HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան. «Սոպրանոների կլանը» սերիալի տիպի հեռուստատեսային դրամաները բանավեճ են առաջ բերում հանցագործությունների աճի վերաբերյալ

Goqor-GarikՀայաստանում 2009 թ. բնակարանային կողոպուտների թիվը կրկնապատկվել է, մարդասպանությունների թիվը` գրեթե եռապատկվել, իսկ զենքի անօրինական առևտուրն աճել է ավելի քան 43 տոկոսով: Սոցիոլոգները կապ են տեսնում հանցագործությունների աճի և մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային քրեական-թրիլերների նոր հավաքածուի միջև: 

Քննադատության առյուծի բաժինն ուղղված է հայկական «Շանթ» մասնավոր հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալին: Օրական երկու անգամ ցուցադրվող աստղառատ սերիալը պատմում է մտացածին քրեական հեղինակություն Հովոյի արկածների մասին, որը «կռվում է արդարության համար» մեծ բիզնեսի, ոստիկանների և մրցակից հայ մաֆիոզների դեմ: Hovo«Հովոն դասական կերպար է. եթե չունենք ազնիվ ոստիկան, ապա գոնե ազնիվ գողի կերպարին կարելի է հասնել»,- ասում է հայտնի բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը, որը խոստովանում է, որ հաճույքով դիտում է սերիալը: - Սերիալները կյանքի իրական արտացոլումն են»: Հարյուրավոր հայ հեռուստադիտողներ ակնհայտորեն համամիտ են նրա հետ: «AGB Nielsen Media Research» կազմակերպության երևանյան գրասենյակի տվյալներով` «Որոգայթն» ամենաբարձր վարկանիշն ունի վերջերս հարցման ենթարկված երևանցի հեռուստադիտողների շրջանում. 120 հարցված ընտանիքների 40 տոկոսից ավելին որպես ամենաշատ դիտվող ծրագիր նշել է այս սերիալը: «Արմենիա» հեռուստաընկերության երկու քրեական դրամաներ` «Կյանքի գինը» և «Դժբախտ երջանկությունը», ամենասիրված հաղորդումների շարքում զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը` ստանալով հարցված հեռուստադիտողների ձայների, համապատասխանաբար, 23,09 և 19,05 տոկոսը: Սերիալների «Ուժն է որոշում իրավունքը» սկզբունքով գործող հերոսները` ավազակների մի իսկական պատկերասրահ, շատերի համար կուռք են դարձել: «Տղամարդն այդպիսին պիտի լինի` իր խոսքի տերը, սկզբունքային ու հարցերին արագ լուծում տվող»,- «Եվրազիանեթին» ասում է երևանցի ուսանող Արամ Գալստյանը «Որոգայթի» Գոքորի մասին, որը սերիալի հանցագործ լավ տղերքից է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ծեծ ու ջարդով, սպանություններով հագեցած սերիալներում որպես հերոսներ ներկայացվող կերպարներն օգնում են փոխելու հասարակության կարծրատիպերը: «Ձևավորվում են նոր կուռքեր, նոր բարոյական ստանդարտներ, նոր վարքագիծ,- ասում է «Սոցիոմետր» հարցումային կենտրոնի ղեկավար Ադիբեկյանը: - Եվ հասկանալի է, որ այդ ամենի թիվ մեկ թիրախը երիտասարդներն են, և դա նաև հանգեցնում է հանցագործությունների աճի միտմանը»: Հայաստանի ոստիկանության տվյալներով` 2009 թ. առաջին եռամսյակում հանցագործությունների ընդհանուր մակարդակն աճել է 57 տոկոսով` 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, ինչն աննախադեպ աճ է: Ոստիկանության հավաստմամբ` միայն մայիսի առաջին կեսին տեղի է ունեցել հինգ սպանություն: Թմրամիջոցների անօրինական առևտուրը քառապատկվել է, կտրուկ աճ է գրանցվել նաև ավազակախմբակային բռնությունների, բնակարանային գողությունների և հարձակումների ոլորտում: Մինչ Ադիբեկյանն ու այլ սոցիոլոգներ հակված են մեղադրելու հեռուստատեսությանը, ոստիկանությունը հիմնականում մեղադրում է Հայաստանի խորացող տնտեսական ճգնաժամը. «Մենք նման իրավիճակ ակնկալում էինք,- ասում է ՀՀ ոստիկանության խոսնակ գնդապետ Սայաթ Շիրինյանը: - Հանցագործությունների մեծ մասը սոցիալական շարժառիթներ ունի, իսկ համաշխարհային ճգնաժամն ուղղակիորեն ազդում է իրավիճակի վրա»: Այդուհանդերձ, Շիրինյանը պնդում է, որ այդ հարցում որոշակի դեր են խաղում նաև սերիալների «անարդար» դրվագները, որոնք նսեմացնում են ոստիկանի կերպարը: «Տեսարանները, որոնք ցույց են տալիս, թե ինչ հեշտ է մարդկանց խփելը, արյուն թափելը հարցեր լուծելու համար, ազդում են երիտասարդների վրա և կարող են նպաստել հանցագործությունների աճին»,- ասում է նա` ընդունելով, որ Հայաստանում հանցագործների «գերակշիռ մասը» մինչև 35 տարեկան է: «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Կարեն Արշակյանը չի ընդունում սերիալներին ուղղված  քննադատությունը: Նրա խոսքով` հայերը պարզապես լավ հեռուստատեսություն են ուզում. «Որոգայթը» դաստիրակչական սերիալ է,- ասում է Արշակյանը: - Ֆիլմում ոստիկանը կաշառք չի վերցնում… Նույնիսկ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները` գլխավոր հերոսները, արդար են և պայքարում են արդարության համար»: «Շանթի» դերակատարների ընտրության (քասթինգի) մենեջեր Աննա Վոլկովան պնդում է, որ «Որոգայթի» հերոսներն ու դրվագների բովանդակությունը վերցված են առօրյա կյանքից: «Սա հանցավոր աշխարհի գովազդ չէ: Սա մեր հասարակությունում գոյություն ունեցող երևույթների մասին է, և այն, թե ինչպես են դրանք ազդում հեռուստադիտողի վրա` կախված է նրա սեփական ընկալումներից»,- ասում է Վոլկովան: Ինչ վերաբերում է սերիալներում ներկայացված ոստիկանության ավելի քան անճարակ աշխատակիցներին, ապա սոցիոլոգ Ադիբեկյանը համաձայն է, որ հեռուսատդիտողները ըմբռնումով են մոտենում այդ հարցին. «Ո՞վ կհավատա, որ կա ոստիկան, որը պայքարում է արդարության համար: Նման սոցիալական տիպաժներ չկան, որ իրական լինեն»,- ասում Ադիբեկյանը: Ըստ էության, ոստիկաններին գերազանցող հանցագործները դարձել են նոր վարքային մոդելներ` ասում է Երևանի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Նելլի Հարոյանը: «Թեև նրանք գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն ունեն դրական կողմեր` սկզբունքային են, արագ կողմնորոշվող, ինքնավստահ և, ուստի, գրավում են հեռուստադիտողին»: Եթե Հարոյանն ասում է, որ ֆիլմների ազդեցությունն առավել ակնհայտ կլինի «որոշ ժամանակ անց», կրթության նախարարության մի պաշտոնյա պնդում է, թե հանրապետության հանրակրթական դպրոցներում [միջին և բարձր դասարաններում] այդ ազդեցությունն արդեն նշմարվում է: «Շատ ուսուցիչներ բողոքում են, որ երեխաներն այդ գողական բառապաշարով են խոսում, որ ամեն օր լսում են հեռուստաէկրաններից, և անկառավարելի են դառնում»,- ասում է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: - Սա խիստ մտահոգիչ է: Մենք չգիտենք, թե այս ամենը մեզ ուր է հասցնելու»: «Շանթի» ծրագրերի տնօրեն Արշակյանի կարծիքով` «Որոգայթի» նման սերիալները միայն կմոտեցնեն հայաստանցիներին իրականությանը: «Մարդը մարդ է, դրա համար էլ հասարակության կողմից ընդունվում է»,- ասաց նա` նկատի ունենալով սերիալի հանցավոր կուռքերին:

Մարիաննա Գրիգորյան

www.EurasiaNet.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter