HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Դաշնակցությունը հրապարակեց տնտեսական վերլուծությունների փաստաթուղթ

ՀՅԴ-ն այսօր ներկայացրեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով ուսումնասիրությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ աշխատանքը քաղաքական ենթատեքստ չունի եւ այսօր այն կփոխանցվի Կառավարություն` վարչապետին: Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Լոքյանը ներկայացրեց փաստաթուղթը. «Աշխատանքի նպատակն է բացահայտել եւ որակել սահմանի վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները եւ սահմանել դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշման նախընտրելի ուղիները»: Ներկայացվել են երկու երկրների տնտեսության հիմնական հատվածներն ու դրանց համեմատությունը, տրվել են եզրակացություններ եւ առաջարկություններ: Ներմուծումների վրա ազդող հանգամանք է այն, որ Թուրքիայի մաքսատուրքերի առավելագույն դրույքաչափերի ամրագրման ցածր  մակարդակը հնարավորություն է տալիս  կամայականորեն փոփոխել չամրագրված դրույքաչափերը: Գործող մաքսատուրքի դրույքաչափերի պարզ միջինը կազմում է 10 %, (Հայաստանում` 2.9 %), առավելագույնը` 225 % : Անհավասար պայմաններով առեւտրից  խուսափելու համար առաջարկվեց Թուրքիայի հետ բանակցել ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ եւ պահանջել Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP+): Թուրքիայի մաքսային ընթացակարգերը արդիականացվել են եւ բոլոր գործարքների 99.9 %-ը կատարվում է էլեկտրոնային ձեւով. «Ներմուծման մաքսային կետով անցումը տեւում է առավելագույնը 24 ժամ անկախ տրանսպորտի տեսակից»,-նշեց Լոքյանը: Հայաստանում ներմուծումների եւ արտահանումների տարբերությունը, որպես ՀՆԱ-ի մաս, մոտ երեք անգամ ավելի մեծ է, քան Թուրքիայում: «Իրադրության բարդացման դեպքում կարող են սահմանափակվել ներմուծումները»,-հավելեց Դ. Լոքյանը: Արտահանումը խթանելու համար Թուրքիայում ստեղծվել եւ գործում է արտահանման ֆինանսավորում իրականացնող Էքսիմբանկը: Դրա նպատակներն են թուրքական  արտահանումների ծավալի ավելացումը, արտահանման համար նոր շուկաների ձեւավորումը, թուրքական արտահանողներին, ներդրողներին եւ արտասահմանյան գործընկերներին աջակցության ցուցաբերումը: Դ. Լոքյանը առաջարկեց, որպեսզի ստեղծվելիք Համահայկական բանկը եւս նման գործառույթներ որդեգրի: Թուրքիան ունի լավ ձեւավորված հակագնագցման համակարգ, ինչը նախատեսում է ոչ  շուկայական տնտեսություններից ներմուծումների առավել  բարդ ու ոչ բարենպաստ կանոններ եւ պետական մարմնի սեփական նախաձեռնությամբ դիտարկումներ. «Պետք է Թուրքիայի հետ բանակցման ժամանակ քննարկել եւ համաձայնել համատեղ խորհուրդ ստեղծելու շուրջ, որը հետագայում  կհանդիպի ընթացքում առաջացած բոլոր խնդիրների արագ քննարկման համար»,-առաջարկում է ՀՅԴ-ն: Թուրքիայում գոյություն ունեն 20 ազատ գոտիներ, որտեղ գործող կազմակերպությունները ազատվում են մաքսատուրքերից, կորպորատիվ հարկից, եկամտահարկից եւ ավելացված արժեքի հարկից: Սահմանված արտոնությունները կարող են բավականին էժան դարձնել այդ կազմակերպությունների կողմից թողարկվող արտադրանքը, ինչը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար` այդ գոտիներից դեպի Հայաստան  էժան ապրանքների մեծ հոսքերի դեպքում. «Մյուս կողմից, Հայաստանի համար լավ  հնարավորություն կարելի է համարել այդ գոտիներում արտադրվող  ապրանքները, որոնք չեն արտադրվում Հայաստանում»,-նշեց Լոքյանը: ՀՅԴ-ն գտնում է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացումից եւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Թուրքիայում հայկական դիվանագիտությանը կից պետք է ստեղծել առեւտրական ներկայացուցչություն: Առաջարկվում է նաեւ վերանայել Հայաստանում պետական աջակցության ամբողջ համակարգը: Գյուղատնտեսության ոլորտում եւս Թուրքիան ունի առավելություններ` գյուղատնտեսության աջակցության առավելագույն չափը 2 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում, ֆերմերներին տրվում է եկամտային աջակցություն` մոտ 90 ԱՄՆ դոլար մեկ հեկտարի դիմաց, մեկանգամյա դրամաշնորհներ են տրամադրվում չափազանց բարձր առաջարկ ունեցող կուլտուրաներից այլ կուլտուրաների մշակման անցնող ֆերմերներին: Հեռահաղորդակցության ոլորտից` Թուրքիան ունի ինտերնետային կապի զարգացած միջավայր, ծառայություններն էժան են, ինչը կարող է խթան հանդիսանալ Հայաստանում ինտերնետային ցանցի զարգացմանը, գների կտրուկ իջեցմանը: Սակայն զբոսաշրջության ոլորտում հնարավոր են Հայաստանում հանգստացողների թվի նվազեցումներ, քանի որ Թուրքիայում գները ավելի գրավիչ են: Ամփոփելով` Դավիթ Լոքյանը նշեց, որ Հայաստանը պետք է ձեւավորի հայ-թուրքական սահմանի վերաբացման իր դիրքորոշումը, մշակի բարեփոխումների  համապատասխան փաթեթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter