HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Համաներում՝ համաներման համա՞ր... անպատասխան հարցեր

ՀՀ նախագահի կողմից ԱԺ ներկայացված «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունն, անկասկած, ընդունվելու էր պատգամավորների կողմից։ Վերջիններս այլընտրանք չունեին։ Իշխանական ուժերի դեպքում՝ որովհետեւ այն ներկայացրել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմության դեպքում՝ որովհետեւ խոսքը քաղաքական մոտիվներով ազատազրկված մի քանի տասնյակ մարդկանց ճակատագրի մասին էր, ովքեր այս ակցիայի արդյունքում պետք է բաղձալի ազատություն ստանային։

Սակայն, որքան էլ ողջունելի լիներ նախագահի նախաձեռնությունը, այն չտվեց մեկուկես տարի շարունակ կուտակված հարցերի պատասխանները։ Ավելին, որոշ նոր անպատասխան հարցադրումներ առաջացան, որոնցից դիտարկելի են մի քանի առավել հրատապները։

Հարց առաջին

Ինչու՞ համաներում հայտարարելու համար ընտրվեց հենց այս ժամանակաշրջանը, երբ ակնհայտ էր, որ դրա հասարակական պահանջարկը ձեւավորվել էր մոտ մեկ տարի առաջ։ Ինչու՞ նախագահը համաներում հայտարարելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար հասարակական-քաղաքական ուժերին չդիմեց այն ժամանակ։ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հիանալի ցուցիչ էին իշխանության համար՝ վերջնականապես համոզվելու, որ ընդդիմության էներգիան բավականաչափ մարել է վտանգ ներկայացնելու համար։ Այս ընտրություններն այնպիսի հարված հասցրին ՀԱԿ-ին, որ վերջինս, հավանաբար, չի կարողանա ուշքի գալ դեռ երկար ժամանակ, գուցե ընդհուպ մինչեւ 2011թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեն։ Ընդդիմության ակտիվիստներին ազատ արձակելու համար ավելի նպաստավոր, անվտանգ ժամանակամիջոց, իսկապես, դժվար էր գտնել։ Իշխանությանը ոչինչ այլեւս չէր խանգարում «մեծահոգության» ու «ներողամտության» դաս տալ ընդդիմությանը՝ նրան հասցնելու վերջին, գուցե՝ վճռական հարվածը։ Ընդ որում` այս իմաստով որեւէ նշանակություն չուներ՝ ԵԽԽՎ-ն կո՞շտ, թե՞ մեղմ գնահատական կտար Հայաստանին առաջիկա ամառային նստաշրջանի ընթացքում մարտի 1-2-ի գործով ազատազրկվածներին ազատ արձակելու պահանջը չկատարելու համար։ Եթե ընդդիմությունից վտանգն իսկապես իրական լիներ, ՀՀ նախագահը երբեք համաներում չէր հայտարարելու։ Մինչդեռ մեկ տարի առաջ նման քայլի գնալը իսկական արկածախնդրություն կլիներ իշխանության համար։ Մի կողմից` նա դրանով կվերականգներ բավականաչափ ակտիվ եւ հզոր ՀԱԿ-ի «հարվածային» ներուժը, մյուս կողմից` հասարակությունը դա կդիտարկեր որպես ոչ թե հանդուրժողականության կամ ներողամտության դրսեւորում, այլ պարտադրված քայլ, որին դրդել, ստիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը։ Դա է պատճառը, որ իշխանությունն անգամ Քրեական օրենսգիրքը փոփոխելու լուրջ արդյունքներ չտվող քայլին գնաց՝ եւ ընդդիմության հետագա թուլացման հեռանկարով ժամանակ շահելու, եւ եվրոպացիների «բերանը փակելու» համար։ Հետեւաբար, «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի՝ այլեւս իրավական ուժ ստացած առաջարկությունը, բացի քաղաքական ակցիա լինելուց, առաջին հերթին տակտիկական հիանալի քայլ էր՝ հակառակորդին մոտալուտ շախ հայտարարելու համար։

Հարց երկրորդ

Ինչու՞ համաներումը հայտարարվեց միայն «Յոթի գործ»-ի փաստացի ավարտից եւ այդ գործով անցնողների նկատմամբ դատավճիռների հրապարակումից հետո։ «Յոթի գործի» արագացված ընթացքը ցույց էր տալիս, որ գործը քննող դատավորները ձգտում էին ոչ միայն գործել մեկ դիրիժորական փայտիկի շարժումներին համապատասխան, այսինքն` համաչափորեն ու համաձայնեցված, այլեւ հստակորեն համաներում հայտարարելու նախօրեին դատավճիռները հրապարակելու համար։ Ոչ ոք չէր կարող խանգարել նախագահին համաներման առաջարկության մեջ նախատեսել նաեւ կետ, համաձայն որի համաներումը տարածվում է նաեւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված դատավարության ընթացքի մեջ գտնվող գործերի վրա։ Այս իրողությունը կարելի է բացատրել մեկ հանգամանքով։ Այդ մարդկանց նկատմամբ պետք է ուժի մեջ մտած դատավճիռներ լինեն։ Իշխանությանը դա անհրաժեշտ էր, որպեսզի մարտի 1-ի էջը փակվի ոչ ի վնաս իրեն, այսինքն` որպեսզի այդ արյունոտ դեպքերի համար պատասխանատվությունը չկրի իշխանությունը։ Հաշվարկը շատ պարզ է. համաներումից եւ դրա արդյունքում ազատազրկվածների ճնշող մեծամասնության ազատ արձակումից հետո ոչ ոք այլեւս ուշադրություն չի դարձնելու՝ այդ մարդիկ դատապարտվել են իրակա՞ն հանցագործությունների համար, թե՞, այնուամենայնիվ, շինծու մեղադրանքների արդյունքում։ Դրա քաղաքական ազդեցությունն այլեւս արդիական չի լինի։ Իհարկե, այդ մարդիկ կարող են իրենց նկատմամբ կայացված դատավճիռները վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ամենայն հավանականությամբ, նրանց մի մասը հենց այդպես էլ կանի` ընդդիմությանը խթանելու, մարտի 1-ը մոռացության չմատնելու, այն քաղաքական օրակարգում պահելու եւ, վերջապես, իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Սակայն թե՛ ներհասարակական, թե՛ միջազգային մակարդակով դա այլեւս լուրջ ուշադրության չի արժանանա։ Իսկ այն մարդիկ, որոնց վրա համաներումը չի տարածվի, այլեւս չեն ընկալվի որպես քաղաքական բանտարկյալներ։ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ այլեւս քրեական հանցագործների կարգավիճակում են։ ՀՀ իշխանությունը ԵԽԽՎ-ում կարող է հիմնավորել, որ նրանք դատապարտվել են քրեական հանցագործությունների համար, իսկ նրանք, ում դուք համարում էիք քաղաքական բանտարկյալներ, արդեն ազատության մեջ են։ Պարզ է՝ ԵԽԽՎ-ն մեծ հաճույքով կհավատա մեր իշխանությանը, եւ այդպիսով Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության խնդիրն այլեւս Եվրոպա-Հայաստան հարաբերությունների օրակարգում չի լինի։

Հարց երրորդ

Եթե համաներումն իրականացվեց 2008 թ. մարտյան դեպքերի կապակցությամբ ներհասարակական լարվածությունը չեզոքացնելու նպատակով, ապա ինչու՞ այն տարածվեց նաեւ այլ, այդ դեպքերի հետ որեւէ կապ չունեցող քրեական հոդվածների վրա։ Մանավանդ այն դեպքում, երբ զուտ պաշտոնական տվյալներով` երկրում հանցավորության մակարդակն աճել է մոտ 40 տոկոսով։ Ըստ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ համաներման արդյունքում քրեական հետապնդումից կազատվեն, ազատություն կստանա ընդհանուր առմամբ մոտ 2000 հոգի։ Դրանցից, սակայն, մարտի 1, 2-ի գործով անցնողների թիվը չի գերազանցելու հարյուրը։ Ավելին, մեկ տասնյակից ավելի մարդկանց վրա, ովքեր հենց այդ իրադարձությունների հետեւանքով են դատապարտվել ազատազրկման, այս համաներումը կամ չի տարածվի, կամ կտարածվի կիսով չափ՝ պատժաչափի կրկնակի կրճատման տեսքով։ Այդպես էլ հասարակությունը չհասկացավ՝ այս համաներումը ի՞նչ կապ ուներ մարտի 1-ի դեպքերի հետ։ Խնդիր էր դրվել թեթեւացնել ազատազրկման վայրերի ծանրաբեռնվածությու՞նը, թե՞, այնուամենայնիվ, փակել մարտի 1-ի արյունոտ էջը։ ԱԺ-ում ՀՀ նախագահի առաջարկությունը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարը չհերքեց, որ համաներումը հիմնականում արվում է հենց մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ։ Հենց այս հանգամանքն էր, թերեւս, հաշվի առնում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ քննարկումների ժամանակ իր արտահերթ ելույթում ասում էր. «Իրականում համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է, որ քաղաքացիական համերաշխության, հանդուրժողականության, փոխվստահության ամրապնդմանը զուգահեռ մարդասիրության ազդակ է հղում ողջ հասարակությանը»։ Եթե, իսկապես, ակցիայի հիմքում «փոխվստահության ամրապնդումն էր», ապա տրամաբանորեն համաներումը պետք է տարածվեր մարտի մեկի գործով անցնող առանց բացառության բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Որովհետեւ միայն այդ դեպքում կարելի կլիներ վստահորեն ասել, որ իշխանությունը լիարժեք քայլ կատարեց դեպի հասարակությունը, դեպի ընդդիմության հետ քաղաքական երկխոսության համար նպաստավոր դաշտի ստեղծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ նման լուծումն ընդդիմության ամբողջ ուշադրությունը սեւեռելու է մնացած բանտարկյալների վրա, եւ դա երբեք չի երաշխավորելու «մարտի 1-ի» մոռացումը, ապաքաղաքականացումը։ Ստացվում է, որ իշխանությունը նախընտրում է կեսքայլ կատարել, որը բացարձակապես չի տեղավորվում համաներման իմաստի, հայտարարվող նպատակադրումների համատեքստում։

Հարց չորրորդ

Մյուս կողմից` հարց է առաջանում. որքանո՞վ էր նպատակահարմար երկրում հանցագործությունների աճի պայմաններում գնալ այնպիսի քայլի, որի արդյունքում ազատություն են ստանալու իրական քրեական հանցագործները։ Որքանո՞վ էին հաշվարկված դրա հետեւանքները, որքանո՞վ է իշխանությունը երաշխավորված, որ այս միջոցառման արդյունքում հանցագործությունները ոչ թե կնվազեն, այլ ավելի կաճեն։ Այս հարցերի վերաբերյալ այդպես էլ որեւէ հիմնավորում, բացատրություն չներկայացվեց։ Այս չպարզաբանված հարցադրումները հանգեցնում են «հետհամաներումային» իրողությունների հետ կապված, թերեւս, ամենակարեւոր հարցադրմանը՝ ինչ-որ տեղ ենթատեքստում պարունակելով նաեւ դրա պատասխանը։

Հարց հինգերորդ

Արդյո՞ք հայտարարված համաներումը կծառայի իր հիմնական նպատակին, այսինքն` կնպաստի քաղաքական-հասարակական լարվածության թոթափմանը, երկրում հանդուրժողականության եւ երկխոսության մթնոլորտի ձեւավորմանը։ «Ես կարծում եմ, որ ընդհանրապես համաներում բառը մի քանի պատճառներով կիրառելի չէ նման դեպքերում։ Առաջին՝ հանցագործներն իրավունք չունեն ներել կամ համաներել իրենց հանցագործության զոհ դարձած մարդկանց։ Երկրորդ՝ լինելով ոչ լեգիտիմ նախագահ՝ Սերժ Սարգսյանը նման իրավասություն չունի։ Այս երկու պատճառներով սա չենք կոչում համաներում։ Սա ընդամենը իշխանությունների կողմից կատարված գործողություն է քաղբանտարկյալների արձակման ուղղությամբ։ Կարծում ենք, որ իշխանությունների գործողությունները չեն հետապնդում ազգային հաշտեցման մթնոլորտ ստեղծելու, ընդհանրապես քաղաքական մթնոլորտի լիցքաթափման նպատակ։ Ավելին՝ այսպես կիսատ-պռատ գործողությունները միայն խորացնում են առճակատումը»,- ԱԺ կողմից համաներման առաջարկությունը վավերացնելուց հետո հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Չնայած բերված փաստարկների թուլությանը՝ նման մեկնաբանությունը լիովին բացահայտում է համաներման նշանակության եւ հետեւանքների վերաբերյալ ընդդիմության մոտեցումները։ Այսինքն՝ այս համաներումը որեւէ դրական տեղաշարժ չի առաջացնելու քաղաքական-հասարակական երկխոսության սկսման առումով։ Ըստ էության, վերոնշյալ հարցադրումների առկայությունն ինքնին դրա ուղղակի վկայությունն են։ Սակայն, այստեղ պատճառը միայն իշխանության կողմից իրականացված «կիսատ-պռատ գործողությունները» չեն, ինչպես ներկայացնում է Լեւոն Զուրաբյանը։ Այլ նաեւ՝ դրան չգնալու ընդդիմության տրամադրվածությունը, քաղաքական կեցվածքը։ Մինչեւ հիմա ՀԱԿ-ի հիմնական պահանջը եղել է քաղբանտարկյալներին ազատ արձակելը, որը իշխանություններին նեկայացվում էր իբրեւ երկխոսության նախապայման։ Ուշադրություն դարձնենք՝ նրանք խոսում էին ոչ թե համաներում իրականացնելու, այլ այդ մարդկանց ազատ արձակելու մասին։ Հետեւաբար, ՀԱԿ-ի համար էականը պետք է լիներ ոչ թե համաներում իրականացնելու օրինականության հարցը, այլ ազատ արձակման՝ անկախ դրա իրականացման ձեւից ու միջոցներից։ Եվ հիմա ընդդիմությունն ընդամենը մեկ հարցի պատասխան պետք է տա. պատրա՞ստ է այս իրավիճակում, արդեն համաներման իրողության պայմաններում, երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնել։ Վստահաբար կարելի է պատասխանել, որ պատասխանը լինելու է «ոչ»` երկու հիմնական պատճառով։ Նախ՝ որովհետեւ նման պատրաստակամություն հայտնելը նշանակելու է խաչ քաշել համաներումից հետո անազատության մեջ գտնվող յուրայինների վրա, ըստ էության` դավաճանել այդ մարդկանց։ Եվ այս տեսանկյունից է, որ իշխանությունը բավարար չափով ռացիոնալ մոտեցում չցուցաբերեց։ Երկրորդ` եթե անգամ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեին, ապա ՀԱԿ-ը, գուցե կրկին նույն կեցվածքը ցուցաբերեր, որովհետեւ դա նշանակելու էր սեփական կապիտուլյացիայի ճանաչում եւ հետագա պայքարից հրաժարում։ Խնդիրն այն է, որ այդ դեպքում ՀԱԿ-ն ուղղակի լեգիտիմացնելու էր նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, ներկայիս իշխանությանը, ինչը բացարձակ չի մտնում նրա ծրագրերի մեջ։ Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից հունիսի 12-ին ներկայացված համագործակցության 12 կետանոց պլատֆորմում վերջին երկու գործողությունները կամ պայմանները վերաբերում էին Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն հասնելուն։ Պատրա՞ստ է այսօր արմատական ընդդիմությունը հրաժարվել այս նպատակադրումներից...ակնհայտորեն՝ ոչ։ Հետեւաբար, համաներումը ոչ թե համահասարակական առողջացման խնդիր է լուծելու, այլ ընդամենը որոշ կասկածելի դիվիդենտներ է տալու իշխանությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter