HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Հանրակացարանի բնակիչները շարունակում իրենց բողոքը

Էջմիածնի Աթարբեկյան 1 հասցեի բնակիչները անցած երեքշաբթի երրորդ անգամ էին «միտինգ» անում Արմավիրի մարզպետարանի դիմաց: Պատճառը դարձյալ բնակարանային խնդիրն էր:

Խոսքը Էջմիածնի «Պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին նախկինում ամրակցված հանրակացարանային մասնաշենքի մասին է, որը հանրակացարանաբնակներին սեփականաշնորհելու խնդրանքով քաղաքի նախկին ղեկավարությունը դեռևս 2006 թ. դիմել էր նախագահին: «Օգտվելով նախագահի Էջմիածին կատարած այցից` քաղաքի ղեկավարությունը հենց հանրակացարանի բնակիչների ներկայությամբ դիմեց Ռոբերտ Քոչարյանին` շենքը համայնքին նվիրաբերելու խնդրանքով: Քաղաքի ղեկավարությունը խոստացավ, որ շենքը տեղական միջոցների հաշվին կվերակառուցի և կհանձնի հանրակացարանում բնակվողներին: Երկրի ղեկավարությունն ընդառաջեց, և որոշ ժամանակ անց կառավարությունն այդ մասին որոշում կայացրեց»,- ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կառավարության 2007 թ. «Գույք նվիրաբերելու մասին» որոշմամբ Աթաբեկյան 1 հասցեի հանրակացարանի 2-րդ մասնաշենքը 2008 թ. հանձնվեց Էջմիածնի քաղաքապետարանին: Համաձայն այդ որոշման` համայնքն ինքն էր ստանձնելու շենքի ամրացման ու վերանորոգման աշխատանքները, որից հետո բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու էր շենքի փաստացի բնակիչներին: Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանների բաշխման հանձնաժողովը, սակայն, ուսումնասիրությունների արդյունքում պարզում է, որ 3-րդ կարգի վթարայնության շենքի վերանորոգումն, ըստ էության, կապիտալ շինարարություն է, և բավականին թանկ. ըստ նախահաշվի` 440 մլն դրամ: 1 միլիարդ դրամ բյուջե ունեցող համայնքի միջոցների հաշվին շենքի վերակառուցմն իր ուժերից վեր համարելով` քաղաքապետարանը հրաժարվում է իր մտադրությունից և այդ մասին տեղյակ պահում Արմավիրի մարզպետին: 2008-ին մարզպետը հարցը բարձրացրել է կառավարությունում: «Եթե քաղաքապետարանն իր հնարավորությունների վրա վստահ չէր, ինչու էր խնդիրը բարձրացնում»,- կառավարությունից իրեն ուղղված հարցը մեզ փոխանցեց մարզպետ Ղահրամանյանը: Նա տեղեկացրեց, որ, այնուամենայնիվ, կառավարությունն ինքն է ստանձնել հանրակացարանի 2-րդ մասնաշենքի շինարարությունը, որի մասին, սակայն, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Գործադիրի բանավոր որոշման մասին տեղեկանալով` բնակիչներն այլևս հույսները կապում են ոչ թե տեղական, այլ երկրի կենտրոնական իշխանությունների հետ: Նախագահի նստավայրում հանդիպել են Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին հետ, ով տեղեկացրել է, որ շինարարության համար նախատեսված 440 մլն դրամն արդեն հաստատված ու տրամադրված է: Բնակիչներն ուզում են պարզել, թե այսքանից հետո ինչու շինարարությունը չի սկսվում: Այս հարցի պարզաբանման համար էլ հանրակացարանի 26 ընտանիքների ներկայացուցիչներն անցած երեքշաբթի հավաքվել էին մարզպետարանում: Աղավնի Ղազարյանն ասաց, որ վերջին անգամ ընթացիկ տարվա ապրիլի 12-ին են դիմել հանրապետության նախագահին: «Զատկի օրն էր: Նամակով պատրաստված գնացել էինք Մայր Աթոռ: Գիտեինք, որ նախագահ Սարգսյանը գալու է: Նամակը փոխանցեցինք և մի երկու նախադասությամբ ներկայացրինք խնդիրը: Խոստացավ կարդալ և ընթացք տալ: Երկու խնդրանքով էինք դիմել. Նախ` հնարավորինս շուտ մեզ ազատեն այդ փլատակներից, որն արդեն քանի տարի սարսափի մեջ է պահում բնակիչներիս, և երկրորդ` խնդրել էինք մեզ հույսով չապրեցնել, անկեղծորեն ասել` հնարավոր է, որ մի օր մենք էլ մեր տունն ունենանք»: Բնակիչների ասելով, հենց այս նամակից հետո էլ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը գրությամբ դիմել է մարզպետարան` իբր շենքի շինարարությունը սկսելու հանձնարարականով: Սակայն փոխվարչապետը իրականում նման հանձնարարական չի տվել, այլ տեղեկություններ է պահանջել այդ շենքի մասին: Բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամ, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրա Մանվելյանից բնակիչները փորձում էին բացատրություններ ստանալ, թե ինչու է ձգձգվում շինարարությունը, միաժամանակ պահանջում էին իրենց ներկայացնել տարածքային կառավարման նախարարության գրությունը, ըստ որի` իբր գումարն արդեն «նստել» է: «Ես չգիտեմ` խոսքն ինչ գրության մասին է: Ով է նրանց ուղեղը նման անհեթեթություններով լցրել»,- ասաց մարզպետարանի գլխավոր իրավաբանը` հավելելով, որ կառավարության 2009 թ. մարտի 26-ի` պետբյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշմամբ 1-ին և 2-րդ եռամսյակներում նախատեսված կապիտալ շինարարությունները տեղափոխվել են 3-րդ և 4-րդ եռամսյակներ: «Թեև Էջմիածնի հանրակացարանի մասին չի նշվում, բայց հնարավոր է, որ դա էլ է կապիտալ շինարարությունների մեջ մտնում»,- նկատեց Յու. Մանվելյանը: Վերջինիս խոսքը հաստատեց նաև բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահ Վազրիկ Գրիգորյանը:

Ըստ նրա` գումարի տրամադրման մասին պաշտոնական որևէ փաստաթուղթ չկա, իսկ թե որտեղից է գալիս բնակիչների համոզվածությունը, իրեն հայտնի չէ: Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Արսեն Ավետիսյանը ևս անհիմն համարեց գումարի հատկացման մասին խոսակցությունները: Ֆիննախում Էջմիածնի հանրակացարանին վերաբերող վերջին փաստաթուղթը, ըստ Ավետիսյանի, 2008-ի թվագրությամբ է և վերաբերում է շենքի օտարմանը: Մարզպետի փոխանցմամբ էլ` ճգնաժամը խանգարեց ծրագրի իրականացմանը:

«Բայց դա չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվել է շինարարությունը ֆինանսավորելու մտքից: Հարցը նորից կքննարկվի երկրի համար նպաստավոր ժամանակաշրջանում»,- ասաց մարզպետը: Արդյոք խարխուլ շենքը կսպասի երկրի համար նպաստավոր ժամանակներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter