Համաներումը գնդակը փոխանցեց ընդդմության դաշտ
Համաներում հայտարարելու մասին հունիսի19-ին ընդունված որոշումը ոչ միայն հումանիստական, այլև քաղաքական կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որն իր լայն ընդգրկմամբ հիրավի աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ:

Ամենքի համար ակնհայտ է, որ համաներման անմիջական շարժառիթը 2007-2009 թթ. ծավալված ներքաղաքական պայքարի բարձրակետը դարձած «մարտի 1»-ի տխուր էջը շրջելու ցանկությունն է: Սա հարկավոր է բոլորին` իշխանությանը, ընդդիմությանը, երկրին, ժողովրդին:
Փոխադարձ անվստահության ու թշնամանքի էջը շրջելու և նորը բացելու այս համարձակ փորձը, անշուշտ, մեր քաղաքական ուժերը մեկնաբանում են` յուրաքանչյուրն իր նպատակներից ելնելով: Մինչդեռ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ հունիսի 19-ից հետո նրանք վերցնեն ու մոռանան 2008 թ. «մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունները: Հիշողությունը միշտ էլ անհրաժեշտ է սխալներն ու սայթաքումները բացառելու համար:
Այսինքն` մենք հիշում ենք անցյալը, որպեսզի ճիշտ ծրագրենք ապագան, ոչ թե փորձենք հետ շրջել պատմության անիվը:
Այսպիսով, Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշումը Հայաստանում համաներում հայտարարելու միջոցով հստակ գիծ է քաշում մեր պատմության որոշակի ժամանակահատվածի տակ: Եվ այսուհետ այդ գծի վրայից թռչելու ոմանց փորձերը բախվելու են «համաներում» գաղափարին, որը գոնե բարոյական հարթության վրա ջնջում է և «արդարացում», և «պատիժ» հասկացությունները:
Իշխանությունները կատարել են իրենց քայլը և «գնդակը փոխանցել են» ընդդիմության դաշտ, քանզի նրանք վերացրել են քաղաքական ուժերի լայն երկխոսության ճանապարհին նշմարվող արգելքները:
Ինչու են դեմ առաջնորդները
Ըստ Սամվել Նիկոյանի` «Տրամաբանական է, որ արմատական առաջնորդները դեմ են համաներմանը: Դեմ են, որ իրենց կոչերով անօրինական գործողություններ կատարած ու ազատությունից զրկված անձինք դուրս գան իրենց կախվածությունից և վերադառնան խաղաղ ու ինքնուրույն կյանքի: Դեմ են, քանի որ կորցնում են իրենց ազդեցության տակ եղած հասարակական խմբերին և զրկվում նոր շահարկումներ ձեռնարկելու հնարավորությունից:
Սակայն եթե զրուցեք համաներմամբ ընտանիք ու իր աշխատանքին վերադարձածների հետ, կհամոզվեք, որ հազարավոր այս անձանց կարծիքն ու ցանկությունները ոչ մի կերպ չեն համընկնում արմատական լիդերների հավակնություններին ու նկրտումներին»:
Չէիր, չէիր, չէիր ուզում...
Այսօր, երբ քաղբանտարկյալների զգալի մասն ազատության մեջ է, արժե, թերևս, վերլուծել այն քաղաքական պրոցեսը, որի արդյունքում իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստիպված եղավ գնալ նման քայլի, այսինքն` ազատել քաղբանտարկյալներին: Սա, մեծ հաշվով, Հայ ազգային կոնգրեսի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաղթանակն է և ըստ էության` անհերքելի ապացույց է իշխանության թուլության ու խոցելիության:
Համաներում կոչվածը, իրոք, կարող էր դառնալ իշխանության ուժեղության և համոզվածության խորհրդանիշ: Բայց որպեսզի նման բան տեղի ունենար, այդ համաներումը պետք է իրականություն դառնար ճիշտ ժամանակին և ճիշտ շեշտադրումներով: Սերժ Սարգսյանը, սակայն, կոպիտ սխալ թույլ տվեց` մարտի 1-ի շրջանում հարուցված խայտառակ գործերին դատավարական ընթացք տալով:
Այսպիսով, իշխանության ներկայացուցիչները փորձեցին լուծել իրենց անհատական անձեռնմխելիության հարցը: Հաշվարկը հետևյալն էր. դատական վճիռներով հիմնավորել, որ 2008թ-ի մարտի 1-ին, իրոք, եղել է իշխանության բռնազավթման փորձ, կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, և ուրեմն` իշխանություններն այդ օրվա և հետագա իրենց գործողությունների զոհերի համար ենթակա չեն քրեական պատասխանատվության:
Այդ դատավարություններն ու դատավճիռներն ինչ-որ տեղ պետք է ծառայեին նաև գործեր վարած քննիչների, դատախազների, ոստիկանների հետագա քրեական պատասխանատվության հարցը փակելու:
Տեսության մեջ սա, իհարկե, ճիշտ մոտեցում է: Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը ոչ միայն չկարողացավ դատավարություններն իրեն ցանկալի հունով տանել, այլև դրանք դարձան նորանոր բացահայտումների թատերաբեմ, բացահայտումներ, որոնք ընդամենն ապացուցում էին ապացուցվածը` Հայաստանի իշխանությունների գործած բազմաթիվ ու բազմապիսի հանցանքների մասին:
Իսկ ընդհանրապես, իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվում էր` արևմուտքին համոզելով, թե այդ քայլը կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով, որ կարող է լինել քաղաքացիական պատերազմ և այլն, և այսպես շարունակ:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությանը զրկեց այս փաստարկից` համաժողովրդական շարժումը տանելով «սահմանադրական պայքարի» հունով: Սա, թերևս, այն առանցքային քայլն էր, որ իշխանությանը, ի վերջ, փակուղու առաջ կանգնեցրեց, և իշխանությունը ստիպված էր համաներում հայտարարել, ընդ որում` համաներում հայտարարել այնպես և այնպիսի ժամանակում, որ անգամ թույլ հասկացողների համար ակնհայտ դառնա, որ սա ճարահատյալ քայլ է, որ իշխանությունը շատ կցնականար չանել այդ քայլը, բայց ստիպված է անել:
Սրանում առանցքային դեր խաղաց նաև քաղբանտարկյալների անկոտրուն կամքն ու միասնականությունը, սկզբունքնայնությունն ու նվիրվածությունն արժեքներին: Իհարկե, այս պատմությունը դեռ չի ավարտվել և նոր միայն սկսվում է: Ճիշտ է` քաղբանտարկյալների մի մեծ մասը դեռ շարունակում է մնալ անազատության մեջ, մի մասը դեռ ընդհատակում է, բայց պայքարը շարունակվելու է նոր թափով, և սա, թերևս, ամենակարևորն է: Մնացածը լուծվող, տեխնիկական հարցեր են:
Շարունակելու ենք մնալ մոնիտորինգի տակ
Երեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, որտեղ չորեքշաբթի օրը քննարկվելու է նաև Հայաստանի վերաբերյալ ընդունված 1643 բանաձևի պահանջների կատարման հարցը: Երեկ ԵԽ ԽՎ նիստից առաջ տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարվել է նաև Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկվար Դավիթ Հարությունյանը Մոնիտորինգի նիստից հետո հայտարարել է, թե համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլումբիեի ընդհանուր գնահատականը ԵԽ ԽՎ պահանջների կատարման վերաբերյալ «ՀՀ-ում իրականցվող գործընթացների շուրջ դրական է, ուստի որևէ պատժամիջոց չի կիրառվի ՀՀ-ի նկատմամբ»:
Չնայած սրան, ըստ Դ. Հարությունյանի` Հայաստանը շարունակելու է մնալ մոնիտորինգի տակ: Իսկ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով, Մոնիտորինգի նիստում իրավիճակն էականորեն փոխել է հայտարարված համաներումը:
«Համաներումը փաստաթղթի տրամաբանությունը շուռ է տվել»,-ասել է նա: Ի դեպ, չորեքշաբթի օրը ԵԽ ԽՎ նիստի ժամանակ ելույթ է ունենալու նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Ստրասբուրգ մեկնեկու է այսօր: Մինչ Հայաստանի վերաբերյալ հարցի քննարկումը, նա հանդիպելու է ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա Դե Պուչին:
Ընդամենը տեղեկացնում են
«Եվրախորհրդի հետ աշխատելու մեր տարբերւթյունն իշխանություններից նրանում է, որ իշխանությունն անում է լոբբինգ, իսկ ցանկացած ՀԱԿ-ի ներկայացուցիչ, այդ թվում` Արման Գրիգորյանը, տեղեկություններ ենք ներկայացնում, մեր կարծիքով` իրականության մասին: Եվրախորհրդում ես ավելի շատ լոբբինգի հնարավորություն ունեմ, քան Հովիկ Աբրահամյանը: Ես ունեմ անձնական կապեր, գիտեմ, թե դա ինչպես է իրականացվում և այլն, բայց ես երբեք այս թեմայով լոբբինգ չեմ անի»,-երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ Հովհաննես Իգիթյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է անելու կամ ասելու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստին հրավիրված ՀԱԿ-ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
Տեսեք, թե ովքեր են ՀՀԿ ավագանիները
ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մեջբերել է ՀՀԿ ընտրացուցակով Երևանի ավագանու անդամ դարձած Լևոն Իգիթյանի հետևյալ խոսքերը. «Ես դեմոկրատիա չեմ սիրում, չեմ հավատում: Այդ դեմոկրատիայի շնորհիվ երկու տղամարդ գնում են եկեղեցի, պսակվում են, երբ շուրջը լիքը գեղեցիկ կանայք կան, տղամարդը տղամարդու տեղաշոր է մտնում, դա է դեմոկրատիան»:
Առաջարկել է լսել նրա նաև այս պնդումը` «Գագիկ Բեգլարյանը, պարզ ասած` դմբուզ ունեցող տղա է: Մեր իրականությունն այդ տեսակ մարդ է պահանջում, ուժեղ տղա, ես հարգում եմ ուժ ունեցող տղամարդկանց»:
ՀՅԴ-ն եւ Սերժ Սարգսյանը` միասին
Հրանտ Մարգարյանի որդու հարսանիքի արարողությանը մեկ շաբաթ առաջ ներկա է եղել ողջ իշխանական վերնախավը: Ներկաներից մեկը պատմեց, որ հարսանիքն անցել է ջերմ մթնոլորտում, և բոլորն արձանագրել են, որ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ պարագլուխների միջև եղած տարաձայնությունների մասին լուրերը հորինված են: Հարսանիքի վերջում Սերժ Սագսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և էլի մի քանիսը իրենց կանանց թողել են հարսանյաց սրահում և գնացել կազինո` «Կլեոպատրա» կազինոյի VIP սրահը:
Ազմիովի կանխատեսումը
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ ասել է, թե կանխատեսում է ԼՂՀ հարցով Բարաք Օբամա-Դմիտրի Մեդվեդև երկխոսություն: Ազիմովի կանխատեսմամբ, Սպիտակ տան և Կրեմլի ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ նախագահներն անպայման կանդրադառնան ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը: Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, թե Մեդվեդևն ու Օբաման ԼՂՀ հակամարտության մեջ դրական ձեռքբերումների հասնելու համար շատ լավ հնարավորություններ ունեն: Եթե նման բան իրոք տեղի ունենա, հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցում կարելի է բեկում ակնկալել:
Ջրային պրոցեդուրաներ
Ըստ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորի`իրենք այս տարի ստիպված են եղել բարձրացնել ուսման վարձավճարները, որովհետև կոմունալ ծախսերն ավելացել են. ՀՊՃՀ-ն, բանից պարզվում է, ամսական 5.5 մլն դրամի էլեկտրաէներգիա և 23 մլն դրամի ջուր է օգտագործում:
«ՉԻ» - Իհարկե, եթե գները բարձրացնելու ցանկություն կա, պատճառներ միշտ էլ կարելի է գտնել: Բայց ներկայացված թվերը, համաձայնեք, տպավորիչ են: Ստացվում է, որ ՀՊՃՀ (նախկին Պոլիտեխնիկ) յուրաքանչյուր ուսանող օրական միջին հաշվով մոտ կես տոննա ջուր է օգտագործում: Պատկերացրի՞ք վիճակը: Եվ սա` այն դեպքում, երբ (որքան մեզ հայտնի է) այս բուհի ոչ բոլոր լսարաններում լողասենյակներ և ցնցուղներ կան (թեև այդքան ջուրը բավարար է, որ յուրաքանչյուր ուսանող ամեն դասամիջոցի լոգանք ընդունի): Այնպես որ, այստեղ կա երկու տարբերակ. կամ հարգարժան պրոռեկտորն ամեն դեպքում փոքր-ինչ չափազանցնում է ցուցանիշները (ինչը պնդելու որևէ հիմք չունենք), կամ էլ Պելիտեխնիկի ծորակներից ոչ թե սովորական ջուր է հոսում, այլ առանվազն «Նարզան»: Իսկ դրա համար հաստատ արժե բարձրացնել ուսման վարձավճարները:
Թեհրանի հայ համայնքը զգոնությամբ հետևում է իրադարձություններին
Այս մասին ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Նա նշել է, որ հայ համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցել հետընտրական զարգացումներին և վիրավորվածների կամ ձերբակալվածների թվում հայզագիներ չկան: Միայն մեկ շաբաթ առաջ սխալմամբ ձերբակալվել է մի հայ երիտասարդ, որն արդեն հայ պատգամավորի ջանքերի շնորհիվ ազատ է արձակվել:
«Թեհրանահայ համայնքին հորդորում ենք մնալ խաղաղ, գործել որպես օրինապահ քաղաքացիներ, իրացնել քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»,-նշել է Սրբազանը:
Հայապատկան խանութներն ու հիմնարկները Թեհրանում գործում են բնականոն:
Համաշխարհային տնտեսությունը կնվազի 2.9, Հայաստանինը` 6 տոկոսով
Համաձայն Համաշխարհային բանկի նոր կանխատեսման
Համաձայն ՀԲ-ի հրապարակած զեկույցի` համաշխարհային տնտեսության անկումը 2009թ-ին ավելի խորը կլինի, քան կանխատեսվում էր նախկինում, մասնավորապես, նոր զեկույցում ՀԲ-ն կանխատեսում է, որ համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ն) անկումը կկազմի 2.9 տոկոս, այլ ոչ թե 1.7 տոկոս:
Ըստ ՀԲ-ի` աշխարհը մտնում է ավելի դանդաղ տնտեսական աճի փուլ: Զարգացած երկրների համար ՀԲ-ն նմանապես կանխատեսում է ավելի մեծ տնտեսական անկում: Ւսկ 2010-ին կանխատեսում է համաշխարհային տնտեսության զարգացման 2 տոկոս աճ, զարգացող երկրների համար` 4 տոկոս աճ, իսկ 2011-ին` 5.7 տոկոս աճ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարեկան տնտեսական անկումը կկազմի 6 տոկոս, նախկինում կանխատեսված 5 տոկոսի փոխարեն: 2010-ին Հայաստանի ՀՆԱ-ն, ՀԲ-ի կանխատեսմամբ, կնվազի 2 տոկոսով, իսկ 2011-ին` կաճի 1 տոկոսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել