HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերը հեռավոր Հնդկաստանում

Հերմինե Ադամյան

2009 թ. հունիսի 7-ի լուսաբացն ինձ համար սկսվեց Երեւանում ու ավարտվեց հեռավոր Կալկաթայում: Դեռեւս Հայաստանում գիտակցում էի, թե ուր եմ գնում: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ տեղյակ է Հնդկաստանի մասին, հասկանում է, որ ծայրահեղությունների այդ երկրում հեշտ չէ հարմարվելը, առավել եւս, երբ գիտակցում ես, որ առաջիկա մեկ տարին ապրելու ես այդտեղ:

Իրական Հնդկաստանը շատ հեռու է հնդկական ֆիլմերից ստեղծված պատկերացումներից, ու ակամայից զարմանում ես` ինչպե՞ս են այս ամենի մեջ կարողանում նկարել նման սիրառատ ու երազային ֆիլմեր: Առաջին լուրջ տպավորությունը ստացա Դուբայ-Կալկաթա ինքնաթիռում. շատ արագ պարզ դարձավ, որ մենք արդեն Հնդկաստանում ենք: Դա ոչ այնքան պայմանավորված էր ուղեւորների հագուստներով, որքան վերջիններիս վարվելաձեւով: Թռիչքի մի քանի ժամվա ընթացքում ինքնաթիռը վերածվեց թափթփված ճաշարանի: Երրորդական նշանակության օդանավակայանի տպավորություն թողնող Կալկաթայի միջազգային օդանավակայանում համապատասխան թերթիկ լրացնելուց հետո, որի նպատակն էր այդ կերպ կանխարգելել վարակի մուտքը Հնդկաստան, մոտեցանք սպասասրահին: Շուտով պարզ դարձավ, որ, այս ամենից զատ, պետք է դիմակայենք չափազանց անսովոր խոնավ տոթին, որ ոտքդ դուրս դնելուց հետո կարծես փաթաթվում է քեզ, լցվում ներսդ: Ամեն պահի թվում է, թե հիմա շնչահեղձ կլինես: Պարզվեց` նման տպավորություն էր ստացել նաեւ իմ նոր գործընկերուհի օրիորդ Անժելան (երգ, երաժշտության ուսուցչուհի): Երկուսիս համար էլ ակներեւ էր տեղի չգիտակցման զգացողությունը: Պարբերաբար հարցնում էինք միմյանց` «Այս ու՞ր ենք գնում»` փորձելով հավատալ, որ դա իրականություն է: Մեզ դիմավորեց «Հայոց Մարդասիրական ճեմարանի» կառավարիչ եւ հնդկահայոց հոգեւոր հովիվ ՀԳՇ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը: Հավանաբար, նա զգաց մեր շփոթությունը եւ լարվածությունը, ուստի այն մեղմելու համար կատակեց. - Տաք հագուստ վերցրե՞լ եք, բավականին ցուրտ է: Տոթը ստիպեց մի պահ նույնիսկ հավատալ այդ երանությանը, սակայն դա կարճատեւ խաբկանք էր. բացվեցին ելքի դռները, եւ հուսախաբությունը տիրեց ինձ: Մեծ քաղաքներին բնորոշ աղմուկի մեջ ինձ հատկապես զարմացրեց ավտոմեքենաների` ականջ ծակող եւ անդադար հնչող ազդանշանների ձայնը, իսկ ճանապարհին, քանի որ երթեւեկությունը ձախակողմյան է, թվում էր` գնում ենք կյանքի ընթացքին հակառակ: Աննկատ են երթեւեկության կանոնները ապահովող նշանները, անվերջ լարվածություն է: Լարվածությունս թուլացնելու համար փորձեցի հետաքրքիր բան գտնել փողոցի մայթերում, բայց շուտով հասկացա, որ իրականում ներխուժել եմ այդ մարդկանց բնակարանները, որտեղ նրանք սնվում, քնում եւ լողանում են: «Տեր Աստված, միթե՞ հնարավոր է այս կերպ ապրել»,- մտածում եմ: Այս հոգեմաշ ճանապարհը մեզ տանում էր դեպի Միրզա Գհալիբ փողոց, որտեղ էլ գտնվում է ճեմարանը` մեր աշխատավայրն ու բնակավայրը: Անվտանգության աշխատակիցները բացեցին ճեմարանի դարպասները, եւ մեր ավտոմեքենան ներս մտավ: Անմիջապես հիշեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի խոսքերը մեր հանդիպման ժամանակ. «Դուք կտեսնեք դժոխքն ու դրախտըգ»: Իրավամբ, սա մի ուրիշ աշխարհ է` մեծ ու խնամված տարածք` իր շինություններով, խաղահրապարակով, լողավազանով` մաքուր ու կոկիկ: 22_06-kalkata-1 Հայր Խորենը մեզ ուղեկցեց ուսուցիչների համար նախատեսված սենյակները: Դրանք գտնվում են հինգերորդ հարկում: Այն զբաղեցնում է վերնահարկի մի մասը, իսկ մյուս մասը ծառայում է իբրեւ մեծ պատշգամբ: Այս ամենը կարծես ստվերեց Հնդկաստանից ստացած առաջին տպավորությունս. մի պահ թվաց, թե գտնվում ենք արեւմտյան որեւէ երկրի հյուրանոցի համարում, ուր կան բոլոր հարմարությունները, ուսուցիչը պետք է կենտրոնանա միայն իր աշխատանքի վրա, իսկ մնացած խնդիրները հոգում են աշխատակիցները: 22_06-kalkata-2Թեեւ հոգնել էինք բավական երկար ճանապարհից, սակայն մեր բնակարանների հարմարավետությունը մոռացրեց ամեն ինչ: Առաջին անգամ ծանոթացանք հնդկական խոհանոցին, որն աչքի է ընկնում իր համեմունքներով: Առավոտյան նախաճաշից հետո որոշեցինք շրջել մեր նոր բնակավայրում: Ամեն ինչ հիանալի էր, ծանոթացանք այն աշակերտների հետ, որոնք չեն մեկնել արձակուրդ (արձակուրդ մեկնում են 3 տարին մեկ անգամ): Նրանք աչքի ընկան իրենց կարգապահությամբ եւ բարեհամբուրությամբ: Ընդհանուր առմամբ, բավական լավ տպավորություն են թողնում բոլորը` բանվորից մինչեւ կառավարիչ: Ուղղակի անկարելի է դա չնկատել: Ուստի պատահական չէ, որ երբեմն մտածում ես. «Այս պայմաններում կարելի է աշխատել թեկուզ մի ողջ կյանք», սակայն այդպես մտածում ես մինչ այն պահը, երբ ոտք ես դնում փողոց, որտեղ մաքրությանը եւ կարգապահությանը հակադրվում են ահավոր աղքատությունը, սուր հոտն ու աղտոտ օդը: Նման քաջության մենք դիմեցինք այստեղ գտնվելու երկրորդ օրը. որոշեցինք գնումների գնալ` Հնդկաստանի կլիմային հարմար որեւէ հագուստ ձեռք բերելու համար: Զարմանալին այն է, որ, երբ քայլում ես փողոցում, թվում է` բոլորն ինչ-որ բան են ուզում քեզանից, ինչ-որ բան են վաճառում, առաջարկում օգտվել սննդից, որը պատրաստում են կիսամերկ տղամարդիկ` գետնին նստած, որտեղ իրենք քնում ու լողանում են, իսկ սննդի վրա հավաքված ճանճերին նույնիսկ չեն նկատում: Շուրջ բոլորն անտուն երեխաներ են, որոնք կախվում են շորերից եւ գումար են մուրում, եւ դու պարտավոր ես տալ. հակառակ դեպքում նրանք կգան քո ետեւից մինչեւ վերջ, առավել եւս, երբ տեսնում են, որ խանութից ես դուրս եկել: Երբ հասանք մեր օթեւան, այն հստակ համոզումն ունեինք, որ այստեղից դուրս ենք գալու միայն օդանավակայան գնալու համար` Հայաստան վերադառնալիս. այդ ծանր տպավորությունն ամբողջ օրը մնաց ինձ հետ:

շարունակելի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter