HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում համայնքապետերը հարկ չեն կարողանում հավաքել

Հունիսի 19-ի մարզխորհրդի նիստի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բոլոր համայնքապետերի ներկայությամբ հայտարարեց, որ իրենք անելիք չեն ունենա այն համայնքներում, որտեղ սեփական եկամուտները չեն հավաքագրվի գոնե 70%-ով:

«Հետքի» հետ զրույցում պարոն Սահակյանն իր հայտարարությունն այսպես բացատրեց. «Համայնքապետեր կան, որոնք խելոք նստած սպասում են, թե պետությունը երբ է իրենց դոտացիա տալու, որ աշխատավարձ ստանան, բայց իրենց հարկերի հավաքագրման առումով ոչ մի քայլ չեն անում: Եթե պետությունը 100%-ով կատարում է իր պարտավորությունը, ուրեմն համայնքապետերն էլ պիտի կատարեն: Համայնքապետեր կան, որ մտածում են իրենց բնակիչների հետ վատամարդ չլինելու մասին, որ հետո ընտրությունների ժամանակ էլի ընտրվեն, սա արդարացում չէ»: Հենց մարզխորհրդի նիստում հրապարակվեց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կարգադրությունը, որով նա պարտադրում է բոլոր համայնքապետերին եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել իրենց ընտրողներին, մարզպետարանին եւ նախարարությանը, թե այդ ընթացքում ինչ աշխատանք են կատարել: «Իմ սրտով էլ էր փոխվարչապետի հանձնարարականը: Դրանով համայնքապետը կիմանա, թե նա ինչի համար է կոչված: Համայնքապետը կոչված չէ միայն հողերի առուվաճառքով զբաղվելու: Ես պիտի հետամուտ լինեմ, որ համայնքապետերի օտարած հողակտորների գումարները ծառայեցվեն համայնքների շահերին եւ գյուղերում աշխատանքներ կատարվեն` գազաֆիկացում, ճանապարհաշինություն եւ այլն: Այսօր չի կարելի կառչել միայն պետությունից: Համայնքներ կան, որ հողեր են օտարում, եւ եթե դա շուկայականին մոտ արժեքով կատարվի, բավականին գործ կարող են անել: Օրենքը նրանց ասում է, որ հողերը պետք է օտարվեն կադաստրային արժեքի նվազագույնը 50 տոկոսի չափով: Համայնքներ կան, որ հենց 50 տոկոսի չափով էլ օտարել են, բայց դա շուկայականին մոտ արժեք չէ»,- նշեց մարզպետը: Արագածոտնի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը այնքան էլ գոհացուցիչ չէ: Աշտարակի տարածքի 30 համայնքներից ընդհանուր եկամուտների հավաքագրման 50% ցուցանիշը չեն հաղթահարել 2 համայնք` Արագածոտնը` 40.3% եւ Սաղմոսավանը` 26.7%: Սակայն հողի հարկի հավաքագրման ցուցանիշով 50%-ը չեն հաղթահարել Արագածոտն գյուղը` 39.5%, Կարբին` 10.8%, Սաղմոսավանը` 44.6%, 40%-ով` Տեղերը, իսկ Օրգով համայնքը` 37.1%: Ավելի տխուր է վիճակը գույքահարկի առումով: Այստեղ հարկերի կեսն էլ չեն հավաքել 11 համայնք` Անտառուտ (32.6%), Ավան (0.3%), Բյուրական (44.9%), Կարբի (25.3%), Կոշ (42.8%), Նոր Եդեսիա (21.2%), Ոսկեվազ (22.3%), Սաղմոսավան (23.5%), Ուշի (38.4%), Ուջան (40.4%), Օշական (22.6%) գյուղական համայնքները: Հետաքրքիրն այն է, որ 3 համայնքներ զրոյական ցուցանիշ են արձանագրել, քանի որ 5 ամսվա հարկերի հավաքագրման պլանում չեն նախատեսել գույքահարկը, ինչը խիստ կասկածելի է: Հողի եւ գույքի վարձավճար Լեռնարոտ համայնքը նախատեսել էր 108.300 դրամ, սակայն 5 ամսվա ընթացքում համայնքապետը չի կարողացել ոչ մի դրամ մուտքագրել համայնքային բյուջե: 0% հավաքագրման արդյունք է գրանցել Փարպի համայնքը, իսկ 1.5%` Օշականը` 412.400 դրամից հավաքելով ընդամենը 600 դրամ: Մենք զրուցեցինք նաեւ Լեռնարոտի համայնքապետ Էդիկ Սահակյանի հետ` պարզելու համար, թե ինչու± չի կարողացել հավաքագրել հողի եւ գույքի վարձավճարները: «Ո±նց կարամ ես մարդկանց ստիպեմ, որ իրենց ավտոները տանեն տեխասմոտր անցկացնեն: Որ չեն տանում, ես ի±նչ անեմ: Համ էլ վարձակալական հողերի վարձը կսկսենք հավաքագրել այն ժամանակ, երբ մարդիկ իրենց բերքը կծախեն»: Համայնքապետին հարցրինք` «եթե դժվարություններ ունեք վարձավճարները հավաքագրելու գործում, ինչու± այդ հարցը մարզխորհրդի նիստում չբարձրացրիք»: «Բայց ինձ ո±վ հարց տվեց, որ ես էլ ասեի»,- պատասխանեց Է. Սահակյանը: Համայնքապետը չէր տիրապետում իր լիազորություններին, եւ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե նա հրապարակային հրավերի էր սպասում, որ մարզպետը նրան հարցնի` լեռնարոտցիներն իրենց ավտոմեքենաները տեխնիկական զննության տանու±մ են, թե± ոչ: Համեմատաբար բարվոք վիճակում են Ապարանի տարածաշրջանը: 21 համայնքներից հողի հարկի հավաքագրման 50 տոկոսի շեմը չի հաղթահարել ընդամենը մեկ համայնք` Ջրամբարը` ապահովելով 26.2% արդյունք: Փոխարենը համայնքապետերը չեն կարողացել հավաքագրել գույքահարկը եւ 21 համայնքներից 5 ամսվա պլանի համար նախատեսված հավաքագրման ցուցանիշի 50%-ը չի արձանագրել 9 համայնք` Ջրամբարը` 7.7%, Եղիպատրուշը` 11.5% եւ այլն: 0% արդյունք են գրանցել Սարալանջը` չկարողանալով հավաքել հողի եւ գույքի վարձավճարների 41.700, եւ Արայի համայնքը` 125.000 դրամ, իսկ Նիգավանը 208.300 դրամից կարողացել է հավաքագրել ընդամենը 300 դրամ: Մարզպետարանի տրամադրած հաշվետվությունից երեւում է, որ վարձակալության տված հողեր եւ գույք չունի միայն Ջրամբար համայնքը: Ինչ վերաբերում է Արագածի տարածաշրջանի 22 համայնքներին, ապա հողի հարկի հավաքագրման ցուցանիշը 50%-ին չի հասել 9 համայնքներում, իսկ գույքահարկինը` 14: Այստեղ էլ Միրաք համայնքում գույքահարկ նախատեսված չի եղել տարվա առաջին 5 ամսվա համար: Իսկ Միջնատուն համայնքը 15.800 դրամից չի կարողացել հավաքել եւ ոչ մի դրամ գույքահարկ: Եզդիաբնակ Ռյա Թազա համայնքը, եթե 83.300 դրամ գույքահարկից հավաքել է ընդամենը 300 դրամ, ապա 51.98%  արդյունք է գրանցել հողի եւ գույքի վարձավճարների հավաքագրման առումով: Հաշվետվությունից երեւում է, որ 2009 թվականի առաջին 5 ամիսները բարենպաստ ազդեցություն չեն ունեցել հատկապես Թալինի տարածաշրջանի գյուղերի համար, քանի որ 41 համայնքից 14-ում հողի հարկի հավաքագրումը 50%-ի չի հասել, գույքահարկինը` 25 համայնքում, իսկ հողի եւ գույքի վարձավճարների մասով` 23 համայնքում: Հողի եւ գույքի վարձավճարների հավաքագրման հարցում 0% արդյունք է գրանցել 13 համայնք, գույքահարկի գծով` 4 համայնք` Մեծաձոր, Կանչ, Կաքավաձոր, Դդմասար: Մարզպետի ասելով, նախկինում բացթողում կար հրապարակայնության առումով, եւ հիմա հասնելու են նրան, որ համայնքապետարանների որոշումները պարբերաբար հրապարակվեն, բնակչությունն իրազեկվի: Մարզպետը խոստացավ նաեւ հետամուտ լինել «Հետքում» տպագրված հոդվածին, որը վերաբերում էր Աշտարակի քաղաքապետի նոր կարգադրությանը` քաղաքապետարանի շենքում ոստիկանական ծառայություն սահմանելուն եւ միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում քաղաքացիներին ընդունելուն: «Ես չգիտեի այդ մասին, խոստանում եմ զբաղվել այդ խնդրով, որովհետեւ համայնքապետարանները պետք է բաց լինեն իրենց բնակչության համար: Եթե քաղաքացին գնում է համայնքապետի մոտ, նշանակում է ինչ-որ խնդիր ունի, եւ համայնքապետը պետք է լուծի: Ինձ մոտ քաղաքացիների ընդունելության օրը ուրբաթն է, բայց ամեն օր ես մոտ 10 քաղաքացի եմ ընդունում: Ինչպե±ս կարող եմ քաղաքացուն ետ ուղարկել ու ասել` գնա տուն, ուրբաթ արի, քանի որ ես այդ օրն եմ քաղաքացիներին ընդունում: Դա անընդունելի է, եթե ես հրապարակային եմ աշխատում, ուրեմն բոլոր համայնքապետերն էլ պարտավոր են նույն կերպ աշխատել»,- անկեղծացավ Սարգիս Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter