HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Փաստաթուղթը գնահատում են քննարկման մասնակիցները

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները» վերնագրով ՀՅԴ-ի փաստաթղթի քննարկմանը այսօր հրավիրված էին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ: «Միայն նշված հարցերով չէ, որ սահմանափակվում է տնտեսական դաշտի կարգավորումը, այստեղ կարեւոր խնդիր  եմ տեսնում նաեւ հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքը, արդյոք մեր պետությունը պաշտպանված է ոչ օրինական ազդեցություններից` հաշվի առնելով տնտեսությունում գործող մոնոպոլ համակարգը եւ կոռուպցիան»,-«Հետքին» ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ եթե ուսումնասիրությանը գումարեն նաեւ այդ դիտարկումները, ապա գնահատականը ավելի որոշակի կլինի: ԲՀԿ-ական Վարդան  Բոստանջյանը փաստաթուղթը որակեց որպես համալիր աշխատանք. «Ըստ էության` աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես պետք է երկիրը պահել: Դրա համար էլ բարեփոխումներ են պետք, որոնց մասին ասաց Լոքյանը»: Բոստանջյանը, սակայն, մտածում է, թե ով պետք է դրանք իրագործի, ինչ ժամկետներում եւ ինչպես. «Ես ոչ թե վատատես եմ, այլ առաջիկայում չեմ տեսնում այդպիսի կամք, որպեսզի ձեռնամուխ լինենք նշված խոցելի պահերի վերացմանը»: ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը կարծում է, որ կատարված աշխատանքը գովասանքի է արժանի. «Ցանկացած աշխատանք կօգնի մեզ ավելի պատրաստ մոտենալու սահմանի բացմանը»: Մինասյանը նշեց, որ Դ. Լոքյանի ներկայացրած փաստաթուղթը զուտ տնտեսական է եւ քաղաքական որեւէ հանգամանք չի նկատել: «Պոլիտէկոնոմիա» հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ զեկույցը որոշակի առումով լրացնում է առկա բացը. «Սակայն նման քննարկումները ժամանակավրեպ են կամ դուրս են հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստից, քանի որ նման հարաբերությունները Թուրքիան պայմանավորում է Ղարաբաղի նախապայմանով: Եթե այդ պահանջները կան, չի կարող հաստատվել տնտեսական նորմալ հարաբերություններ, քանի որ Թուրքիայի համար հայաստանյան շուկա վերցնելը այնքան կարեւոր չէ, ինչքան Հայաստանի համար»: Թեւանյանը նշեց, որ, ունենալով ասիմետրիկ հարաբերություններ, չենք կարող պարզունակ մոտեցում ցուցաբերել եւ ասել` սահմանը բացենք. «Տնտեսական առումով մեր օրենսդրությունը բարեփոխենք-չփոխենք` նշանակություն չունի, մինչեւ Հայաստանում չփոխենք խաղի կանոնները, որոնք մենաշնորհային կամ օլիգարխիկ-կլանային բնույթի են: Մեր պետությունը լուրջ վտանգի կենթարկվի, քանի որ տնտեսությունը անձերի վրա է հիմնված, որոնք սերտաճած են իշխանության հետ: Եթե չունենք խաղի կանոններ, մենք չենք կարող դիմակայել թուրքական էքսպանսիային»: Բանաձեւը, որը առաջարկում է Թեւանյանը, հետեւյալն է. «Հայաստանի տնտեսական հարաբերությունները շուկայականացման առումով պետք է դնենք ավելի բարձր մակարդակի վրա, քան Թուրքիան: Այսինքն` եթե մենք մակարդակով բարձր չենք, զիջելու ենք: Նաեւ թե ընդդիմադիր, թե իշխանական թեւերում մոտեցում կա, որ եթե չբացենք սահմանը, չենք զարգանա: Թուրքիայում էլ կարծիք են կազմում, որ եթե սահմանը չբացեն, սովից կմեռնեն Հայաստանում, ուստի առաջ են քաշում լուրջ նախապայմաններ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter