բաժնետերերի շահույթի կրճատման հաշվին թերթի աշխատողների աշխատավարձերը չեն նվազում»,- ասում է Հայկ Գեւորգյանը: Տպարաններում ծախսերն ավելացել են, ինչը, Հ. Գևորգյանի խոսքով, շատ ծանր բեռ է օրաթերթերի համար: «Եթե տպագրական ծախսերն անգամ մեկ դրամով աճեն, մենք օրը 8 000 դրամ ավելի ենք ծախսելու: Այնինչ իրականում ավելի շատ է թանկացել, մոտ 2-3 դրամով թանկացումներ են նկատվում, դրամի կուրսի տատանումն էլ շատ ազդեց, քանի որ թուղթն առնում են դոլարով և ներկրում Հայաստան: Բայց այս պահի դրութամբ մեր թերթը դեռ պլյուսով է աշխատում: Թերթի տպաքանակն, անշուշտ, աշնանն ավելի կաճի, հետո` թերթի տպաքանակն ավելի շատ կախված է ներքաղաքական իրավիճակից»,- ասում է Հ. Գևորգյանը: Ճգնաժամի ազդեցությունը զգալի չէ այն թերթերի վրա, որոնք հիմնական հովանավոր ունեն: Մասնավորապես ռուսալեզու և հայալեզու շաբաթաթերթ «Զրուցակից Հայաստանի» թերթի էջերը բավականին որակյալ են, գունավոր: Հայաստանյան պայմաններում շաբաթաթերթը բավականին բարձր հոնորարներ է վճարում լրագրողներին: Այդ ամենի վրա, սակայն, ճգնաժամը մեծ ազդեցություն չի թողել: Թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանի խոսքով` իրենց թերթը մասնավորի նախաձեռնություն է, դա կախված է կոնկրետ անձից: «Ինքն այնպես արեց, որ ոչ մի դեպքում ոչ մի կորուստ չունենանք»,- ասում է նա: Նշենք, որ շաբաթաթերթի հովանավորը գործարար Լևոն Հայրապետյանն է: Այնուամենայնիվ, կան պարբերականներ, որոնք սկսել են լույս տեսնել հենց ճգնաժամի օրերին: «18+» երիտասարդական շաբաթաթերթը վեց ամիս է, ինչ լույս է տեսնում: Գլխավոր խմբագիր Միքայել Ահարոնյանի հավաստմամբ` իրենց հիմնական թիրախը երիտասարդներն են, որոնք, անկախ ճգնաժամից, գնում են թերթը: «Տպաքանակի որոշակի տատանումներ ճգնաժամի հետևանքով եղան, մարտ-ապրիլ ամիսներին մի քիչ տպաքանակը նվազեց: Բայց հետո կրկին վերականգնվեց ու արդեն սկսում է աճել: Ընդհանրապես, ճգնաժամի օրերին թերթերը սկսում են ավելի մեծ տպաքանակով լույս տեսնել, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ թերթ կարդալ»,- ասում է նա: Մ. Ահարոնյանի խոսքով` ճգնաժամն ազդել է միայն գովազդատուների վրա. այսօր շաբաթաթերթը գոյատևում է սպառումից ստացվող եկամտի հաշվին: Այնուամենայնիվ, Մ. Ահարոնյանի հավաստմամբ` իրենք վաճառքի առումով այսօր խնդիր չունեն: Ավելին` նա ցանկանում է ավելացնել «18+»-ի տպաքանակը և միաժամանակ նվազեցնել դրա գինը` 200-ից դարձնելով 150 կամ 100 դրամ: Հակառակ «18+»-ի` հունվար ամսից ի վեր մի շարք պարբերականներ դադարել են լույս տեսնել: Դրանք հիմնականում ամսագրեր են, որոնց տպագրական ծախսերը շատ ավելի մեծ են` կապված թղթի որակի, գունաբաժանման հետ, իսկ սպառումը համեմատաբար քիչ է: Ամսագրերի հիմնական եկամուտը գովազդն է, որի ծավալները ճգնաժամի հետևանքով խիստ նվազել են: «For you» ամսագիրը 2009 թ.-ին դեռ լույս չի տեսել: Ամսագրի տնօրեն Արտակ Ղազարյանը, սակայն, դա միայն իբրև ճգնաժամի հետևանք չի դիտարկում, չնայած ճգնաժամն էլ է իր ազդեցությունն ունեցել: «Ուղղակի նպատակահարմար գտանք ժամանակավորապես դադարեցնել, քանի որ տպաքանակը գնալով նվազում էր, և զուտ ֆինանսական առումով մենք չտպագրեցինք, քանի որ եկամուտները քիչ էին: Փոքր Հայաստանի համար շատ են ամսագրերը, դրանք հաճախ կրկնվում են, մեր շուկան հագեցած է նույն ֆորմատի ամսագրերով»,- ասում է նա: Արտակ Ղազարյանի խոսքով`ամսագիրն, ամենայն հավանականությամբ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կրկին լույս կտեսնի, իսկ այդ ընթացքում ճգնաժամի ազդեցությունն էլ արդեն նվազած կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter