HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային իշխանությունների աշխատակազմերի անդամները ուսուցման կարիք ունեն

22_06-gorisԳորիսի ավագանու հունիսի 2-ին կայացած նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ընթացիկ տարվա փետրվարի 27-ին ավագանու ընդունած 14 որոշումների վերանայմանը, քանի որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժինն այդ որոշումների դեմ առարկություններ էր ներկայացրել:

Համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի խոսքով, պատճառն այն է, որ որոշումները, որոնք վերաբերում էին Գորիս քաղաքին պատկանող հողատարածքների օտարմանը, չեն ապահովել բավարար հիմքեր. սեփականաշնորվող տարածքների համար համայնքը անշարժ գույքի վկայականներ չի ունեցել: Գագիկ Հայրապետյանը նշում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` ավագանու յուրաքանչյուր նիստի որոշումների արձանագրությունները յոթնօրյա ժամկետում ուղարկվում են մարզպետարանի իրավաբանական բաժին, եւ եթե վերջինս առարկություններ է ունենում, ապա օրենքով սահմանված կարգով տվյալ որոշման կատարումը հետաձգվում է, որոշումը ետ է վերադարձվում, քննարկվում ավագանու նոր նիստում` ապահովելով բավարար պայմաններ կամ համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Այս առթիվ, սակայն, Խնածախի համայնքային իշխանության աշխատակազմի արդեն նախկին քարտուղար Անուշավան Հովակիմյանը, ով բարձրագույն կրթություն չունենալու պատճառով չի մասնակցել այս տարի անցկացված համայնքային ծառայության մրցույթին, նշում է, որ քարտուղարի պաշտոնում պաշտոնավարելու տարիներին մի քանի անգամ մարզպետարանն առարկություններ է ներկայացրել նաեւ իրենց համայնքի ավագանու նիստերի որոշումների առթիվ: Դրանք հիմնականում վերաբերել են որոշումների ոչ հստակ ձեւակերպմանը, նորմատիվային եւ անհատական որոշումների սխալ տարբերակմանը: Նա հավելում է, որ օրենքով նախատեսվում է նորմատիվային որոշումների կրկնօրինակներն ուղարկել նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն իր աշխատելու տարիներին ոչ մի անգամ չի ուղարկել եւ որեւէ դիտողություն այդ առթիվ չի ստացել: Այն հարցին, թե մարզպետարանի առարկություններից հետո արդյո՞ք օրենքով սահմանված կարգով ավագանու արտահերթ նիստ գումարվում է հարցը կրկին քննարկելու համար, Անուշավան Հովակիմյանը պատասխանեց. «Ձեւակերպում ենք, թե չէ ստիպված կլինենք անընդհատ ավագանու արտահերթ նիստեր հրավիրել»: Նրա խոսքով` օգտակար կլիներ, եթե համայնքների աշխատակազմերի, մասնավորապես քարտուղարների համար ուսուցումներ, օրենսդրության առանձին դրույթների մասին դասընթացներ կազմակերպվեին: «Հատկապես գյուղական համայնքների աշխատակազմերի անդամների միակ ուղեցույցը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն է: Եթե քաղաքային համայնքներում ինտերնետն այս առումով կարող է իրազեկման միջոց լինել, գյուղական բնակավայրերում անգամ թերթեր չկան»,- ասում է Խնածախի համայնքապետ Կարո Թավադյանը: Խնձորեսկ համայնքի աշխատակազմի քարտուղար Վարդան Գալստյանի կարծիքով` արդարադատության նախարարությունը ուշադրություն չի դարձնում որոշումների ձեւակերպմանը կամ համապատասխանությանը գործող օրենսդրությանը, քանի որ գոնե մեկ անգամ որեւէ որոշման համար դիտարկումներ կներկայացնեին: Նրա կարծիքով` Սյունիքի մարզպետարանի իրավաբանական բաժինն ավելի ուշադիր եւ հետեւողական է այս հարցում: Այս առթիվ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովը նշում է, որ իրենց բաժինն իսկապես ստացված որոշումներին մեծ ուշադրություն է դարձնում: Առանձին փաստաթուղթ է մշակվել, որտեղ նշվում են ինչպես իրավական ակտի անվանումը, ընդունման ժամանակը, համապատասխանությունը գործող օրենսդրությանը, այնպես էլ թերությունները, եթե անգամ դա վերաբերում է որոշման մեջ ոչ բավարար հղումներին: Կ. Կոզմանովի խոսքով` իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնելու նպատակով 2008 թ. ուսումնասիրվել են մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներից ստացված` ավագանիների նիստերում ընդունված 1877 որոշումներ, որոնցից 1373-ը` անհատական, իսկ 604-ը նորմատիվ բնույթի էին, եւ դրանց վերաբերյալ կազմվել են 623 իրավական եզրակացություններ: ՀՀ օրենսդրության պահանջների խախտման հիմքով կայացված որոշումների վերաբերյալ 54 համայնքների ղեկավարներին ուղարկվել են պաշտոնական գրություններ, որոնցով ներկայացվել են առաջարկություններ` ավագանու նիստերում օրենսդրությանը հակասող որոշումները վերանայելու համար: Կ. Կոզմանովը չմեկնաբանեց, թե իր ներկայացրած առարկություններից հետո, սահմանված ժամկետում, իրո՞ք արտահերթ նիստեր են գումարվում, սակայն նշեց, որ վերաձեւակերպումները թեպետ ուշացումով, բայց ուղարկվում են համայնքներից: Բաժնի պետի կարծիքով` համայնքների աշխատակազմերի համար առանձին ուսուցումների անհրաժեշտություն չկա, որովհետեւ մարզպետարանը «ՀՀ պաշտոնական եւ գերատեսչական նորմատիվ ակտերի մասին պարբերաբար ծանոթացնում է մարզպետարանի աշխատակազմի վարչություններին, անհրաժեշտության դեպքում` նաեւ համայնքերի ղեկավարներին»: Որպես օրինակ Կ. Կոզմանովը նշում է օրեր առաջ Սյունիքի մարզխորհրդում քննարկված «Տեղեկատվություն-լուսաբանում «Հողի հարկի արտոնությունների մասին», «Գույքահարկի մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքներում կատարված փոփոխությունների մասին» հարցը: Մարզխորհրդի օրակարգով նման լայնածավալ հարցի առթիվ համայնքի ղեկավարների համար կազմակերպված իրազեկումն անարդյունավետ են համարում համայնքի շատ ղեկավարներ` նշելով, որ համայնքային ծառայության մրցույթների անցկացումն առավել հաճախ ձեւական բնույթ է կրում, որովհետեւ ոչ միայն վերոնշյալ օրենքների նորմատիվային դրույթների մասին մրցույթի մասնակիցները տեղյակ չեն, այլեւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքը շատերի համար անհասկանալի է: Վերիշեն համայնքի աշխատակազմի քարտուղար Արթուր Շալունցը նշում է, որ վերջին 6 տարվա ընթացքում իրենց ավագանու որոշումների առթիվ մարզպետարանից որեւէ դիտողություն, առարկություն չի ստացվել: Այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ համայնքի ավագանիների մեծ մասը բարձրագույն կրթություն ունի, եւ որոշումներն ընդունվում են երկարատեւ քննարկումների արդյունքում: Այն, որ բարձրագույն կրթությունը չափանիշ է օրենքի իմացության կամ նորմատիվային դրույթներին համապատասխան որոշումները ձեւակերպելու համար, անհասկանալի է այլ համայնքների ղեկավարների համար: Ըստ նրանց` օրենքը համայնքի ղեկավարի համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չի համարում (թեպետ հարցը շարունակվում է վիճարկելի մնալ), սակայն աշխատակազմի քարտուղարի դեպքում համայնքային ծառայության մրցույթի համար պահանջվող փաստաթղթերում առաջինը նշվում է բարձրագույն կրթության առկայությունը: Այն համայնքներում, որտեղ համապատասխան որակավորումով դիմողներ չեն գտնվում, համայնքի աշխատակազմի քարտուղարներ ընտրվում (կամ «նշանակվում») են Գորիս քաղաքից, ինչն օրենսդրությամբ արգելված չէ, սակայն նպատակահարմարության առումով անհասկանալի է, թե տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից աշխատակազմի քարտուղարն ինչպե՞ս պիտի համագործակցի ավագանու անդամների հետ, որպեսզի օրենսդրությանը համապատասխան որոշումներ ընդունվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter