Դատավորը չի պահպանել օրենքների միատեսակ կիրառման կանոնները
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը օրերս վրդովված դժգոհեց հունիսի 16-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 1/1-28 բնակարանի բնակիչ, իր պաշտպանյալ Վահան Վարոսյանի նկատմամբ կայացրած դատական վճռից:
Վահան Վարոսյանի դեմ Լոռու մարզային դատախազության կողմից գողության մեղադրանքով 13.10.08 թ. քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ կետի համապատասխան: Ա. Ծատինյանը հայտնեց, որ քրգործի դատական նիստում ինքը ներկայացրել է իր պաշտպանյալի անհատական հատկանիշները, որոնք Քր. օր.-ի 62 հոդվածի 4-րդ և 9-րդ կետին համապատասխան հանդիսանում են մեղմացուցիչ հանգամանքներ. «Պաշտպանյալիս խնամքի տակ կան երկու անչափահաս` 2 և 4 տարեկան երեխաներ, նա հանցանքը կատարել է աշխատանք չունենալու և նյութական ծանր վիճակի հետևանքով: Բացի դա, նույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան` տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, իր մեղքի համար զղջացել է: Նրա կողմից կատարված հանցագործությունը սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, քրեական գործում վնասի հատուցման հարց չկա, սեփականատերը պահանջ չունի»: Փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը հիշատակեց նաև, որ իր պաշտպանյալը համարվում է նաև նախկինում չդատված: «Ինչու համար եմ նման ձևով ասում, որովհետև 2001 թ. ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվել, բայց դատվածությունը համարվում է մարված: Մարված դատվածությունը վճիռ կայացնելու ժամանակ չի կարող իրավական հետևանք ունենալ»,- ասաց պաշտպանը: Նշենք, որ այն ժամանակ էլ Վահան Վարոսյանը մեղադրվել է գողության մեջ: «Իմ պաշտպանյալի նկատմամբ որպես պատիժ նշանակել է 3 տարի 6 ամիս ազատազրկում, այսինքն` ընդունել է մեղադրող կողմի առաջարկած պատիժը, որը ես համարում եմ անօրինական, որովհետև ՀՀ-ն ընդունել է օրենքների միատեսակ կիրառման կանոններ, այսինքն` դատարանը պարտավոր է ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Բոլոր դատավճիռները համապատասխան հանցագործության դեպքում եղել են 2 տարի 6 ամիս ժամկետով: Ես արդարացի չեմ համարում իմ պաշտպանյալի նկատմամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի ընդունած վճիռը»,- ասաց պաշտպան Ալեքսանդր Ծատինյանը: Դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից համապատասխան հանցագործության գոնե մեկ այլ դեպքով 2 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտման որևէ դատական վճիռ երիտասարդ պաշտպանը չկարողացավ հիշատակել. «Այս պահին չկա, բայց ես որևէ գործ չգիտեմ, որ 2 տարի 6 ամսից ավել ազատազրկում նախատեսվի, մանավանդ այն դեպքում, երբ վնասի հատուցման խնդիր չկա, և կան մեղմացուցիչ այլ հանգամանքներ: Նույնիսկ ես տեղյակ եմ, որ հաճախ Քր. օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով դատապարտվող անձինք կրում են պայմանական ազատազրկում»,- պնդեց պաշտպանը: Ա. Ծատինյանը նաև հայտնեց, որ իր պաշտպանյալն 8 ամիս գտնվել է նախնական կալանքի մեջ, որից 6 ամիսը` առանց կալանքի երկարացման որոշման: Ալավերդի քաղաքի բնակիչներ Վահան Վարոսյանը և Գարիկ Ավլաստիմովը, նախնական համաձայնության գալով, 2008 թ. հոկտեմբերի լույս 9-ի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, իրենց մոտ եղած մետաղյա գործիքով դուռը ջարդելու միջոցով ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Ս/Սարահարթ թաղամասում գտնվող, Ծովինար Մուրադյանին պատկանող խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի` 782 500 դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի հագուստեղեն, ապակեղեն և սպասք, որոնք պահել են նույն թաղամասի 1/4 շենքի բակում գտնվող Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Անտաշյանին պատկանող, չօգտագործվող գետնափոր նկուղում: Երկու օր անց Վահան Վարոսյանը գողացված ապրանքը տեղափոխել է Ալավերդի քաղաքի բնակիչ Սամվել Պարանյանին պատկանող ավտոտնակի տանիք, որոնք քրեական գործի ընթացքում ներկայացրել է ոստիկանության աշխատակիցներին: Առաջադրված մեղադրանքում Վահան Վարոսյանն ու Գարիկ Ավլաստիմովն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և խոստովանական ցուցմունքներ են տվել, որ 2008 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում, իրենց շենքի բակում իրենք հանդիպել են միմյանց, որի ընթացքում Գարիկ Ավլաստիմովը Վահան Վարոսյանին ասել է, թե իր ծնողների հիվանդությունը բուժելու համար գումար չունի և որոշել է գողություն կատարել: Վ. Վարոսյանն էլ ասել է, որ իր ֆինանսական վիճակն էլ լավ չի, և միասին որոշել են թաղամասի որևէ խանութից գողություն կատարել: Գիշերը ժամը 2:00-ի սահմաններում մոտեցել են Ծովինար Մուրադյանի խանութին, Գարիկ Ավլաստիմովը ոտքով հրել է խանութի դուռը և, տեսնելով, որ ազդանշանային համակարգը չի գործում, իր մոտ եղած մետաղյա գործիքով բացել է խանութի դուռը: Այնուհետև մտել են խանութ և գողություն կատարել, իսկ գողոնի հետ վարվել են վերը նկարագրված կարգով: Մեղադրյալներ Վահան Վարոսյանի և Գարիկ Ավլաստիմովի մեղքը հիմնավորվել է նաև գործով տուժող Ծովինար Մուրադյանի, գործով վկաներ Ռոբերտ Անտաշյանի և Սամվել Պարանյանի ցուցմունքներով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության Ալավերդու նստավայրի դատարանը` դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 2009 թ. հունիսի 16-ին քննել է այս քրեական գործը: Մինչև դատաքննությունը սկսվելը ամբաստանյալներ Վահան Վարոսյանը և Գարիկ Ավլաստիմովը դատարանին միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալներ Վահան Վարոսյանի և Գարիկ Ավլաստիմովի կատարած հանցագործության համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցել վեց տարի ժամկետով ազատազրկումը, դատարանը որոշում է կայացրել արագացված դատաքննություն անցկացնելու մասին: Դատական նիստի ընթացքում դատարանը գտել է, որ Վահան Վարոսյանին և Գարիկ Ավլաստիմովին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, նրանց արարքը որակված է ճիշտ, նրանք ենթակա են քրեական պատասխանատվության և պատժի և պետք է կրեն նշանակված պատիժները: Դատավճռում կարդում ենք, որ դատարանը ամբաստանյալների պատիժը նշանակելիս հաշվի է առել նրանց կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և հանցավոր արարքի բնույթը, նրանց արարքը որակյալ դարձնող երեք հատկանիշների առկայությունը, ամբաստանյալներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը հանցագործության կատարմանը, նրանց անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատիժը մեղմացնող հանգամանքները: Ըստ դատավճռի` դատավոր Սուրեն Բաղդասարյանը Վահան Վարոսյանի պատիժը նշանակելիս հաշվի է առել, որ նա իր խնամքին ունի երկու անչափահաս երեխաներ, իսկ ամբաստանյալ Գարիկ Ավլաստիմովի պատիժը նշանակելիս հաշվի է առել, որ նա արատավորված չէ և նախկինում որևէ հանցանք չի կատարել, երիտասարդ է: Դատավոր Սուրեն Բաղդասարյանի վճռով ամբաստանյալ Վահան Վարոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նրան դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալ Գարիկ Ավլաստիմովը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին, 2-րդ և 3րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամանակով: Իր կայացրած վճռի վերաբերյալ պաշտպան Ալեքսանդր Ծատինյանի դժգոհությունների կապակցությամբ դատավոր Ս. Բաղդասարյանն ասաց. «Ընդհանուր իրավասության դատավորների կայացրած վճիռները ենթակա են բողոքարկման ՀՀ վերաքննիչ դատարանում, դատավճռում այդ հնարավորություն պրն փաստաբանին մեր կողմից ընձեռված է: Նրան հիշեցնենք դատավճռի վերջին կետը. «Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: Կարծում եմ` Ալեքսանդր Ծատինյանը դեռ ժամանակ ունի դատավճիռը խնամքով բողոքարկելու»,- ասաց դատավոր Սուրեն Բաղդասարյանը:
Մեկնաբանել